...նաև Սպիտակ Եղեռն/Գանձա
ԳԱՆՁԱ
թիվ 22,
Գանձան գտնվում է Փարվանա գետի ձախ ափին, Նինոծմինդայից (Բոգդանովկա) 18 կմ հյուսիս-արեւելք։ Այն Ջավախքի խոշոր գյուղերից է, որտեղ այժմ ապրում է 4 հազար մարդ, գործում են 2 միջնակարգ դպրոցներ։ Ի դեպ, Գանձայում, ըստ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» առաջին դպրոցը բացվել է 19– րդ դարի 60-ական թվականներին, իսկ ըստ Ե. Լալայանի պետական դպրոց բացվել է 1881թ.։
Գանձայում են ծնվել Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին, գրականագետ Կ. Գրիգորյանը…
Տասնյակ գանձացիներ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Արցախյան համազգային շարժմանը։ Նրանցից յոթը, քաջաբար մարտնչելով, նահատակվել են, եւ նրանց աճյուններն այսօր հանգչում են հայրենի Գանձայում։
Գանձայի բնակչության վերջին եւ հոծ շերտը եկել է 1830 թ. Էրզրումից (մեծամասնությունը). Կարսից, Արդահանից եւ Սալմաստից: Գաղթականները Գանձայում հանդիպել են բնիկների, որոնք Անիից էին։ Այս կապակցությամբ գրականագետ Ս. Սուքիասյանն իր «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում» հուշագրության մեջ գրում է. «…Այստեղ (Գանձայում - Ա.Ս.) նրանք հին բնակվողների են տեսել Անիից գաղթած հայերին, որոնցից և ստացել են եկվոր կոչումը»։ Անեցիների շերտը տեղի հայ բնակչությունը, համալրել է, ամենայն հավանականությամբ, 14-րդ դարի 60-ական թվականներից ոչ ուշ (շուտ՝ հնարավոր է), որովհետեւ Անի քաղաքը վերջնականապես ոչնչացվել է թաթարական ցեղերի կողմից, 1360-ականների սկզբին։
Անեցի հայերը, գալով Գանձա, իրենց մեջ ձուլել էին տեղի հայերին։ Գյուղում այժմ խոսում են Կարնո բարբառով։
Գանձայի գոյությունը, որպես բնակավայրի, կարելի է հաշվել հազարամյակներով։ Այդ վկայում են գյուղի մոտ եղած պատմական հուշարձանները։ Գետի աջ ափին, գետից մոտ 300-400մ հեռավորության վրա կանգնեցված է վիշապ-կոթող, որի բարձրությունը մոտ 5, իսկ լայնություն 1,27 մ է։ Պատրաստված է որձաքարից և պատահական չէ, որ այն խաչքարի վերաքանդակելու փորձն անցել է ապարդյուն։ (Կոթողի հետևի մասում կատարված աշխատանքի հետքերը պահպանված են)։ Ըստ Ն. Մառի, վիշապ-կոթողները քանդակված են Ք.ա. 4-5
հազարամյակներում: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև գյուղի մոտ գտնված Կուր-Արաքսյան մշակույթի նյութերը, որոնք 1980-ականներին պեղեց ԱՄՆ-ի և Վրաստանի հնագետների միացյալ արշավախումբը: Հայտնի է, որ Կուր-Արաքսում մշակույթը հատում է հայկական լեռնաշխարհին (Ք. ա. 3-րդ հազարամյակ):
Գանձայի մասին գրավոր տեղեկության հանդիպում ենք «Քարթլիս ցխովլեբա» («Պատմություն վրաց») ժողովածուի «Քարթլիի մատյանը» արժեքավոր աղբյուրում, 1028թ. Բյուզանդիայի կայսր Կոստանդին 8-րդի զորքերի աբխազա-վրացական թագավորության տարածքները մուտք գործելու կապակցությամբ: Այնտեղ կարդում ենք. «Կոստանդին արքայի պարկիմանուլը (սենեկապետը) մեծ զորքով եկավ Թռեղք՝ Կլղեկարի բերդի մերձակայքը: Այդ ժամանակ (այդ ամրոցին) տիրում էր Էրիսթավաց Էրիսթավ Լիպարիտի որդի Լիպարիտը: Ժողովեց (Լիպարիտը) և այլ ազնաուրիների, կանգ առան: Պարկիմանուլը տեսանելով, որ ոչնչով չի կարող վնասել, հետ դարձավ»:
Այդ ժամանակաշրջանում Բագրատունյաց Հայաստանի սահմանն անցնում էր Գանձայից ոչ այնքան հեռու: Ըստ Ս. Տ. Երեմյանի «Հայաստանը և հարևան երկրները 855-953թթ.» քարտեզի, Գանձան Հայաստանի կազմում էր: Գանձայի պատմության հետաքրքիր էջերից է 1908թ. ամռանը Գանձայում, Սաթխայում, Մեծ և Փոքր Արագյալներում մտցրած էկզեկուցիան: Հունիսի վերջերին, ինչպես գրում է «Մշակը», Մաշադի-Ակոբի գլխավորած հնչակյան 5 հոգուց բաղկացած խմբի կողմից չորս հայկական գյուղերի տարածքում սպանվել էին Սաղամո գյուղից թուրք Ասլան աղան և նրա հյուրերը Բորչալվեցի 3 բեկերը: Գավառապետի հրամանով վերոհիշյալ գյուղերում որպես պատժամիջոց տեղավորեցին 200 կազակ յուրաքանչյուրը երկուական ձիով: Պատժամիջոցն իր բոլոր ծանր նյութական և բարոյական հետևանքներով տևեց 3 շաբաթ: Էկզեկուցիայի վերջ տրվեց Վահան Տերյանի (այդ օրերին նա գտնվում էր գյուղում) և հատկապես նրա իրավաբան եղբոր Արամ Տեր-Գրիգորյանի ջանքերով: Նրանք հասան այն բանին, որ Թիֆլիսի նահանգապետ Լոզինո Լոզինսկին անձամբ եկավ Գանձա և օգոստոսի 16-ից 18-ը հյուրընկալվեց Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հայրը) տանը: Նրան պատշաճ ընդունելիություն է ցույց տրվում: Նահանգապետը տեղեկանալով իրերի դրության մասին, անմիջապես կարգադրում է վերացնել էկզեկուցիան:
Հետաքրքիր է նաեւ հետեւյալ փաստը. 1918 թվականի մայիսի 1-ին Գանձայում տեղի են ունեցել Անդրկովկասյան սեյմի կառավարության կողմից նախաձեռնված Թիֆլիսի նահանգի քրիստոնյաների եւ մահմեդականների միջել հաշտության բանակցությունները։