Ֆաթման և Ասադը
ՖԱԹՄԱՆ ԵՎ ԱՍԱԴԸ
Պատկեր
I
Շահարի-Շիրվանի ցերեկվա հեղձուցիչ տոթից թմրած կյանքն իրիկնադեմին կենդանություն էր ստացել։ Բազարում սիրում էր անասելի աղմուկ։ Մրգավաճառները, կանաչեղեն և կաթ ու պանիր ծախողները, ձայն ձայնի տված, արևելյան զարդարուն խոսքերով գովաբանում էին իրենց ապրանքը։ Վաճառականների և արհեստավորների խանութները փակվում էին, հայ ու թուրք վերադառնում էին տուն։
Հեռվում ղողանջում էին քրիստոնեական եկեղեցիների զանգերը, իսկ Ջումա-մասճիթի մինարեթի գագաթից մոլլա Խալիլի ազանի[1] սուր ելևէջները քարասիրտ մուսուլմանի սիրտն անգամ բորբոքում էին աստվածային հրով։ Բարեպաշտն երբ խորին ջերմեռանգությամբ սալավաթ[2] էին քաշում իրենց երեսին, նամազ[3] էին անում և, մասճիթների ավազանների մոտ կկզած, դեաստամազ[4] էին անում։ Ամենքը փառաբանում էին էին մեն մի ալլահին և նրա մեն մի մարգարեին:
Մռայլ և անտարբեր էր նույն ժամին մի երիտասարդ անցորդ։ Եվ նրա մռայլությունը չէր նմանվում ոչ տաժանակյաց մուրացկանի թշվառությանը, ոչ նավը խորտակված վաճառականի թախծությանը և ոչ հինգ նամազից մեկն էլ չկատարած մուսուլմանի անձկությանը։
Նա անցնում էր միջին բազարով, բարձրանում էր դեպի քաղաքի Իմամլու կոչված թաղը։ Ոչ ոք և ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը։ Եվ նրա ուղղափառ մուսուլմանական զգացումները չէին վրդովվում երևելի դարվիշ Ահադի դեմ, որ, հայերին շողոքորթելու համար, իր ոգևորիչ ձայնով երգում էր.
«Հիսուսն իջավ վայր — երկնքից, նա լուր բերեց — այն աշխարհից... (Իսա գյալդի — սամավաթտան, խաբար վերդի — գիամաթտան)...
Երիտասարդը գնում էր մոլոր քայլերով, գլուխը կրծքին թեքած և աջ ձեռը խրած մեջքի արծաթյա գոտիի մեջ։ Կասես նա անբախտ Մյաջնունն էր, որ իր հոր տունը թողած, դիմում էր Արաբիայի ամայի և հրակեզ դաշտերը, երգելով իր սերը Քեյբին։ Նա նման էր և՜ մեծ մարգարեի սիրեցյալ Քեյբին, որ երևակայության օվկիանոսը խորասուզված, հորինում էր մինն այն դրախտային երգերից, որոնցով արաբ շահիրը[5] ախորժանք էր նվիրում մարգարեից մարգարեի սրբազան լսելիքին։
Անցավ նա բազարը, անցավ Իմամլուի կեսը և, ծռվելով մի նեղ փողոցք կանգ առեց մի կիսավեր տան առջև: Փողոցում մարդ չկար, միայն հեռվում խաղում էին մի խումբ երեխաներ և մի ոտաբոբիկ, կիսամերկ մարդ հավաքում էր բաղնիսի պատերից քաշ արած ճերմակեղենը:
Նա հանեց աջ ձեռքը գոտիի միջից, ուղղեց ուղտագույն չուխայի և մահուդյա մեխակագույն կարճ արխալուղի լայն փեշերը, շփեց նորաբույս, սևաթույր ընչացքր։ Դա մի հսկայատիպ տղամարդ էր։ Շիրվանի հայտնի տղամարդկանցից մեկը, հայտնի իր առնական դեմքով, իր բարձր հասակով, իր վայելուչ կազմվածքով, իր անվեհեր սրտով։ Մի խոսքով, դա սարի-թորփաղցի Ասադն էր։ Ձեռներր չուխայի տակ մեջքին դրածք նա երկար ժամանակ մտիկ էր անում դեմուդեմ, դեպի մի փոքրիկ նորաշեն տան մուգ-մոխրագույն դռները։ Նրա մերթ ընդ մերթ հառաչելը, կրակոտ աչքերի արտասովոր փայլն և անհամբեր շարժումները ցույց էին տալիս, որ նա մեկին սպասում է։
Հանկարծ նրա տխրամած դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ։ Մուգ-մոխրագույն դռներից մեկը հանդարտ բացվեց, երևաց մի երիտասարդ կնոջ գլուխ, ծածկած մետաքսյա ճութխիով (գլխնոց) և ճակատը զարդարած տաճկական ոսկիների շարքով։
Ասադը թռավ առաջ, մոտեցավ նորաշեն տանը։
Մարդ շատ նուրբ լսելիք պիտի ունենար, որ կարողանար ըմբռնել երիտասարդ կնոջ շշնջյունը։ Այնքան թույլ էր նա, երկչոտ և կցկտուր:
Եվ Ասադի լսելիքն ուներ այդ նրբությունը, ուներ լոկ այդ վարդագույն շրթունքների համար, որ սփռում էին դեպի նա երկնային երջանկության բուրմունքը։ Նա կանգնած էր մուգ-մոխրագույն դռներից հինգ քայլաչափ հեռու, մեջքը տված պատին՝ պատահական անցորդի անհամեստ հայացքից աննկատելի մնալու համար։
Ի՞նչ էին շշնջում նրանք, գիտե միայն նա, որ քննում է մահկանացուների սիրտն և որի համար գաղտնիք չկա։ Իսկ մենք մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, եթե ասենք, թե շշնջյունը տևեց հինգ րոպեից ավելի։
Մուգ-մոխրագույն դռները կրկին փակվեցին, և տաճկական ոսկիներով զարդարված գլուխն անհայտացավ, տանելով իր հետ Ասադի խորին հառաչանքը։ Նա դարձյալ մնաց միայնակ։ Այժմ նրա դեմքն այլայլված է, աչքերն արյունի հոսանքից կարմրած, իսկ առնական լայն կուրծքը հորդոր շնչառությունից ուժգին բաբախում է։
— Ամենակարող աստված, տո՛ւր ինձ համբերություն,— արտասանեց նա ինքն իրեն։
Եվ այս խոսքերը չկարողացան թափանցել ամուր փակված դռներից ներս։
Նա դարձյալ սպասում էր, բայց, ավա՛ղ, մուգ-մոխրագույն դռները հետզհետե մթնանում էին և ոչ բացվում։ Նա, քաղցած գայլի պես, քթի տակ խուլ մռնչալով, ամայի փողոցում շրջում էր ետ ու առաջ։
Մութը թանձրանում էր, կապտագույն երկնքում փայլում էին պայծառ աստղերը, տիրում էր թախծայի լռություն, բազարը խաղաղվել էր։
Հեռվից լսվեց քայլերի ձայն, փողոցի անկյունում երևաց մի մթին պատկեր։ Ասադը շարունակ անցուդարձ էր անում:
Պատկերը փողոցի մեջտեղով դանդաղությամբ շարժվում էր առաջ։ Ասադը չէր լսում նրա ոտների ձայնը։ Պատկերը բոլորովին մոտեցավ։ Նույն վայրկյանին, երբ Ասադը ետ դարձավ, նրա ծխախոտի կրակի աղոտ ճառագայթը լուսավորեց... միջահասակ, գեր մարմնով, կարճ և հինացած միրուքով մի մարդու։ Մարդը, Ասադին ճանաչելով, զայրացավ և տեղն ու տեղը մնաց բևեռված։
Ո՞վ էր նա...
II
Յոթն անգամ լուսինը շրջան էր գործել այն օրից, երբ Ասադի աչքը կպավ իմամլուցի մոլլա Ղանիի աղջկան, Ֆաթմային։ Առաջին անգամ նա տեսել էր նրան Սարի-Թորփաղ թաղում։ Ֆաթման հյուր էր իր Բադի անունով քրոջ մոտ, որ սարի-թորփաղցի Խալիլ աղայի կինն էր։
Նույն պահին, երբ Ֆաթման իր քրոջ տան բակում առանց շալի նստած էր, Ասադն իրանց տան կտրում աղավնի էր թռցնում։ Նա տեսավ Ֆաթմային, և իսկույն նրա սիրտը կրակ ընկավ։
Եվ ո՞ր պարսիկը անտարբեր կմնար, եթե մի վայրկյան տեսներ Ֆաթմային — նրա սաթի պես սև աչքերը, կամարակապ ունքերը, ճակատի կոլորիկ խաղը, երկայն թերթերունքները, կարմիր թշերը, սպիտակ, լիք-լիք կոկորդը, մանավանդ բարակ ղանաուզ շապկի տակ թաքնված այն երկու նռները, որ շախ-շախ դողդողում էին, երբ Ֆաթման սիգաճեմ քայլում էր։
Այդ օրից սկսած Ասադը գիշեր ու ցերեկ տանջում էր իր մորը, որ սա անպատճառ հարսնախոս գնա Ֆաթմայի մոր մոտ։ Պառավ Նուրջըհանը մի անգամ փորձեց Բագիմի մոտ ակնարկություն անել, բայց մի այնպիսի պատասխան ստացավ, որ ստիպվեց այլևս չխոսել այդ մասին։
Ֆաթման գեղեցիկ էր և բավական հարուստ. շատ բեկեր ու հաջիներ կկամենային նրան կին ունենալ։ Բայց, իբրև վճռված բան, խոսում էին Հաջի-Ալեաքպարի մասին։ Հաջին Իմամլու թագի ամենաառաջին մարդն էր։ Իսկ ո՞վ էր Ասադը։— Մի հասարակ արծաթագործ...
Բայց նա չհուսահատվեց։ Հաջի-Ալեաքպարի երեք ահագին քարվանսարաների և մեծ անվան դեմ միայն մի զենք ուներ — իր առնական գեղեցկությունն և քաջասրտությունը։ Եվ նա վճռեց այդ զենքի բոլոր ուժով մրցել Հաջիի հետ։
Մի անգամ Ֆաթման դարձյալ իր քրոջ տանն էր։ Ասադը դարանամուտ եղավ իրենց տան կտրում և այնտեղից աչքունքով սկսեց նետեր արձակել գեղեցկուհու սրտին։ Ֆաթման լսել էր նրա անունը, գիտեր, որ նա գեղեցիկ տղամարդ է, քաջասիրտ է և Սարի-Թորփաղի երիտասարդների պարագլուխը — ջահիլբաշին — է։ Ֆաթման տեսավ Ասադին, ծիծաղեց, կարմրեց և փախավ ու մտավ տուն։
Դա բարեգուշակ նշան էր, Ասադի հույսերն ամրացան։ Բորբոքված սրտով նա շատ անգամ, երբ Ֆաթման երկար միջոց յուր քրոջ տանը չէր երևում, գալիս էր Իմամլու թաղը։ Գալիս էր՝ գեթ հեռվից տեսնելու իր սիրածին, որ գիշերը կարողանա խաղաղ քնել։ Բայց այդ նրան հաջողվում էր ոչ ամեն անգամ, միշտ փողոցը դատարկ չէր լինում և միշտ Ֆաթման — անզգույշ, որ իր գլուխը դռներից դուրս հանի։
Հաջի-Ալեաքպարը Ֆաթմայի և Ասադի այս գաղտնի և առայժմ անմեղ հարաբերությունն իմացավ, մի անգամ էլ ինքն իր աչքով տեսավ Ասադին իրիկնադեմին Ֆաթմայի տան դռների դեմուդեմ։
Նա երդվեց Ասադի հիմար այցելություններին վերջ տալ: Եվ ահա իրիկնային մթան մեջ պատահմամբ երկու ախոյանները կանգնած էին դեմ հանդիման։
— Քե՜աֆր,— արտասանեց Հաջի-Ալեաքպարը, աջ ձեռը տանելով չուխայի տակ դեպի մեջքը։ Ասադը լուռ էր։ Եթե մի փոքր լույս լիներ, կարելի էր նկատել այն խորին արհամարհական հայացքը, որ նա ձգեց Հաջիի վրա։ Այնինչ Հաջին, ավելի ու ավելի մոտենալով, վերջապես, բոլորովին կտրեց նրա ճանապարհը։
— Սալեամ մեալիքըմ[6],— ասաց Ասադը, զսպելով իր հուզմունքը։
Առանց նրա ողջույնին «ալիքիմի սալեամ» պատասխանելու, Հաջին մի քանի քայլ հետ դրեց և խրոխտ ձայնով արտասանեց.
— Վկա է աստված, ես քեզ ճանապարհ չեմ տալ, մինչև չես երդվիլ այսուհետև ոտ չդնել այս փողոցները։
Ասադը հեգնորեն ծիծաղեց։
— Երդվի՛ր, քյա՜ֆր,— կրկնեց Հաջին,— այնուհետև ճանապարհը բաց է, և դու մի անառակ քած։
— Հաջի,— պատասխանեց Ասադը հանդարտ ձայնով,— Ասադն իր կյանքում արյուն չի թափել, չի էլ ուզում թափել։
— Արյո՜ւն,— գոչեց Հաջին կատաղած,— դու ի՛նչ մարդ ես, որ արյուն թափես։ Ի սեր աստծո, նայեցե՛ք,— շարունակեց նա, երեսը մի կողմ դարձնելով, չնայելով, որ փողոցում բացի երկու հակառակորդներից ոչ ոք չկար,— սարի-թորփաղցի մի լկտի երեխա հանդգնում է Հաջի-Ալեաքպարի ձեռքից աղջիկ խլել: էյ, ինքն ալլահն իմ ձեռքից մոլլա Ղանիի աղջըկան առնել չի կարող, իսկ քեզ պես... շները...
Ասադի արյունը գլխովը տվեց: Բայց նա տակավին ուժ ունեցավ զսպելու իր կատաղությունն և ասաց.
— Ֆաթման նրան կգնա, ում սիրում է։
— Հա, հա, հա, Ֆաթման սիրում է արծաթագործ Աստղին, հա, հա, հա...
— Աստծուն է հայտնի... բավական է, Հաջի, երկուսն արդեն ունիս բավական է, ագահությունը տուն է քանդում, Հաջի։
— Քառասուն կնիկ էլ ունենամ, էլի չեմ թողնիլ, որ Ֆաթմային քեզ նման լրբերը տանեն։
Ասադի համբերությունը հատավ: Այլևս նա անկարող էր տանել իր հակառակորդի անվայել հիշոցները։ — Հարա՛մ լինի քո գլխին հաջիությունդ, աննամուս,— գոչեց նա կատաղած։
— Ձայնդ կախի՛ր, քյաֆր... քեռ...
Վերջին բառը չավարտած, Հաջի-Ալեաքպարը մի քայլ ևս ետ դրեց և չուխայի տակից արագությամբ մի ինչ-որ սև բան հանեց։ Ասադը մթան մեջ նշմարեց նրա չարագուշակ շարժումը։ Նա հարձակվեց Հաջիի վրա, բռնեց նրա թևերից և այնպես սաստիկ հրեց, որ նա, տասը քայլ հեռու մղվելով, թավալվեց գետնին։ Մինչ նրա ուշքի գալը, մինչ «օգնեցե՛ք, օգնեցե՛ք» գոռալով բարձրանալը, Ասադը վերցրեց գետնից ատրճանակը, ձգեց դիմացի տան կտուրը և, քայլերն ուղղելով դեպի վերև, անհայտացավ խավարի մեջ։
III
Դարձյալ երեկո էր, դարձյալ մոլեգինները ազան էին տալիս և քրիստոնյաների զանգերը հրավիրում էին աստծո տունը հավատացյալներին։ Քաղաքի արևմտյան կողմից փչում էր մի հով զեփյուռ։ Եվ որքան դուր եկան լիներ այդ զեփյուռը, կարծես, նա գաբրիստաններից[7], մեռելների այդ մռայլ աշխարհից, հիշեցնում էր մահու սոսկալի ձայնը.
«Մի՛ հպարտանար, ո՛վ ինսան[8], վասն զի քո վերջին ապաստարանը այստեղ է»։
Իսկ ինսանը հպարտանում էր, իմամլուցիները — նամանավանդ։
Հաջի-Ալեաքպարի բարձրաշեն տան առջև խմբվել էին թվով մոտ տասը պարագլուխ — երիտասարդներ։ Մեջտեղ կանգնած էր ինքը Հաջին, ուսերին ձգած դեղնագույն մետաքսյա աբան և ձեռին բռնած մի երկայն կարմրակեղև չիբուխ։ Երիտասարդները, ձեռները գոտիների վրա դրած, խորին պատկառանքով լսում էին Հաջիի հետևյալ տրամաբանությունը.
— Ամեն մի մարդ յուր թաղի պատվի նախանձախնդիրը պիտի լինի։ Մենք, իմամլուցիներս, մեր պապերի պապերից սկսած, հպարտ և պատվախնդիր ենք եղել, այժմ նամանավանդ պիտի լինենք։ Հայտնի է աստծուն, որ արյունս երակներիս մեջ բորբոքվում է, երբ հիշում եմ այն քյաֆրի տղա քյաֆրի այս փողոցներն այցելելը։ Թքեցեք Հաջի-Քյարիմի որդի Հաջի-Ալեաքպարի երեսին, որ նա այն երեկո լրբի փորը ծխով չլցրեց։ Բայց ի՞նչ անեմ, անիրավը նապաստակի նման փախավ ձեռքիցս։ Ես, բարկացած, ատրճանակս ձգեցի կտուրը։ Վերջապես, անցածն անցել է, «ետևից արձակողը գարշապարին կխփե», ասում է առածը։ Այժմ պատիվը ձերն է, սարի-թորփաղցի տղա մի մեկը հանդգնում է ձեր թաղի անունը խայտառակել, ձեր պարտքն է նրա ոտը կտրել այստեղից։ Վալլա՛հ, բիլլահ, Հաջի չլինեի, այս րոպեիս, մետաքսյա աբաս դեն ձգելով, մի փայտ վերցնելով, մեն միայնակ կգնայի ամբողջ Սարի-Թորփաղի դեմ։ Բայց ամոթ էք ձեզ պես երիտասարդները կանգնած, ինձ չպիտի թողնեք, որ միրուքս անպատվեն։ Ճշմարի՞տ եմ ասում։
— Այո, այո՜, Հաջի, ինչ ասել կուզի, որ իստակ ճշմարիտ եք հրամայում,— ասաց խորոված ծախող Հեյբաթը, որի մի աչքը դուրս էր եկել Մահառռամի կռվի ժամանակ։
— Լսո՞ւմ եք, ջահիլներ, ամոթ մեր շիր ու շնորհքին,— մեջ բերեց Մեյթինք Իմամլուի ամենալավ փայտ խփողներից մեկը։
Թռչնորս Ասկյարը, որ երևելի քար գցող էր և երկու մարդու աչք էր հանել, մեկի էլ ոտը գոսացրել, ասաց, թե հետաձգելը երկչոտություն է, թե հենց այսօր իսկ պիտի թաղակռրվ սկսել Սարի-Թորփաղի հետ։ Այս միտքը բոլորն ընդունեցին։ Բայց Հաջին չէր շտապում. նա, պարագլուխ երիտասարդներին մեկ-մեկ ծխախոտ նվիրելով, ասաց.
— Մի՛ վռազեք, բոլորովին մի վռազեք, այսօր չլինի — վաղը լինի, զանազանություն չունի։ Բայց մի բան կալ
— Հրամայեցե՛ք, Հաջիք հրամայեցե՛ք,— ասացին միաբերան բոլոր պարագլուխները, ձեռները կրծքներին դրած, գլուխ տալով նորին հաջիության։
— Դիցուք հենց հիմա թաղակռիվ է,— շարունակեց Հաջին, չիբուխը բերնից հանելով և միրուքը շփելով,— իմ կարծիքով մեր կռիվը մի կոպեկի արժեք չի ունենալ, եթե այղ կռվից անվնաս դուրս կգա ինքը, սկզբնապատճառը։
— Ասա՞դը,— հարցրին միաբերան բոլորը։
— Այո՛, Ասադը,— պատասխանեց Հաջին,— երդվում եմ Ալիի սուրբ անունով, որ ձեր սրբազան պարտքն է նրան ոչնչացնել, ինչպես լինի, ոչնչացնել։ Հեյբա՛թ, նախ և առաջ փայտդ նրա գլուխը պիտի ջարդ ու փշուր անի։ Ասկյա՛ր, քար ձգելիս, նշանակ պիտի վերցնես նրան, նույնպես և ձեզանից յուրաքանչյուրը։ Լսո՞ւմ եք։
— Բա՛ր չեշմա, բա՛ր չեշմա (աչքիս վրա),— ասացին ամենը մի առ մի, ձեռները դնելով իրենց աչքերի վրա և գլուխ տալով Հաջիին։
— Կեցցե՛ք, ջահիլներ, կեցցե՛ք, դուք իսկական տղամարդիկ եք,— հավանեց Հաջին գոհ սրտով։— Հիմա շնորհ արեք գնանք մեր տուն չայ խմելու։ Այնտեղ մենք կխորհրդակցենք կռվի մասին։
Պարագլուխները ամաչելով, քաշքշվելով, միմյանց երեսին նայելով, հետևեցին Հաջի-Ալեաքպարին և մտան նրա տունը։
IV
Առավոտ էր։ Սարի-թորփաղցի ինը-մատնանի Մահմուդը, իր խանութի առջև կանգնած, Շիրազի պիսակավոր մորթուց կարած մի գդակ էր թրջում և ճիպոտով ծեծում։ Այդ միջոցին իմամլուցի գդակ կարող Մեյթին դիտմամբ անցավ նրա առջևով։ Մահմուդն անգիտակցաբար մի քանի կաթիլ ջուր սրսկեց նրա վրա: Մեյթին կանգնեց և բերանից բաց թողեց մի շատ անվայել հիշոց։ Մահմուդը ներողություն խնդրեց։ Մեյթին, որ երեկոյան Հաջի-Ալեաքպարին և իր ընկերներին խոսք էր տվել կռվի առիթ տալու, մի ավելի սուր հիշոց արտասանեց Մահմուդի երեսին։ Մահմուդը նամուսով մարդ էր, Մեյթիին պատասխանեց ըստ կարգին և փոխարենը վերջինից ստացավ մի պինդ ապտակ։
Իմամլուցիները պատրաստ էին, մի վայրկյանում թափվեցին Մահմուդի վրա: Մյուս կողմից եկան մի քանի սարի-թորֆաղցիներ և սկսվեց մի թեթև կռիվ։ Իսկույն գդակ կարողների խանութները փակվեցին: Ծեծված, ջարդ ու փշուր եղած սարի-թորփաղցիները շտապեցին իրենց թաղը։ Ճանպարհին նրանք անցքը պատմեցին արծաթագործ Ասադին, որ կռվի սկզբնապատճառն էր:
Ասադը կռվելու տրամադրություն չուներ, բայց պարագլուխ էր, պարտավոր էր միջամտել յուր ընկերների վիրավորված պատիվը վերականգնելու համար։
Կայծակի արագությամբ ամբողջ բազարում լուր տարածվեց, թե քաղաքի Իմամլու և Սարի-Թորփաղ թաղերը ոտքի են կանգնել միմյանց դեմ, տեղի պիտի ունենա կատաղի կռիվ։ Ոչ միայն կռվող թաղերի բնակիչները, այլև շատերը մյուս թաղերից կողպեցին իրենց խանութները եթե ոչ կռվին, գոնե հանդեսին մասնակցելու համար։ Դա շամախեցիների հնավանդ սովորությունն է։
Հաջի-Ալեաքպարը, մեծ փողոցի անկյունում կանգնած, խրախուսում էր երիտասարդներին, որոնց թվումն էր և՛ Ֆաթմայի եղբայր Հաջիմը։ Նախ, իրենց չուխաները հանած և թևերի վրա իբրև վահան փաթաթած, երկու կողմերից ասպարեզ մտան պատանիները։ Շատ չանցած՝ մեջ մտան մեծերը, և թաղակռիվը սկսվեց։
Քաղաքի միջին շերտը ծածկվեց խուռն ամբոխով։ Ներկա էին և՛ քրիստոնյաները․ հեռվում հավաքված կամ բարձր կտուրների վրա կանգնած, նրանք ականատես էին, թե ինչպես երկու արյունակից և կրոնակից համայնքներ աշխատում են միմյանց արյունը թափել։
Կռիվը տեղի ուներ միջին, ամենաընդարձակ փողոցում։ Հազարավոր քարեր երկու կողմից տեղում էին կռվողների գլխին։ Բոլորը զինված էին երկայն փայտերով, բայց «փայտակռիվը» դեռ չի սկսվել, որովհետև ախոյանները տակավին հեռու էին միմյանցից։ Կոտրատվող ապակիների զրնգոցը, ոտների տրոփյունը, կանանց և մանուկների ճիչը, ջահիլների վայրենի աղաղակները քանի գնում սաստկանում էին և ահռելի դառնում։
Մի քանի պոլիցիականներ միջամտեցին, որ կռվողներին բաժանեն, բայց, փայտի մի քանի հարվածներ ստանալով, ետ մղվեցան և փախան, մտան հանդիսականների մեջ։ Անզոր անցավ և աղսախկալների (ծերունիների) խրատն ու սպառնալիքը։
Թռչնորս Ասկյարն իր գնդակի նման արձակած քարերով արդեն երկուսի կուռը թոզացրել էր և փայտը ձեռից գցել։
Խորոված ծախող Հեյբաթը կատաղի գոռում էր, փայտը զարկելով գետնին, չուխա-վահանը բարձրացնելով և վեր ու վար թռչկոտելով։
Հանկարծ Իմամլուն թնդաց, գդակ կարող Մեյթին, Շիբավի փափախը աչքերին քաշելով, կարկտի պես թափվող քարերի տակ վազեց առաջ։ Նրան հետևեցին Հեյբաթն ու Ֆաթմայի եղբայր Հաշիմը։ Հակառակ կողմից, ավելի կատաղի գոռալով, վազեց ընդառաջ գդակ կարող Մահմուդը, որ Մեյթիից ապտակ էր ստացել։
Փայտի կռիվը սկսվեց։
Օդի մեջ ֆռֆռում էր մի կարմիր աստառով չուխա: Ամենի հայացքները հառված էին նրա վրա, ամենի ուշադրության կենտրոնը նա էր։ Նա գոռում էր առյուծի պես, և նրա ձայնի դղրդոցը տարածվում էր հեռու ու հեռու։
Իմամլուն գրոհ տվեց, Սարի-Թորփաղը ետ մղվեց։ Ընկան մի քանի վիրավորվածներ։ Կանանց ճիչը սաստկացավ. մայրերը ողբում էին, հայրերը անիծում իրենց փուչ զավակներին։ Թիֆա՜ն էր։
Եվ այս բոլորն ինչո՞ւ։— Մի աղջկա համար։ Բայց ո՞ւր էր նա, ի՞նչ էր անում այդ սարսափելի րոպեին։
Ահմադ աղայի բաղնիսի կտրում հավաքված էին մի խումբ կանայք և, գմբեթների հետևում կուչ եկած, դիտում էին կռիվը։ Ամենից առաջ, կտուրի ծայրում, աներկյուղ, համարձակ կանգնած էր Ֆաթման, այո՛, ինքը Ֆաթման: Ախ, լավ է, որ մայրերը չգիտեին, թե նա է կռվի բուն պատճառը, եթե ոչ պատառ-պատառ կանեին նրան իրենց սիրեցյալ որդիների համար։ Աշխատում էին Ֆաթմային հետ քաշել, չէին կարողանում։ Եվ ո՞վ կարող էր, քանի-որ անհաղթելի գոյությամբ Նրա ուշք ու միտքը, հոգին ու միտքը բևեռված էին մի կետի վրա... կարմիր չուխան։
Ահա ամենը փախան, ասպարեզ բացվեց և մենմենակ մնաց կարմիր չուխան։ Իմամլուցիները սրընթալով վազեցին դեպի նա, ամենից առաջ Հեյբաթը, Մեյթին ու Հաշիմը։ Արդյոք, կփաչի՞ կարմիր չուխան, թե՞ կդիմանա միայնակ այդ կատաղած ամբոխին, արդյոք, Հաշիմը կենդանի դուրս կգա՞ այդ կռվից։ Ինչո՞ւ Ֆաթմայի եղբայրն էլ է մասնակցում. եթե նա չլիներ, այն ժամանակ թող բոլոր իմամլուցիները կոտորվեին և մատաղ դառնային կարմիր չուխայի մի մազին։
Մինչ գեղեցիկ Ֆաթման տանջվում էր այս մտքերից, կռիվը սաստկանում էր ու սաստկանում: Սարի-թորփաղցիները, օգնություն ստանալով, հարյուրավոր բազմությամբ վազում էին առաջ։ Հեյբաթը, Մեյթին և Հաշիմը շրջապատեցին կարմիր չուխային։ Ֆաթման ակամա ճչաց, րոպեն վտանգավոր էր։ Նա տեսնում էր, թե ինչպես իր եղբայրը, Հաշիմը փայտի հարվածներ է տալիս կարմիր չուխայավորի գլխին։ Մյուս կողմից խփում էին Հեյբաթն և Մեյթին։ Ֆաթման նկատեց, որ կարմիր չուխան ուշադրություն չի դարձնում Հաշիմի վրա և միայն պատասխանում է մյուս երկու ախոյանների հարվածներին։ Անշուշտ նա խնայում է Հաշիմին։ Ֆաթմայի սիրտը թրթռաց, այսպիսի վեհանձնություն միայն Ասադը կարող է ունենալ, ուրիշ ոչ ոք։
Մեյթիի ձեռից փայտը վայր ընկավ, և նա ինքը փռվեց Ասադի ոտնեիի տակ. նույն վիճակին արժանացավ և՛ Հեյբաթը։ Կեցցե՜ կարմիր չուխան։ Նույն վայրկյանին Ասադի ճակատում փայլեց մի կարմիր գիծ, որ, վայր իջնելով, արագ-արագ ծածկեց նրա ամբողջ երեսն ու կուրծքը։ Դա թռչնորս Ասկյարի քարի հետքն էր։ Ֆաթմայի ոտները թուլացան։ Բայց ահա Ասադը, մի քիչ տատանվելուց հետո, գրպանից հանեց մի սպիտակ բան, փաթաթեց ճակատին և արյունաշաղախ երեսով, ավելի կատաղի զորությամբ թռավ առաջ։
Իմամլուն փախավ։ Ֆաթման բնազդմամբ հետ նայեց. բաղնիսի կտուրը դատարկվել էր, կանայք փախել էին։ Նա մտիկ արեց ներքև, սարի-թորփաղցիները մոտենում էին ու մոտենում։ Ասադի փայտը որին դիպչում էր՝ նա թավալվում էր գետին։ Հանկարծ նա չքացավ։ Ֆաթմայի աչքերը մթնեցին. սպանեցի՞ն, արդյոք, նրան։ Նա բարձր ձայնով օգնություն կանչեց և նստեց կտուրի ծայրում։ Մի քանի մարդիկ փողոցից մի երկայն սանդուղք դրեցին բաղնիսի պատին։ Ֆաթման տեսավ, որ ներքևից Հաջի֊Ալեաքպարի ծառաներր բարձրանում են վերև։ Նրանք արդեն հասել էին սանդուղքի ծայրին և աղաչում էին Ֆաթմային, որ մոտենա, բայց նույն վայրկյանին սանդուղքը նրանց ոտների տակ դողաց և ճռճռալով ընկավ փողոց, իր հետ տանելով Հաջիի ծառաներին։
Այդ պահին Ֆաթման զգաց, որ հետևից երկու ձեռներ գրկեցին իրան։ Ինչպես հանկարծակի որսված մի ճնճղուկ, նա մի վայրկյան ճիգն արեց դուրս պրծնելու երկաթե ունելիքի պես ամուր սեղմած ձեռներից։ Սակայն ուժերը դավաճանեցին նրան, և նա, թուլացած, անձնատուր եղավ անհայտ ձեռների զորությանը...
V
Եթե ոչ ոստիկանությունն և աղսախկալները, գոնե բնությունը կարողացավ կռիվը ընդհատել։ Վրա հասավ իրիկնային մութը, ջահիլների կատաղությունը չիջավ։ Փոքր առ փոքր կռվին անմասնակից հանդիսականների բազմությունը ցրվեց, կռվողները հոգնած, ջարդուփշուր եղած, հետ քաշվեցին։
Հաղթող հանդիսացավ Սարի-Թորփաղը, բայց Իմամլուն պարծենում էր արծաթագործ Ասադի կռվի ասպարիզից անհայտանալու լուրով։ Երկու կողմից վիրավորվել էին քսանուհինգ մարդ, որոնցից երեքի դրությունն անհուսալի էր։
Ջահիլները խումբ-խումբ փողոցների անկյուններում հավաքված, միմյանց հաղորդում էին կռվի մանրամասնությունները։ Հաջի-Ալեաքպարին հավատացրին, թե արծաթագործ Ասադը սպանվել է կամ գոնե վիրավորվել։ Հաջին հրամայեց ջահիլներին շարբաթ բաժանել։
Մինչ նրանք խմում էին շաքարախառն ըմպելիքը, մոլլա-Ղանիի տնից լսվեց հուսահատ աղաղակների ձայն, և մի կին, մազերը փետելով, ոտաբաց, գվխաբաց վազեց փողոց.
Դա Ֆաթմայի մայրն էր։
— Մարդի՜կ, աղջիկս չկա, մարդի՜կ, աղջկաս փախցրել են,— գոռում էր խեղճ Զեյնաբը, ողբալով յուր գեղեցիկ դստեր կորուստը։
Այժմ միայն պարզվեց կռվի ասպարեզից Ասադի անհայտանալու պատճառը։ Ուրիշ ո՞վ կարող էր Ֆաթմային փախցնել, եթե ոչ նա։
Իմամլուցիների գլխին սառն ջուր մաղվեց, ամենքն ամոթից չիմացան ուր թաքցնեն իրենց գլուխը։
Իսկույն ջահիլների միջից քսանի չափ կամավորներ առաջ եկան, խոստացան անպատճառ գտնել Ֆաթմային և տուն բերել։ Բայց դրա համար նախ անհրաժեշտ էր մուտք ունենալ Սարի-Թորփաղ։
Մի քանի աղսախկալներ գնացին և թշնամի բանակի աղսախկալների հետ ժամանակավոր հաշտության դաշն կապեցին, որ հակառակորդները իրավունք ունենան անարգել անցնել միմյանց փողոցները։
Մեծ պետությունների պատերազմն յուր կանոններն ունե, թուրքերի թաղակռիվն էլ ունե յուր կանոնները չգրված, այլ պապերից ավանդորեն հարգված և պահպանված։ Թշնամությունը, նրանց մեջ գործով երևան է գալիս միայն կռվի ասպարիզում, խաղաղության և զինադուլի ժամանակ հակառակորդները գեթ արտաքուստ հարգում են միմյանց։
Սակայն որոնող ջահիլները Ֆաթմային Ասադի տանը չգտան և ոչ էլ իրան, Ասադին։ Որտեղ էին նրանք — իմացողները չասացին, չիմացողները ուրախացան, լսելով իրանց պարագլխի նոր հերոսությունը։ Իմամլուցիների պատիվը պահանջում էր, ինչպես և իցե, այն գիշեր ևեթ գտնել Ֆաթմային։
— Ով ինձ սիրում է, թող հետևի ինձ,— գոչեց գունաթափված Հաշիմը։
Նա իսկույն վազեց տուն, իր ձին թամքեց, գցեց ուսովը հրացանը, կապեց մեջքին ատրճանակն ու խանչալը և դուրս եկավ։ Քսան կամավորներից նրան հետևեցին միայն տասնուչորսը։
— Ադա, դուք էլ գնացե՛ք,— հրամայեց Հաջի-Ալեաքպարը յուր երկու արաբ ծառաներին։
Սևամորթ խափշիկները ոստոստալով վազեցին տուն, մի-մի ահագին փայտ վերցրին՝ կոլորակ, գնդականման, բևեռոտ ծայրերով և մտան կամավորների շարքը։ Խումբը բաժանվեց երկու մասի. մեկին պիտի առաջնորդեր Հաշիմը, մյուսին ղումարբազ[9] Հասանը, Վերջինը քաղաքի բոլոր խուլ ու մթին անկյունները լավ ուսումնասիրած էր, քսան տարի շարունակ «երեք-վեդ» (ուչ-աշըղ) ասված խաղը խաղալով Շամախու բոլոր սրիկաների հետ։
Ամեն ինչ պատրաստ էր։ Ղումարբազ Հասանն իր խումբին առաջնորդեց քաղաքի դեպի ստորին մասը — Սարդարի այգու կողմը, իսկ Հաշիմը համոզված էր, որ Ասադը Ֆաթմային տարել է կամ խաների գմբեթաշեն շիրիմների կողմը, կամ թթենիների այգիները։
Ամբողջ գիշերը Իմամլու թաղում տիրում էր մի խուլ աղմուկ։ Շատերն անքուն նստեցին փողոցում, իրենց տան դռների առջև, որ տեսնեն՝ ջահիլների արշավանքն ինչ ելք կունենա։
Անքուն էր և Հաջի-Ալեաքպարը։ Եվ նրա անքնությունը միայն մի պատճառ ուներ, նրա պատիվը և անունը չարաչար վիրավորված էին. նա ամբողջ թաղի դժգոհության և խոզ տրտունջների առարկան էր դարձել։ Գործի էությունն ամենին հայտնվել էր, ամենը գիտեին, որ կռիվ հորդորողը նա է եղել և ինչից դրդված:
— Անե՛ծք քեզ, չար Սադայել, անե՛ծք քեղ, չար Սադայել։ Լահ իլլահ, իլլալլահ, Մահամմադի Ռասուլ Ալլահ,— կրկնում էր նա անդադար, հուզված անցուդարձ անելով իր տան պատշգամբի վրա։
Հաջիի ավագ կինը, Գյուլնիզարը, ամուսնուց թույլտվություն ստացած, գնացել էր յուր ծնողների մոտ գիշերելու, Նա սառնարյուն չէր կարող այդ գիշեր մի հարկի տակ մնալ այն՝ մարդու հետ, որ երկրորդը բավական չհամարելով, ուզում էր երրորդին ևս բերել և այն էլ այդպիսի խայտառակությամբ։
Կեսգիշերից անց լուր տարածվեց, թե Ֆաթմային գտել են և բերում են։ Արթունները քնածներին ևս արթնացրին, և ամենը, դուրս թափվելով, դիմեցին մոլլա Վանիի տան կողմը: Լուրը սուտ էր։ Վերադարձել էր ղումարբազ Հասանն յուր խմբով և պատմում էր, թե քաղաքի ստորին կիսի բոլոր անկյունները պտտել է, Ասադի և Ֆաթմայի հետքն էլ չկա:
Հաշիմի խումբը դեռ չէր վերադարձել։ Նրա մայրն ընկավ Հասանի ոտներին, աղերսեց, որ սա յուր խմբով օգնություն հասնի յուր որդուն: Ջահիլներից մի քանիսը, սաստիկ հոգնած լինելով, գնացին քնելու։ Նրանց փոխարեն դուրս եկան ուրիշ կամավորներ, և Հասանը ուղեկիցների մեկուկես անգամ ավելի թվով արշավեց վերին կողմը։
VI
Վաղուց Ասադի գլխում միտք էր ծագել Ֆաթմային փախցնելու, եթե խաղաղ միջոցով ձեռք բերելը չհաջողվեր: Անակնկալ կռիվը խորտակեց նրա վերջին հույսը. նա գիտեր, որ կռվից հետո այլևս անկարելի էր սպասել, որ Ֆաթմայի մայրն ու եղբայրն և մանավանդ Հաջի-Ալեաքպարը որևէ զիջողություն անեն։
Ուրեմն պետք էր դիմել ծայրահեղ միջոցի։ Հենց որ կռիվը սկսվեց, Ասադը թամքեց յուր նժույգն և վերցրեց երկփող հրացանը, ղարաբինա ատրճանակը և դաղստանցի Թեյմուրի շինած «յափունջի կիսող» խանչալը։ Այս բոլորը նա հանձնեց գիժ Բեանդալիին և, մի մանեթ բաշխելով, պատվիրեց, որ հեռվից հեռու հետևե նրան կռվի ժամանակ։
— Եթե հարցնող լինի, ոչինչ չպատասխանես, գիտե՞ս,— հրամայեց նա գիժ Բեանգալիին, որ իսկապես պատասխանելու ընդունակություն էլ չուներ։
Յուր հանդուգն մտադրությունը նա հայտնեց ամենամոտիկ ընկերներին և խնդրեց, որ օգնեն ձեռնարկությանը։
— Ուրախությամբ կյանքներս կտանք,— ասացին հավատարիմ ընկերները, գովելով Ասադի հերոսությունը։
— Դուք միայն կռվի ժամանակ,— պատվիրեց Ասադը,— աչք գցեցեք կտուրներին և Ֆաթմային ցույց տվեք ինձ։ Մնացյալն իմ գործն է։ Դուք խոմ ճանաչո՞ւմ եք, տեսել եք նրան քրոջ տունը գալիս։ Նա անպատճառ դրսում կլինի...
Այս պայմանագրությունից հետո Ասադը թռավ կռվի ասպարեզը Նա ինքն ամենից առաջ տեսավ Ֆաթմային։ Հենց որ սարի-թարփաղցիները գրոհ տվեցին, հենց որ Մեքթին ու Հեյբաթը հաղթվեցին, նա կռիվը տարած համարելով, վազեց Ահմադ աղայի բաղնիսի ետևը, գտավ ճանապարհն և բարձրացավ կտուր։ Նա հրեց և ձգեց մի կտուրից մյուս կտուր ընդդիմադրող բաղնիսպանին, վազեց և... գիտենք ինչ արավ։
Օրն արդեն մթնել էր, երբ Ասադը, յուր թանկագին կողոպուտը ձիու վրա դրած, հասավ սարի-թորփաղցի Հաջի-Բախիշի այգին:
Այգեպան քեալբլահի Աբդուլլան շատ չար ու բարի տեսած, կյանքի բովով անցած մի փորձառու ծերունի էր։ Նա ճանաչում էր Ասադին և միշտ տեսնելիս մտաբերում էր նրա հորը, որի հետ էր անցուցել յուր փոթորկալից երիտասարդությունը:
— Տղա, այդ ի՞նչ է,— հարցրեց նա զարմացած, տեսնելով Աստղին երեսն արյունոտ, գլուխը փաթաթած և գրկում մի անշնչացած աղջիկ բռնած։
Աստղը համառոտ պատմեց եղելությունը, հինավուրց «իգիթը» (թաջը) հրավիրեց նրան իջնել ձիուց ու յուր թանկագին կողոպուտի հետ թաքնվել նրա խրճիթում։
Մինչ այգեպանի ջուր բերելը, Ֆաթման ուշքի եկավ, սթափվեց, աչքերը բաց արեց և կրծքից արձակեց մի խորին հառաչանք։
— Ես եմ, Ֆաթմա, մի վախենար,— խրախուսեց Ասադը մեղմ և քնքուշ եղանակով, որքան թույլ էր տալիս նրա կոշտ ձայնը։
Ֆաթման սարսափած ոտքի կանգնեց և գզգզված մազերով գունաթափ, ձեռները գլխին խփելով, բացականչեց.
— Վա՛յ մայր, վա՛յ եղբայր...
Նա վազեց դեպի դուրս։ Ասադը հառաջեց նրան և ձեռներից բռնեց։
— Իզուր մի՛ տանջիր ինքդ քեզ. մայրդ էլ կենդանի է, եղբայրդ էլ, քույրերդ էլ:
— Ինչո՞ւ ես ինձ բերել այստեղ,— գոչեց Ֆաթման։
Ինշո՞ւ, միթե Ֆաթման չգիտե ինչու, մի՞թե կարծում էր, որ Ասադը թույլ կտար նրան ուրիշի կին դառնալու, մի՞թե... Ֆաթման փոքր առ փոքր հանգստացավ և սկսեց անխոս մնալ։ Իսկապես նրա հուսահատ աղաղակները կիսով չափ արվեստական էին։ Նա հոգով ուրախ էր կատարված անցքին նրա երևակայությունը վաղուց ստեղծել էր մի այդպիսի հերոսություն Ասադի կողմից, և նա ցանկանում էր իրագործված տեսնել յուր երևակայածը։ Միայն ծերունի այգեպանի նևրկայությունը դրդեց նրան մի փոքր աղմուկ բարձրացնել, որպեսզի պատկառելի քեալբլահին չկարծե, թե երիտասարդ մուսուլմանուհին զուրկ է ամոթխածությունից։
Այսպես է Շիրվանի թրքուհու բնավորությունը։
Այգեպանը նրանց համար ընթրիք պատրաստեց,— հաց, պանիր, վարունգ և կանաչեղեն։ Ամբողջ օրը թե՛ Ֆաթման և թե՛ Ասադը անոթի էին անցուցել, ուստի այգեպանի համեստ իրիկնահացը նրանց համար Օրուջ-բայրամի «կաթնով փլավից» համեղ էր։
Փոքրիկ խրճիթը լուսավորված էր հնադարյան չրաղի (ճրագի) աղոտ լուսով։ Ծերունի քեալբլահին աշխատում էր յուր հյուրերին զվարճացնել, պատմելով օրվա եղելությանը համանման դեպքեր յուր կյանքից։ Ասադը սփրթնած էր։ Գլխի վերքը սաստիկ ցավ էր պատճառում, բայց նա աշխատում էր զսպել իրան, թեև մեծ դժվարությամբ։
— Տղա՛, ինչո՞ւ շրթունքներդ դողդողում են,— հարցրեց այգեպանը,— չլինի վերքդ նեղացնում է քեզ։ Սպասի՛ր, սպասի՛ր, թաշկինակի տակից արյուն է հոսում։ Պետք է դեղ դնել, որ դադարի։
Այս ասելով, ծերունին իսկույն յուր հնամաշ արխալուղի աստառից մի կտոր պատռեց, վառեց ճրագի բոցի վրա և ձգեց գետնին։ Երբ կտորը բոլորովին այրվեց, նա սև մուրը հավաքեց, ստիպեց Ասադին բաց անել ճակատն և մուրը թաշկինակով կապեց վերքի վրա։
Արյունն արդարև դադարեց։
Այս գործողության ժամանակ Ֆաթման օգնում էր ծերունուն, անդադար պտտվելով վիրավորյալի շուրջը։
— Այժմ քնիր,— ասաց այգեպանը հայրական խնամքով,— ինչ վերաբերում է ապագային — վաղը կմտածենք: «Երեկոյան բարիքից առավոտյան չարիքը լավ է», ասում է մեր պապերի խոսքը։
Գիշերը խաղաղ էր, մուգ-կապտագույն երկնքում պայծառ փայլում էին աստղերը, հեռվից ժամանակ-ժամանակ լսվում էին քաղաքային գիշերապահների աղաղակները։ Նրանց ձայնակցում էին Սարի-Թորփաղի շները, դունչները դեպի երկինք բարձրացրած, աստղերի վրա պոռալով: Ծերունի այգեպանը, սնահավատությունից դրդված, վճռեց արթուն մնալ և ամբողջ գիշեր դրսից խրճիթը պահպանել. շների պոռալը վատ բան էր գուշակում։
Ֆաթման, շորերը հագին, Ասադի չուխայի մեջ փաթաթված, քնած էր խրճիթի մի անկյունում։
Մյուս անկյունում, այգեպանի անկողնում պառկած էր Ասադը: Մի ձեռը հենած հրացանի վրա, մյուս ձեռը գլխատակին գրած, նա ոչ քնած էր, ոչ արթուն, այլ մի տեսակ թմրած դրության մեջ էր: Նրա վերքը դարձյալ ցավում էր և ցավում էր ավելի սաստիկ: Բայց նա աշխատում էր ոչ հառաչել և ոչ տնքալ Ֆաթմային չզարթեցնելու համար: Նրա գլխում պտտվում էին ցերեկվա անցքերը։ Մերթ նա երևակայում էր իրան կռվի ասպարեզում, աջ ու ձախ շրջապատված թշնամիներից. անձրևի նման տեղացող քարերի տակ, մերթ բաղնիսի կտրում, Ֆաթմային՝ հափշտակելիս և մերթ ձիու վրա, յուր կողոպուտը գրկած, ապշած ամբոխի միջով արշավելիս։
Հետո նա սկսեց խորհել ներկայի և ապագայի մասին։ Ի՞նչ պիտի անե նա վաղը, այգեպանի խրճիթում երկար թաքնվել անկարելի է, անշուշտ իմամլուցիները հանգիստ չեն մնալու, անշուշտ նրանք ամեն ջանք գործ կդնեն Ֆաթմային գտնելու, որ Ասադի արյունի գնով իրենց թաղի պատիվը վերականգնեն։
Նա մտքում վճռեց լուսաբացին վերցնել Ֆաթմային, գնալ մոտակա թուրք գյուղերից մինը, այնտեղ մի մոլլա գտնել և քեաբին անել (պսակվել)։
Շուտով նրա ամբողջ մարմինը սկսեց դողալ։ Նրա ատամներն ակամա զարնվում էին միմյանց, նա ցուրտ էր զգում։ Ցուրտն անցավ, և նրա մարմնին տիրեց թմրեցուցիչ տաքություն։ Նրա միտքը պղտորվեց. նա քնեց կամ, ուղիղն ասած, սկսեց զառանցել։ Ահա Ֆաթման, գլխաբաց, ոտաբաց, ձի է նստում, Ասադին ես հրամայում է նստե; Նրանք արշավում են հեռու ու հեռու, անծանոթ տեղեր։ Մի ամայի դաշտում, գետնից երկայն և ձյունի պես ճերմակ միրուքով մի մարդ է դուրս գալիս, մոտենում է, յուր ձեռում բռնած մի կարճ, սև փայտով խփում է նրանց ուսին։ Ֆաթման և Ասադը մի ակնթարթում տեղափոխվում են մի փառաշեն տուն։ Այստեղ սկսվում է նրանց հարսանիքը։ Հյուրերը զվարճանում են, երաժիշտները նվագում են, պարիչները պարում են, ծառաները շարբաթ են բաժանում։
Այդ միջոցին ներս է մտնում մի ոստիկան, հետո երկրորդը, և բոլորը բարեկամ հյուրերը դառնում են թշնամի իմամլուցիներ։ Ֆաթմային հափշտակում են, Ասադի ոտներն ու ձեռները կապում են, երեսը դեպի հետ դնում են մի ավանակի վրա և երեսին մուր քսում։ Նրան տանում են Իմամլու։ Թշնամիները, շրջապատելով, քարեր են արձակում նրա վրա, ծաղրում են, շվացնում, թքում են երեսին։ Մոտենում է Ֆաթմայի եղբայր Հաշիմը, հետո գդակ կարող Մեյթին և մի քանի ապտակ են տալիս։ Օհ, սարսափելի անպատվություն, ա՛խ, եթե նրա ձեռները բաց լինեին, բոլորի պատասխանը կտար։ Բայց ահա ոստիկանապետը խփում է նրա ուսին մտրակով, խփում է մեկ, երկու, երեք անգամ...
Ասադն աչքերը բաց է անում...
VII
Խրճիթը տակավին մութն է, բայց դռներից երևում է, որ արևելքը շառագունել է։ Ծանրացած գլուխը մի կերպ բարձրացնելով, Ասադն իր դեմուդեմ տեսնում է մի մարդ։
— Ո՞վ ես դու,— հարցնում է նա։
— Շտապի՛ր, տղա, վե՛ր կաց, գալիս են,— պատասխանում է մի ծանոթ ձայն։
Ասադը ոտքի է թռչում հրացանը ձեռին, վազում է խրճիթի մյուս անկյունը և տեսնում է, որ Ֆաթման դեռ քնած է։
— Ո՞Վ է գալիս,— հարցնում է նա։ Ծերունի այգեպանը նրա ձեռից բռնում է և խրճիթի դռների մոտ տանում։ Առավոտյան աղոտ լուսով Ասադը հեռվում, այգու գրեթե մյուս ծայրում նկատում է ինչ-որ մարդիկ, լսում է ինչ-որ խուլ սպառնալիքներ։ Մարդիկ ավելի ու ավելի մոտենում են, ձայներն ավելի ու ավելի պարզ են լսվում։ Ահա ծառերի բների հետևից փոքր առ փոքր որոշվում են եկողների դեմքերը. մի մասը ձիավոր է, մյուս մասը հետևակ, բոլորն էլ թրքեր են և իմամլուցիներ։ Մեկը ոտով շտապում է ամենից առաջ։
Ասադը ճանաչում է Հաշիմին։
Մի ակնթարթում նա թռչում է ներս, հավաքում է մնացյալ զենքերն և, Ֆաթմային քնած թողնելով, դուրս է գալիս. խրճիթը կողպում է, թիկն է տալիս դռներին և կանգնած՝ սպասում է եկողներին։ Փախչել և Ֆաթմային փախցնել անկարելի է. թշնամիները մոտիկ են, պետք է պաշտպանվել։ Բայց ո՞ր մեկի դեմ պաշտպանվել, նրանք մոտ տասնուհինգ հոգի են, իսկ Ասադը միայն մի ծերունի օգնական ունի, որի միակ զենքը հիսնամյա ժանգոտված խանչալն է։ Փույթ չէ, թող գա, ոչ ոք չի կարող Ասադի ձեռքից Ֆաթմային խլել, քանի նրա շունչը բերանումն է։
Վերջապես, իմամլուցին երբ դուրս եկան ծառերի հետևից և կանգ առեցին, խրճիթի դեմուդեմ կիսաշրջան կազմելով։ Հաշիվն արագությամբ հանեց ուսովը գցած հրացանը և, նշանակ դնելով Ասադի կուրծքը, գոչեց։
— Անշա՛րժ կաց:
Նրա օրինակին հետևեցին ղումարբաղ Հասանը, ինըմատնանի Սեյֆուլլան, շեկ Հեյդարը, սև Բաղիրը, քոռ Միթալլիմը և մի քանի ուրիշներ։ Եվ Ասադն յուր դեմուդեմ տեսավ տասնից ավելի սև խողովակներ, որոնց մթին, մահաբեր ծակերը նայում էին ահռելի կերպով, ինչպես տարտարոսից վռնդված դևերի աչքեր։
Ծերունի այգեպանը վազեց առաջ, սկսեց կատաղած իմամլուցիներին խրատել, հաշտության հրավիրել, բացատրելով, միևնույն ժամանակ, թե տղամարդություն չէ մեկի դեմ քսան հոգով դուրս գալը։ Մեկը մի քար ձգեց նրա վրա և հայհոյելով ասաց, որ չխառնվի գործին։
— Հեռո՜ւ, քեաֆթառ շուն,— գոչեց շիլ Նուրուլլան,— եթե ոչ — հոգիդ սատանայի բաժին կդարձնեմ։
Ծերունին ետ քաշվեց, ափսոսալով, որ ձեռին հրացան չունի, եթե ոչ ցույց կտար հանդուգն «երեխաներին», թե ով է քեալբլահի Աբդուլլան:
Հաշիմը պահանջում էր, որ Ասադն իր ձեռքով Ֆաթմային խրճիթից դուրս բերի և հանձնի նրան։ Ասադը սկզբում փորձեց ազդել նրա խելքի, սրտի և մուսուլմանական զգացմունքների վրա։ Նա հիշեցրեց կրոնի միությունն և Ղուրանի պատգամները, որ արգելում են ուղղափառին՝ ուղղափառի արյուն թափել։ Բայց Հաշիմը ոչինչ չէր ուզում լսել։ Նա մի բերան պահանջում էր, որ Ասադը կամավ վերադարձնե նրա քրոջը։
— Իսկ եթե չտա՞մ,— գոչեց Ասադը, վերջապես հուսահատված։
— Դիակդ ոտնատակ անելով կանցնեմ և կվերցնեմ,— պատասխանեց Հաշիմը վճռողաբար։
Այս ասելիս հրացանը նրա ձեռին դողաց։
Այգեպանը հորդորում էր Ասադին խնայել յուր երիտասարդ կյանքն և Ֆաթմային կամով հանձնել եղբորը։ Ասադը չէր լսում նրան։ Ճակատը թաշկինակով փաթաթած, երեսն արյունի չորացած կաթիլներով, կուրծքը կիսով չափ բաց, մի ձեռր հրացանին կրթնած, մյուսը կողքին հենած, մեջքը խրճիթի դռներին թեքած, նա կանգնած էր միևնույն տեղ և, կարծես, սպասում էր վերջին վճռական րոպեին։ Նրա աչքերը կարմրած էին, գլուխը ծանրացել էր, ոտներն ու ձեռներր դողում էին սաստիկ տաքությունից։
— Էյ անխիղճ, խնայի՛ր ինքդ քեզ, ափսոս է քո երիտասարդությունը,— գոչեց իմամլուցիներից մեկը, որ, ակամա հիացած հանդուգն սարի-թորփաղցու առնական գեղեցկությունից, չկարողացավ զսպել յուր ներքին ձայնը։
— Նրա ի՞նչն է ափսոսալի, ադա՛, լեցրո՛ւ շան բերանը ծխով,— ընդհատեց նրա խոսքը մի խռպոտ ձայն։
Իսկույն ինը-մատնանի Սեյֆուլլայի հրացանը պայթեց։ Գնդակը, դռների ճեղքից փչող աշնանային քամու պես, վզզալով անցավ Ասադի գլխի վրայով և մտավ խրճիթի հետևի թթենիներից մեկի բունի մեջ: Իմամլուցին դրանով կամենում էր համառ սաթի-թորփաղցուն վախեցնել: Սակայն, իզո՜ւր, Ասադը պատրաստվել էր պաշտպանվել մինչև վերջին շունչը։
VIII
Հրացանի ձայնը Ֆաթմային զարթեցրեց։ Դռներն ուժով բացվեցին, երիտասարդ աղջիկը դուրս վազեց, խիտ ու երկայն մազերն ուսերի վրա անկանոն թափված, կուրծքն եղունգներով անխնա պատռտելով և բարձրաձայն գոռալով. Նա վազեց և կանգնեց Ասադի առջև, երեսը դեպի իմամլուցիները։
— Զգո՛ւյշ,— հրամայեց Հաշիմն յուր ընկերակիցներին, հրացանը ցած դնելով։
— Կոտրատվե՛ք դուք, կոտորվե՛ք դուք,— աղաղակում էր Ֆաթման, արդեն մոռացած յուր սովորական ամոթխածությունը։
— Վազի՛ր այս կողմը,— գոչեց Հաշիմն, առաջ դիմելով, որ քրոջը առևանգի։
Բայց Ֆաթման, ավելի մոտեցավ Ասադին, պաշտպանելու մտքով, կանգնեց նրա առջև և պատասխանեց եղբորը.
— Մի՛ մոտենար, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, որ նրա մի մազն էլ վնասվի։ Նա մեղավոր չէ, ես ինքս եմ փախել նրա հետ, այո, ես ինքս, իմ կամքով: Հաշիմ, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, չեմ թողնիլ...
Տեսարանը սրատաշարժ էր: Երկու թշնամիների մեջտեղ կանգնած էր մի անհաղթելի պատնեշ, առանց որին խորտակելու, անկարելի էր որևէ ճակատամարտ։
Երբեք Հաշիմը չէր կարող երևակայել, թե Ֆաթման այդչափ պաշտպան կհանդիսանա յուր առևանգողին։ Նա հավատացած էր, որ յուր քույրն ակամա է ընկել Ասադի ձեռքը, թե նա մի տկար զոհ է, որին փրկելու համար պիտի թշնամու արյունը խմել։ Այժմ, տեսնելով Ֆաթմայի համառությունը, տեսնելով նրա հուսահատ պաշտպանությունը, մնաց ապշած։ Մի վայրկյանում վրեժխնդրության կիրքը նրա սրտում տեղի տվեց ակամա խղճահարության։ Նա, որ մի րոպե առաջ պատրաստ էր ամենայն սառնությամբ մահաբեր գնդակն ուղղել հանդուգն առևանգողի կրծքին, այժմ երեսը ետ դարձրած, երկմտության մեջ լուռ նայում էր յուր ընկերակիցների երեսին։
Ինքը, զոհ համարվածը ներում է հանցավորին, և հանցավորն այնքան վեհանձն է, այնքան անվեհեր, որ պատրաստ է մինչև վերջին շունչ պաշտպանել իր փախցրած աղջկան։ Ուրեմն տմարդություն չի՞ լինիլ, արդյոք, ձեռք բարձրացնել մի այդպիսի երիտասարդի վրա և սպանել նրան յուր սիրեցյալի աչքի առջև։ Այս էր արտահայտում Հաշիմի դեմքը։ Եվ լուռ ակնարկություններ հասկացող շիրվանցիները, իսկույն գուշակելով նրա միտքը, մտիկ արեցին միմյանց երեսին։
Շիլ Նուրուլլան առաջինը վստահացավ հայտնել ամբոխի լուռ վճիռը։ Նա քաշեց ձին և բարձրաձայն արտասանեց.
— Հաշի՛մ, նամուսդ մի՛ մոռանար։
Իմամլուցիների մեջ բարձրացավ մի խուլ աղմուկ։ Նրանք վրդովված էին Հաշիմի մեղմանալուց։ Ի՞նչպես կարելի է ներել մի հանդուգն թշնամու, մի մարդու, որ անպատվել է ամբողջ Իմամչուի անունը, փախցնելով թաղի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին։ Ի՞նչ կասեն իմամլուցիները, ի՞նչ կասեն ուրիշ թաղեցիները։— Ո՛չ, ո՛չ, երբեք չի կարելի գործը հաշտությամբ վերջացնել: Միթե այս նպատակո՞վ են իմամլուցիները երեկ ամբողջ օրը կռվել, մի՞թե դրա համար են քսան մարդ ամբողջ գիշերն անքուն թափառել քաղաքի շրջակայքում։ Պետք է թշնամուն պատժել, պետք է վրեժ հանել, առանց արյունի անկարելի է Իմամլուի պատիվը վերականգնել։
— Արյո՛ւն, արյո՛ւն,— գոռացին բոլոր կիսավայրենիները միաբերան։
Հաշիմը հասկացավ այդ կատաղի ամբոխի տրամադրությունը: Նա զգաց, որ եթե Ասադին ինքը ների, մյուսները չեն ներիլ, չեն ներիլ գուցե և իրան։ Բայց ինչպես հեռացնի Ասադից Ֆաթմային, որ միանգամայն կպել է նրան անբաժան, այնպես որ թշնամուն ուղղած ամեն մի հարված նախ կարող է նրան հասնել։ Մինչ նա այս րոպեական տատանման մեջ էր, իմամլուցիներից երեք հոգի աննկատելի կերպով բաժանվեցին խմբից և, ծառերի տակ թաքնվելով, շրջան տալով, հետևի կողմից մոտեցան Ասադին:
Այդ նկատեց այգեպանն և, յուր ժանգոտած խանչալը հանելով, կանգնեց վերջինի հետևում, վճռելով պաշտպանել նրան յուր կյանքի գնով:
Այնինչ Ասադն աշխատում էր ասպարեզից անվնաս հեռացնել Ֆաթմային, որ ինքը միայն կռվի թշնամիների հետ։
Ծերունու և երեք իմամլուցիների մեջ կռիվ բացվեց։ Ասադն երեսը հետ դարձրեց և իսկույն հրացանը արձակեց։ Լսվեց մի արաբական հիշոց, և Հաջի-Ալեաքպարի սև խափշիկներից մեկը, աջ ձեռով ծունկը բռնած, գռռալով նստեց գետնի վրա։ Ասադն արձակեց երկրորդ անգամ, բայց — անօգուտ։
Նույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սաստիկ սառնություն, որ թափանցեց ներս։ Նա ամբողջ մարմնով գոռաց, ակամա գոռաց և ընկավ ուղիղ Ֆաթմայի ոտների տակ։
— Ալլա՜հ, ալլա՜հ,— լսվեց նրա խոզ ձայնը, և նրա աչքերի բիբերը, տարօրինակ կերպով պտտելով շրջանակների մեջ, դարձան Ֆաթմայի վրա։
Այսքանը միայն կարողացավ լսել և տեսնել խեղճ աղջիկը, ուրիշ՝ Ասադը ոչինչ չասաց և ոչ մի շարժում չարավ։
Երբ իմամլուցիները, վայրենի կերպով գոռալով, առաջ վազեցին, որ իրենց վրիժառության արդյունքը մոտիկից տեսնեն, երբ Հաշիմը մոտեցավ յուր քրոջը վերցնելու, Ֆաթման ընկած էր Ասադի վրա և դառն ողբում էր...
1889 թ., Թիֆլիս.
- ↑ Մոլլայի կոչը-մուսուլմաններին աղոթքի հրավիրելը
- ↑ Սալավաթ նշանակում է այն, երբ մուսուլմանները Մահամմեդին հիշելիս, իրենց աջ ձեռքով շփում են
- ↑ Աղոթք
- ↑ Լվացումն: Մուսուլմանները աղոթելուց առաջ լվանում են իրենց երեսը, բազուկները, ոտները: Այս արարողությունը անվանում են «դեաստամազ»
- ↑ Բանաստեղծ:
- ↑ Մուսուլմանները բարևը:
- ↑ Գերեզմանատուն:
- ↑ Մարդ:
- ↑ Խաշարդ, խաղամոլ - игрок: