Ավիշների մեջ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Օրը)

Վարդան Հակոբյան

Հայաստանը
ՕՐԸ


Զրնգում է մաքուր օդը
        ջրվեժի պես
գարնանային,
ճանապարհը ինքնազգացման
անդրադարձն է խորացնում
ծառերի մեջ։
Իմ կեցվածքից դուրս եմ գալիս,
կանգնում ազատ,
անզիջում եւ... չեմ հասկանում՝
ո՞վ էր տվել այս կեցվածքն ինձ։
Առուն այնպես պարզ է գնում -
համակ լույս է, անկեղծություն,
վտակվում է
հազարաթեւ -
ասես ծառ է շյուղարձակող,
սնվում է իմ արմատներով։
Թռչունները մեր ձորերի
խորությունն են փառաբանում՝
ճռվողյունով
չթարգմանվող,
եւ երկինք են նետվում միայն
ամուր ու պինդ իմ թեւերով։
Շուրջս զարթնած լեռներն ահա,
մի այնպիսի զուլալությամբ,
հայացքով են
չափում խորքս,
որ ետ գնում քսան տարով
ու ամպերին իմ մանկության
«Թուխպը, թուխպը... ետ դառ» երգով
չեմ թողնում Մեծ սարը ելնեն։
Մի արահետ պտույտ գալիս,
անմեռ ու հին մի հուշ որպես,
ու շան նման՝
մանկությանս խաղը հսկող,
կծկվում է ոտքերիս մոտ։
Թե բաց անեմ կծիկը ես,
իր մեջ կառնի մեր հանդերը,
ձորերն ամեն,
որոնցով ես գեղեցիկ եմ
անասելի,
մեծ ու անմահ։
Եվ դարավոր ընկուզենին
գիրկընդխառն,
զույգ ընկույզով
իմ թափառուն անցումների
վերջակետն է դնում ասես։
Գումարվում եմ իմ աշխարհին,
ծաղիկ-ծաղիկ բաժանվում ձեզ։
Իմ ձեռքերը «պատ չեն գալիս»
երազներիս երկարությամբ,
ես գրկում եմ
ծառի բունը
ու շշնջում անհուն բառեր։
Զրնգում է մաքուր օդը
        ջրվեժի պես։
Խոսք չենք գտնում ես ու ճամփան։
Ու հալում եմ օրս կամաց
քայլահոլով հավերժի մեջ,
ձուլում եմ երգ,
ձուլում արեւ,
ձուլում սեր...