Ֆիլիպ Գորդոնի, Սահմանադրական դատարանի որոշման և օրինապաշտության մասին

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաևոր էր:

Թեև ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավական դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս՝ այդ թվում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի և Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:

Այս ամենի մեջ խիստ հետաքրքրական է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը.

«Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական առաջքայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բնականոնացման արձանագրությունները վավերացնելու գործընթացի առումով: Դատարանի որոշումը թույլ է տալիս արձանագրությունները, ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են, առաջ մղել դեպի խորհրդարանական վավերացում և չի թվում, որ [դատարանի որոշումը] որևէ բանով սահմանափակում կամ պայմանավորում է դրանք»:

Կարծում եմ, որ այս պարբերության մեջ ամենակարևոր և նույնքան խնդրահարույց միտքը՝ «ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են» արտահայտությունն է: Խնդիրը հենց այն է, որ կողմերը միևնույն պարբերությունների, անգամ արտահայտությունների ու մինչևիսկ բառերի նկատմամբ չունեն նույնական ըմբռնում: Այդ ըմբռնումները հաճախ ոչ միայն էապես տարբեր են, այլև՝ իրարամերժ: Բավական է համեմատել ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարի և Թուրքիայի վարչապետի ու ԱԳ նախարարի արձանագրությունների միևնույն հարցերի մասին արտահայտած մտքերը, որ ակնհայտ լինի. չկա կողմերի միասնական ըմբռնում ընդգրկված հարցերի նկատմամբ, հետևաբար հնարավոր չէ ընդհանրացնել. «ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են»:

Հենց այս առումով էլ խիստ կարևոր է ՀՀ ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ արձանագրությունների մեջ ներառված հարցերի հայկական կողմի իրավական ըմբռնումը՝ ՀՀ սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա:

Ես համաձայն եմ պրն. Գորդոնի հետ՝ ՍԴ-ի որոշումը չի խոչընդոտում արձանագրությունների վավերացմանը: ՍԴ-ը որոշել է, որ արձանագրությունների նպատակն ու առարկան, այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, ինչպես նաև դրանցով ստանձնվող պարտավորությունները, չեն հակասում ՀՀ սահմանադրությանը և օրենքներին: Պարզապես ՍԴ-ը հստակեցնում է հայկական կողմի դիրքորոշումն արձանագրությունների մեջ ներառված այլ հարցերի նկատմամբ և այդ հարցերի նկատմամբ հայկական կողմի ըմբռնումներին տալիս է իրավական ձևակերպումներ: Այստեղ պրն. Գորդոնին պետք է հիշեցնել մի քանի հանգամանք: Առաջին. ՍԴ-ի որոշումը վերջնական և ուժի մեջ մտած դատավճիռ է: Երկրորդ. ՀՀ ՍԴ-ի որոշումը, ինչպես ամերիկացիների համար ԱՄՆ-ի ՍԴ-ի որոշումը, անսակարկ ու պարտադիր փաստաթուղթ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ ներառյալ ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի, ինչպես նաև ԱԺ պատգամավորների: Երրորդ. ՍԴ-ի որոշումն ամբողջական փաստաթուղթ է, որտեղ իրավական դիրքորոշումն ունի նույնքան իրավական ուժ, որքան եզրափակիչ մասը:

Այսպիսով, առաջին հերթին հաշվի առնելով ՀՀ ՍԴ-ի մասին օրենքի պահանջը, ինչպես նաև ամերիկացիների դրական վերաբերմունքը ՀՀ ՍԴ-ի որոշման նկատմամբ, ՀՀ նախագահը պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն ԱԺ-ի վավերացմանը ներկայացնել ՀՀ ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ հանդերձ՝ դրանք արդեն իսկ որպես վերապահումներ ձևակերպած:

Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է իր օրինակով մեզ բոլորիս ցույց տալ, որ հարգում է երկրի օրենքները: Ամերիկացիներն էլ պարտավոր են ցույց տալ, որ հարգում են օրենքներն ընդհանրապես և ոչ միայն ամերիկյանը:


25 հունվարի, 2010թ.