(Կես ֆունտ տկողին) (Լուրեր)

Շիրվանզադե

Բաց նամակ տիկին խոլերային
[ 412 ]

[ԼՈՒՐԵՐ]

Շոգերը սկսվել են, նյարդերս հոգնել են. գրելու ախորժակ չունեմ և ի՛նչ գրեմ։ Ժողովները վերջացան, ընտրությունները նույնպես։ Այժմ բոլոր պրոպագանդիստները և հռետորները սկսել են սառը բաղնիք ընդունել իրենց տաքացած գլուխները մի քիչ հովացնելու համար։

Ուղիղն ասած ֆելիետոնիստի դերը ինձ այլևս դուր չէր գալիս։ Այժմ ուզում եմ վիպասան դառնալ։ Անցյալ օրը հաշվեցի և տեսա, որ վերջին վեց ամսվա ընթացքում հայոց մեջ երևան են եկել ոչ ավելի, ոչ պակաս վեց հատ վիպասան։ Եվ ի՜նչ վիպասաններ — մեկը մյուսից հանճարեղ։ Այժմ ես զբաղված եմ այդ նորագույն հանճարների երկերը ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ, անցյալ օրը «Տարազի» խմբագրությունը բարեհաճեց ինձ ցույց տալ այդ ադամանդները։ Հիացած եմ, չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ ուրախությունը հայ գրականության այդ արագ զարգացման մասին, երևակայեցեք, վեց ամսում ծնել վեց վիպասան — ոչ մի ազգ, կարծեմ, աշխարհիս երեսին ընդունակ չէ։ Իսկ հայոց ազգը ծնում է, այն էլ առանց երկունքի, առանց մանկաբարձուհու։ Հապա ո՞ր ազգն ունի այդպիսի ստեղծագործական հանճար․․․ Ո՞ր ազգը կարող է տալ կես տարում այդպիսի վիպասաններ, որպիսիք են՝ Ասքանազ Փամբակեցի, Ապրիլյան, Գրիգորյան Սահ․, Տ․-Զաքարյան Արշակ, Թումանյան։ Ведь դա [ 413 ] սկանդալ չէ՜, որ ամեն օր ծնում են ֆրանսիական պատգամավորների ժողովում բուլանժիստները, այլ հանճար։ Ես կարծում եմ, որ եթե մեր գրականությունը այս չափով զարգանա, հիսուն տարուց հետո բոլոր հայերը վիպասաններ և քնարերգներ կդառնան։ Ա՜յ երևելի ժամանակ կլինի, հա՛, հա՛: Բայց հետաքրքրական է իմանալ, էլ ընթերցողներ կմնա՞ն, թե բացի գրողներից, ոչինչ չենք ունենալ։


Սողունների աշխարհում մեծ իրարանցում կա։ Լուր է եկել, որ այսօր, վաղը նրանց վրայով պետք է անցնի մի հսկայական ոտք և ջարդուփշուր անի բոլորին։ Նրանք խմբվել են միասին և չգիտեն ի՞նչ անեն։ Անցյալ օրը պատահեցի նրանցից մեկին՝ որ գլուխը քաշ գցած՝ գնում էր վանքի եկեղեցին մաղթանք լսելու։ Նա կռնատակին ուներ մի քանի կապ թղթեր:

— Դա ի՞նչ է կռնատակիդ, բարեկամ— հարցրի ես: Սևերեսը նայեց ինձ և պատասխանեց.

— Սրանք իմ դիպլոմնեին են, որ ստացել եմ հայ ազգից իմ տասնամյա ազնիվ, անշահ, անձնվեր գործունեության մասին։ Պետք է ներկայացնեմ մեր հոգևոր նոր Պետին, որպեսզի նա ինձ ընդունի, իբրև իր ամենահավատարիմ և սիրելի զավակ։

Ես հետաքրքրվեցի սևերեսի դիպլոմներով և կարդացի հետևյալ վերնագրերը. «Նավթաքաղաքի ամենամյա տուրքը», «Երեցփոխների հարկը», «Ներսեսի մահարձանը», «Կիլիկիայի կորիզները»։ Հասկացա, թե բանն ինչումն է, եթե կարող եք դուք էլ հասկացեք։

Մի քանի քայլ անցած՝ պատահեցա մի ուրիշ սողունի: Դա էլ կռնատակին պահած ուներ իր տասնուհինգ ամյա գործունեության ամփոփ վկայականը։ Միայն մի հատ վկայական, որի վերնագիրն էր «Սրբությունների աճուրդ»։

— Եվ դու հույս անես այդ վկայականով վայելել մեծ մարդու սե՞րը,— հարցրի ես աներեսին։ Նա ժպտաց անհամեստ կերպով և պատասխանեց. [ 414 ] — Ես մեծամեծ ծառայություններ եմ արել Էջմիածnնին «Հազագս վերաշինության Վանուց» խնդրի ժամանակ...

Եվ աներեսը սևերեսի հետ թև-թևի տալով մտավ աստծո տաճարը։


Մի քանի հետաքրքիր լուրեր։

Հաստատ աղբյուրներից տեղեկցա, որ Թիֆլիսի քաղաքային վարչության ծառայողները մի խնդրանքով դիմել են քաղաքագլխին, բողոքելով, որ վարչության դիվանատան դեմուդեմ գտնվող անկյունի տնից՝ ամեն օր վատ գարշահոտություն է փչում։ Հազարաչին սանիտարական բժիշկը, քաղաքագլխի հրամանով զննելով հիշյալ տունը, գտել է մի կույտ գարշահոտ լեշեր։ Ասում են, Դումայի նիստում պ. Աբգար Հովհաննիսյանը պետք է մի պաշտպանողական ճառ արտասանի։


Լսում եմ, որ հռչակավոր հայ գիտնական Կանայանցը Ներսիսյան դպրոցում ընդունված է պրոֆեսոր։


Ինձ հաղորդում են, որ «Արձագանքի» աշխատակից իշխան Կ. Բեհբությանը սարկավագության աստիճան է ստացել։


Նշանավոր հայ մանկավարժ Իսահակ Հարությունյանը այս ամառ գիտնական արշավանք չի կատարիլ։


«Արձագանքի» խմբագիրը պատրաստվում է գնալ Տրիեստ՝ Վեհափառին դիմավորելու։ Ի՞նչ դիմակով։


[ 415 ] Ամսուլս 16-ին, առավոտյան 7½ ժամին, հայտնի արևելագետ Քարամյանցը բարեհաճեց ֆուրգոնով ուղևորվել էջմիածին գիտական հետազոտություններ անելու նպատակով պարիսպների տակ։

Ներսիսյան դպրանոցի հոգաբարձությունը վճռել է շուտափույթ ստորագրել բոլոր արձանագրությունները և առաջիկա չորսամյակի համար կազմել «գիտնական» ուսուցիչների խումբ, որպեսզի չլինի, թե վեհափառի գալուստը խանգարի նրան։ Իսկ դպրանոցի տեսուչ Կոստանյանցը մտադիր է ուղևորվել Վիեննա, ուր նրան սպասում են անհամբեր: