Ֆալաք
25. ՖԱԼԱՔ
Կըլնի չիլնի մի մարդ, մի կնիկ։ Սրանք իրանց յաշն առած կըլնեն, պտուղ էլ, որ ասես, չեն ունենա:
Մարդը կնկանը կասի.— Ա՛յ կնիկ, ես միտք եմ արե՝ էթամ Երուսաղեմ՝ ուխտ․ իմ ֆոգուն էլ ա վարձք, քու ֆոգուն էլ, ի՞նչ կասես:
— Ա՛յ քա,— կասի կնիկը,— տենո՞ւմ ես իմ ոտը ծանդր ա՝ ըսօր, էգուց պտի ազատվեմ, իմ պահող֊պահպա՞նողն ով ա, որ դու էլ թողում ես, էթում, անջախ ա ասսու աչքը քաղցրացե վրներս, մեզ պտուղ ա տալի, բա առանց քեզ ես ի՛նչ պտի անեմ:
Էս մարդն ա՝ կնկա ասածը ըսկի այնումը չի քցի, ճամփի թադարեք կտենա, կընկնի ճամփա դպա Երուսաղեմ։
Թող սա էթա, գանք խաբարը տանք սրա կնկանիցը։
Մի օր սրանց գեղի շորանը կմննի նեքսև, կտենա իրա խանումը պառկած ա։ Միտք կանի՝ չըլնի թե հիվանդ ա։
Աչքը է՛ս դիհը, է՛ն դիհը կքցի, կտենա խանմի կողքին մի պուճուր, նոր էլած քորփա էրեխա։ Նոր գլխի կընկնի, որ ազատվել ա։ Հենց ինքն էլ էկել էր մուշտուլուղ տալու, որ նրանց ոչխարը ծնել ա։ Էլ բան չի ասի, ուսուլով էդ էրեխեն վե կունի, կտանի կդնի ոչխարի տակը, ոչխարի տակի գառը կբերի շորի մեջ կկոլոլի, կդնի խանմի կողքը, սուս ու փուս կթողա կէթա իրա բանին:
Խեղճ ծննդկանը մի վախտ աչքը բաց կանի, ի՞նչ կտենա՝ իրանից մի սիրուն, նաշխուն գառ ա էլե. էլ ձեն ծպտոն չի հանի ասսուն փառք կտա, էդ գառովը կխնդա, կուրախանա:
Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք էն խեղճ էրեխուցը։
Էս չոբանն ա՝ ամեն օր էրեխեն կտանի էն ծնած ոչխարի տակը կդնի, ոչխարը կլիզի, ծիծ կտա, էլ եդ վե կունի կտանի տուն, ըսենց կպահի ընչանք էրեխեն կդառնա մի տարեկան։ Որ մի տարեկան կըլնի, վե կունի, կտանի կքցի մի մութը օթախ, դուռը վրեն կշինի, ընդե կպահի։ Ըսենց անց կկենա թամամ օխտը տարի:
Մի օր իրիկունը էս չոբանը իրա սուրուն աղաքն արած կգա գեղը, էդ կնկա տան աղաքովը անց կկենա: Հենց էդ վախտը էդ կնիկը իրա Գառն-էրեխու հեննա քուչի դռանը նստած կըլնի։ Գառը սուրուի միջին իրա մորը կտենա, ալբիալը կվազի դպա մերը: Խեղճ կնիկը կմնա մաթ էլած էդ Գառան վրեն մտիկ տալոն, չի իմանա՝ էս ի՞նչ բաս ա։ Նոր ըստե չոբանը էդ կնկանը մին-մին նաղլ կանի իրա արածը, թե բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։ Էն սհաթը կէթա էրեխեն պահած տեղիցը կհանի, կբերի կտա նրան[1]։ Մերը իրա էրեխուն որ տենում ա, ուրախությունիցը չի իմանում ինչ անի. խտըտում ա, պաչպչորում ա, ուրախ֊ուրախ տանում ա տուն։
Խեղճ էրեխեն օխտը տարի ըսկի արևի էրես չէր տեհե. չէր գիտա, թե աշխարքումը ի՛նչ կա, ի՛նչ չկա, մեռնիլ կա, ապրիլ կա: Ըստոնք որ իմացավ՝ շատ տխրեց, դարտ արեց. միտք արեց գլուխ առնի, էթա էն թավուր երկիր, որ մարդ ո՛նչ ծերանում ա, ո՛նչ էլ մեռնում։ Գնաց է՛ս դիհն ընկավ, սրա՛ն հարցրեց, նրա՛ն հարցրեց, վերջը որ շատ հարց ու փորձ արեց, ասեցին.— Ֆալաքի կուշտն ո՛վ էթա, ընդե ո՛նչ կծերանա, ո՛նչ էլ կմեռնի։
«Բա՛ս որ ըտենց ա,— միտք արեց էս տղեն ինքն իրան,— ես պտի էթամ Ֆալաքի կուշտը»։
Էկավ մորն ասեց։ Խեղճ մերը շատ դեմ ընկավ, մղկտաց, որ չէթա՝ չէլավ, տղեն անկաջ չարեց, ասեց.— Պտի էթամ, որ պտի էթամ:— Տղեն ճամփի թադարեք տեհավ, հեննեն մնաս բարով արեց, վե կացավ, ընկավ ճամփա։
Էթալիս մորն ասեց.— Ա՛յ մեր, սաղ քու տունը, դուռը, շեմը, շեմակալը ոսկի դառնա։
Ասելու բաշտան էն սհաթը սաղ տունը ոսկի կըլնի։
Էդ տղեն ա՝ կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, կհասնի մի մեծ ծովի ղրաղ. կտենա անց կենալու ճար֊իլլաշ չկա: Կնստի ծովի ղրաղին ուքուր-ուքուր լաց կըլնի։ Մըն էլ ի՜նչ կտենա, ըհը՛, ծովի միջիցը մի եքա Ձուկ դուս էկավ:
— Տղա՛,— հարցրեց Ձուկը,— խի՞ էս ըտենց ուքուր-ուքուր լաց ըլնում։
— Բա ի՜նչ անեմ,— ասում ա տղեն,— ուզում եմ էս ծովը անց կենամ, էթամ Ֆալաքի կուշտը, չեմ կարում․ չեմ իմանում ի՞նչ անեմ։
— Բաս որ ըտենց ա,— ասում ա Ձուկը,— քեզ կանց կացնեմ ծովի էն էրեսը, համա որ հասնես Ֆալաքի կուշտը իմ դա՛րտն էլ նրան ա՛սա. ասա, որ ինձ ծովի ջանավարները շատ են չարչարում, ինջիմիշ անում, թո՛ղ ասի տենամ՝ իմ ճարն ի՞նչ պտի ըլնի:
Ձուկը տղին կդնի միջքին, մի սհաթումը կհանի ծովի էն էրեսը։ Տղեն Ձկան հեննա մնաս բարով կանի, իրա ճամփեն կբռնի, կէթա:
Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ուրիշ ծովի ղրաղ։ Կտենա ըստե մի պառավ մի թաս ձեռին ծովի ջուրը կռճում ա։
— Էդ ի՞նչ ես անում, ա՛յ նանի,— հարցնում ա տղեն:
— Ծովը ուզում եմ ցամաքացնեմ,— ասում ա պառավը,— որ ըստե թազա քաղաք շինեմ, ես էլ էդ քաղաքի միջին մենծ դառնամ։
— Թահո՛ւ, էդ ծովը ե՞բ պտի կոճե՜ս, ցամաքացնե՜ս, որ ըտե քաղաք քցես, դու էլ միջին մենծ ըլնես։— Ասում ա, թողում էթում։
Էթում ա, էթում տենում ա հրես մի Լագլագ մի չոր ծառի ծերի նստել ա։
— Բա՛րով Լա՛գլագ աղպեր,— կասի տղեն,— էդ ծառի ծերին խի՞ ես նստե:
— Նստել եմ,– կասի Լագլագը,– որ ըստե քաղաք դառնա, ես էլ միջին մենծ ըլնեմ։
— Թահո՜ւ,— կասի տղեն,— ա՜չք պտի, որ տենա էդ չոլ, յաբանի տեղը քաղաք դառնա, որ դու էլ էդ քաղաքի միջին մենծ ըլնես։– Կասի, կտա, կանց կենա։
Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, գշեր-ցերեկ կէթա, մի օր, էրկու օր, մախլասի՝ մի շաբաթ կհասնի մի գեղ: Կտենա, հրես հանդումը, մի տղա իրա մորը մի եզան հեննա լծել ա գութանիցը, վար ա անում:
Մեր ու տղա էս տղին որ կտենան, ամոթու չեն իմանա ի՛նչ անեն:
— Բար'աջողում,— կասի տղեն դրանց։
— Բա՛րով, ասսու հազար բարին,— կասեն։— Էդ ո՞ւր է էթում,— կհարցնեն։
— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։
— Որ էթում ես Ֆալաքի կուշտը՝ ի՛նչ կըլնի իմ գանգատն է.– տեղ հասցնես։ Ես,— կասի,— մի խեղճ ռըշպար մարդ եմ, Ֆալաքին իմ տեղակ աղաչանք արա՝ յա թող ինձ մի եզն էլ տա, որ կարենամ գութան լծեմ, վար անեմ, յա թե չէ էս մի եզն էլ թող առնի, որ իմ մորը ըսենց չչարչարեմ։
— Ի՛նչ պտի ըլնի,— կասի տղեն,— քու դարտը Ֆալաքին կասեմ։— Կասի, կտա, կանց կենա։
Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ուրիշ ծովի ղրաղ. կտենա մի մարդ էդ ծովի մեջտեղը նստել ա։
— Տղա՛, ո՞ւր ես էթում,— կհարցնի էդ մարդը։
— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։
— Տղա՛,— կասի էն մարդը,— որ էթում ես, գիտա՞ս, որ ըստե աշխարքի վերջն ա, արևի դուս գալու վախտը ամեն բան հալում ա. մե՛ղք ես, ջահել-ջիվան ես, ինձանից քեզ ամանաթ՝ արևի դուս գալու վախտը գետինը փորա, միջին տափ կաց, որ չհալես. եր մեր կմննի, նո՛ր դուս արի, գնա քու ճամփեն։ Ֆալաքն էլ հրեն հա՜ էն սարի փեշին ա։
Էս տղեն ա՝ ոնց որ էն մարդը ասել էր, ընենց էլ կանի. արևի դուս գալու վախտը կբերի գետինը կփորի, կմննի մեջը, կկենա ընչանք արևը մեր կմննի, նոր ընդիան դուս կգա, կէթա իրա ճամփեն։
Էդ ծովի ղրաղովը կէթա, կէթա, թամամ մի օր կէթա, կհասնի մի սարի, կտենա էդ սարի փեշին մի Ծեր գզըզված մարդ նստել ա, դավթարը աղաքին բաց արած գիր ա գրում:
Էդ Ծեր մարդը տղին որ կտենա, կհարցնի.— Տղա՛, ո՞ւր ես էթում։
— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։
— Ֆալաքը հենց ես եմ,— կասի,— ա՛սա տենամ, ի՞նչ ես ուզում:
— Ֆա՛լաքը սաղ ըլնի,— կասի տղեն,— լսել եմ քու կշտին մեռնիլ չկա, դրո՞ւստ ա:
— Հա՛, դրուստ ա, ո՛վ ըստե ապրի, ո՛նչ կմեռնի, ոնչ էլ. հազար տարի էլ կկենա, չի իմանա՝ ծերությունը ի՛նչ զադ ա։
— Բա՛ս որ ըտենց ա, ես քու կշտին կկենամ. ղաբո՞ւլ ես։
— Ղա՛բուլ եմ,— կասի Ֆալաքը,— խի՛ չեմ ղաբուլ. կենում ես՝ կա՛ց:
Էս տղեն ա՝ մի քանի հազար տարի կացավ Ֆալաքի կշտին, ո՛նչ ծերանում էր, ո՛նչ էլ. ո՛նց որ էկել էր, ընենց էլ մնաց։
Համա իրա հերն ու մերը, իրա վաթանը ըսկի մտիցը չէր քցում: Մի օր էլ, որ շատ միտք արեց, միտք արեց. «Ջհանդամը-գյոռը,— ասեց,— թե կմեռնեմ, հո՛ իմ վաթանումը կըլնի, մեռնեմ էլ: Հորնըմորս գերեզմանի կշտին կթաղեն. լավ էն ա՝ էլի վե կենամ էթամ մեր երկիրը»։
Օրեն մի օրը վե կկենա, կգա Ֆալաքին կասի.— Ֆալաքը սա՛ղ ըլնի, բո՛լ ա ինչքամ քու կշտին կացա, հմի էլ ուզում եմ էթամ մեր երկիրը, ընդե ապրեմ. ի՞նչ կասես։
— Դու գիտաս,— կասի Ֆալաքը,— ուզում ես՝ գնա՛։ Մեղքն ու վարձքը քու շլինքը:
— Բաս որ ըտենց ա՝ կէթամ,— ասեց տղեն,— համա էրկու խնդիրք էլ ունեմ, չիլնի՞ ասեմ։
— Խի՞ չիլնի,— ասեց Ֆալաքը,— ա՛սա տենամ էդ էրկու խնդիրքդ ի՞նչ ա:
— Ֆա՛լաքը սաղ ըլնի, քու կուշտը գալիս, էկա, էկա՝ մի ծովի ռաստ էկա, էդ ծովի միջիցը մի Ձուկ դուս էկավ, ինձ անցկացրեց ծովի էն ղրաղը. հարցրեց. ո՞ւր ես էթում,— ասեցի. «Էթում եմ Ֆալաքի կուշտը»: Որ էթում ես,— ասեց,— ի՞նչ կըլնի իմ դարտն էլ նրան ասես, բալքի մի ճար անի. ծովի ջանավարները ինձ շատ են ինջիմիշ անում, քյոռլուղ տալի, մի Ֆալաքին հարցրա՛, տես իմ մեղքն ի՞նչ ա, որ էս ջանավարները ինձանից ձեռը չեն վեր ունում:
— Էդ Ձկան գլխի միջին,– ասեց Ֆալաքը,– մի անգին քար կա. ո՛ր նրա գլուխը ճղես, էդ քարը հանես, ծովի ջանավարները էլ նրան ինջիմիշ չեն անի։
— Էդ հո՛ էդ. էկա, էկա, ճամփին մի գեղի ռաստ էկա, տեհա հանդումը մի մարդ իրա մորը եզան հեննա լծել ա գութանիցը, վար ա անում, էդ մարդը հարցրեց. ո՞ւր ես էթում․ «Էթում եմ,— ասեցի,— Ֆալաքի կուշտը»։ Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմդարտն էլ Ֆալաքին ասես, յա թո՛ղ ինձ մի եզն էլ տա, որ վար անեմ, յա թե չէ՝ էս մի եզն էլ ինձանից առնի, որ խեղճ մորս չչարչարեմ։
— Էն մարդի դռան շեմքի տակին մենծ խազինա կա,— ասեց Ֆալաքը,— կէթաս կասես քանդի, հանի՝ հա՛մ իրա հմար եզ առնի, հա՛մ էլ մալ ու դոլվաթի տեր դառնա, գլուխը դինջ ապրի, ասսուն փառք տաք:
Եննա Ֆալաքը հանեց իրեք Խնձոր տվեց տղին, թամբահ արեց, որ լավ պահի, մարդի չտա, թե չէ իրա ախրը խեր չիլնի։
Էս տղեն ա՝ Խնձորներն առավ, դրեց ծոցը, Ֆալաքին գլուխ տվեց, ընկավ ճամփա դպա իրանց երկիրը։
Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասավ էն գեղը, որ մի մարդ իրա մորը լծել էր գութանիցը, վար էր անում։ Մտավ գեղը, հարցնելոն էն մարդին գտավ։
— Բար'աջողում, ա՛ղպեր,— ասեց տղեն։
— Ա՛յ բարո՜վ, ասսու հազա՜ր բարին,— ասեց էն մարդը,— ամեն ճամփեդ սալա՜մաթ։ Է՛, Ֆալաքին տե՞հար, խնդիրքս ասե՞ցիր, թե չէ։
— Տեհա, ո՜նց չէ, ասեցի։
— Բա ի՞նչ ասեց։
— Ասեց՝ նրանց դռան շեմքի տակին մենծ խազինա կա ֆորած, թող քանդեն, հանեն իրանց հմար եզն առնեն, հարստանան մալ ու դոլվաթի տեր դառնան:
Էն մարդը էս որ լսում ա, ալբիալը բահն ու քլունգն առնում ա, իրանց դռան շեմ ու շեմակալը քանդում։ Քանդում ա, քանդում ա, տենում ա, ըհը՜, հրես մի կարաս լիքը ոսկի ընդե ֆորած, հանում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Խեղճ մարդը չէր իմանում ո՞նց շնորհակալ ըլնի էդ տղիցը, որ նրա ձեռովը էդքամ խտղինի տեր դառան:
Էդ տղեն ա՝ էս մարդի հեննա մնաս բարով ա անում, իրա ճամփեն բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, մի օր, էրկու օր, իրեք օր, հասնում ա էն Լադլագի կուշտը: Հասնում ա ի՞նչ տենում՝ ղորթ որ էն չոր, լեռ սարերը, ձորերը սաղ քաղաք ա դառե, էն Լագլագն էլ էդ քաղաքի միջին մենծ ա էլե։ Կմնա արմացած, թե էս չոլ, յաբունի տեղը ո՞րդիան քաղաք ըհամ էկավ, էդ Լագլագն էլ էդ քաղաքի միջին մենծ դառավ։ Ըստիան վեր ա կենում էթում էլ եդ իրա ճամփեն։ Էթում, հասնում ա էն պառավի կուշտը, որ ծովի ղրաղին նստե, ջուրը կռճում էր: Տեհավ դրուստ որ էն պառավը սաղ ծովի ջուրը կռճել ա, ցամաքացրե, տեղն էլ մի մենծ քաղաք ա շինե, ինքն էլ ընդե մենծ դառե։ Էս որ կտենա, էլի կմնա արմացած Ֆալաքի արարմունքների վրեն: Էլի կթողա, կէթա իրա ճամփեն։ Կէթա, կէթա, շատն ու քիչն աստոծ գիտա, կհասնի էն ծովի ղրաղը։ Էն Ձուկը ալբիալը դուս ա գալի ջրի էրեսը։
— Բա՛րով, Ձուկ աղպեր,— ասում ա տղեն:
— Բա՛րով, ասսու հազա՜ր բարի,— ասում ա Ձուկը։ —Իմ գանգատը տեղ հասցրի՞ր, թե չէ,— հարցնում ա Ձուկը։
— Հասցրի,— ասում ա,— Ֆալաքն ասեց. «Քու գլխի միջին մի անգին քար կա, որ էն քարը հանես, էլ ծովի ջանավարները քեզ ինջիմիշ չեն անի»։
Ձուկը էս որ կլսի, էն սհաթը քյալլեն բաց կանի, անգին քարը միջիցը կհանի, կտա տղին. եննա տղին կդնի միջքին, կտանի կանցկացնի ծովի էն էրեսը։
Տղեն ըստե Ձկան հեննա մնաս բարով կանի, կընկնի ճամփա դպա իրանց երկիրը։ Կէթա, կէթա, կէթա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, կհասնի իրանց գեղը, կմննի գեղը, է՛ս դիհը ման կգա, է՛ն դիհը ման կգա, դե՛ս կէթա, դե՛ն կէթա, սրա՛ն, նրա՛ն կհարցնի, իրանց տունը չի գտնի։
Վերջը որ շատ ման կգա, մի ծեր մարդ ռաստ կգա, մոտ կէթա սրան, կհարցնի.— Բա՛րի, էս գեղում ոսկե տուն կար, ո՞ւր ա։
— Ա՛յ որդի,— կասի էդ ծեր մարդը,— էդ ոսկե տունը ըսկի իմ պապերը չեն տեհե, ես ո՞րդիան տենայի։ Մենակ հեքաթներում լսել եմ, որ ըստե մի տուն ա էլե՝ սա՜ղ ոսկուց, սրանից սավայի էլ զադից խաբար չեմ:
Էդ տղեն մի քանի վախտ մնաց իրանց տեղումը, շատ հարց ու փորձ արեց, համա իրանց տանիցը մի դրուստ ջուղաբ չիմացավ. վերջը միտք արեց՝ էլի էթա Ֆալաքի կուշտը, ընդե ապրի։ Ճամփի թադարեք տեհավ, վե կացավ փոր-փոշման, դառը֊տխուր ընկավ ճամփա։
Գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն ծովի ղրաղը: Ծովիցը էլի էն Ձուկը դուս էկավ, տղին անցկացրեց սաղ֊սալամաթ ծովի էն էրեսը։
Էս տղեն ա՝ կէթա, կէթա, կհասնի էն պառավի քաղաքը։ Կտենա էն պառավը է՜ն օրին ա, է՜ն օրին ա, որ էլ չէլած, էնքա՜մ ա պառավե, էնքա՜մ ա ձեռից-ոտից ընկե, որ էլ չի կարում տեղիցը ժաժ գա, հենց միալար գոռում ա.— Ա՜ստոծ սիրողը ինձ մի գթալ ջուր տա, ես մեռա՜, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի։
Էն սհաթը տղեն ջիբիցը մի Անմահական խնձոր ա հանում, տալի պառավին։ Պառավը ուտելու բաշտան ջահելանում ա, ըլնում տասնըհինգ տարեկան աղջիկ, էն դիհը կաննում։ Տղեն թողում ա ըստե, իրա ճամփեն բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա հասնում ա էն Լագլագի քաղաքը։ Տենում ա Լագլագը էնքամա ծերացե, որ ծառիցը վեր ա ընկե, մի թևը կոտրել ա, վրեն ուժ չկա, որ վե կենա, եննա մի հանքի ծվում ա.— Ա՛ման, ա՜սսու սիրուն, ես մե՜ռա, մի կում ջո՜ւր։
Տղեն էս որ տենում ա, էլի ջիբիցը մի Անմահական խնձոր ա հանում, տալի Լագլագին։ Ուտելու բաշտան Լագլագը ըլնում ա մի նոր ձվից դուս էկած Լագլագի ճուտ։ Տղեն Լագլագին թողում ա, իրա ճամփեն բռնում, էթում:
Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էն մեր ու տղի կուշտը, որ հանդումը վարին անում. տենում ա նրանք էնքա՜մ են ծերացե, էնքա՜մ են ծերացե, որ տեղներիցը չեն կարում ժաժ գա, հենց միալար գոռում են.— Ա՛ստոծ սիրողը մեզ մի կաթ ջուր տա, մենք մե՜ռանք, էրվե՜ցինք։
Տղեն էս որ տենում ա, սիրտը շատ ա մռմռում. ջիբիցը հանում ա մնացած Խնձորն էլ, տապակ անում, տալի նրանց, որ ուտեն։ Ուտելու բաշտան մեր ու տղա ջահելանում են, ըլնում ոնց որ մորեն մին: Տղեն էլ է՛ն սհաթը ըստե վեր ա ընկնում, ֆոգին տալի: Ընդուր էր Ֆալաքը ասե. «Խնձորները ուրշի չտաս, թե չէ ախըդ խեր չի՛լնի»: Ղո՛րթ որ, ընենց էլ էլավ:
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։
- ↑ Գրառման ձեռագրի սևագիր օրինակում այս բառին հաջորդում է հետևյալ նախադասությունը․ «Է՛լ ինչ աչք պտեր, որ դիմանա, է՛լ ինչ սիրտ պտեր, որ չմղկտար՝ էս մոր ուրախությունը տեսնելուս», որը ջնջված է Տ. Նավասարդյանցի ձեռքով (Ծ. Կ.):