Օրորոցի երգ


Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին[1],
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչքերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ[2], թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով[3] տըղիս բե՛ր անուշ քունը․
Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր․
Բայց նա լալիս է․ կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար[4] դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։


Տողատակեր

խմբագրել
  1. մերի (գվռ․)- անտառ, մայրի
  2. աբեղաձագ- արտույտների ընտանիքին պատկանող երգեցիկ թռչուն, կատարավոր արտույտ
  3. վու-վու - աղավնիների ձայնը
  4. սովդաքար (գվռ․)- վաճառական, առևտրական

Արտաքին հղումներ

խմբագրել