...նաև Սպիտակ Եղեռն/Թշնամու դեմ՝ ուս ուսի (Ախալցխայի 1918թ․ հերոսամարտը)

ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ` ՈՒՍ ՈՒՍԻ

«Խորհրդային Հայաստան»'

թիվ 264,

14 նոյեմբերի 1989թ․
Ախալցխայի 1918թ. հերոսամարտը

1917թ. նոյեմբերի 15-ին Անդրկովկասյան կոմիսարիատը եւ հակախորհրդային բլոկը փաստորեն Անդրկովկասը անջատեց Խորհրդային Ռուսաստանից։ Երկրամասում ստեղծվեց ծանր ու բարդ իրավիճակ։ Բուրժուաազգայնական կուսակցությունների ներհակ գործողությունների հետեւանքով ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին։

Արտակարգ ծանրացավ վրացիների, հատկապես հայերի վիճակը, երբ ռուսական բանակը թողեց կովկասյան ռազմաճակատի հսկայական գիծը եւ հեռացավ։

Ճիշտ է, Թուրքիայի հետ կնքվել էր Երզնկայի զինադադարը, բայց այն ոչ մի երաշխիք չէր տալիս, որ Թուրքիան չի իրականացնի իր հեռանկարային պլանները պանթուրքիզմը, որի ճանապարհին ընկած էին Հայաստանն ու Վրաստանը։ Նա այդ նպատակով անկայություն էր ստեղծում Անդրկովկասում հայերի եւ վրացիների դեմ հանելով տեղական թուրք բնակչությանը որպես «հինգերորդ զորասյուն»։ Նա այդ իրականացնում էր «մուսավաթ» կուսակցության պարագլուխների Թոփչիբաշևի, Աղաևի, Ջաֆարովի, Խան-Խոյսկու, Ջավանաշիրի, Սուլեյմանովի, զանազան բեգերի եւ իր այլ գործակալների միջոցով, Թուրքիայի կողմից այդ ուղղությամբ կատարված առաջին քայլերից մեկը եղավ Ախալցխայի գավառի (Մեսխեթ) թրքությանը ոտքի հանելն ընդդեմ վրացիների եւ հայերի։ Այս մասին շատ դիպուկ է գրված Մ. Յա. Վելիջանաշվիլու «Խիզաբավրայի ուղեցույց» գրքում (Թբիլիսի, 1974թ., վրացերեն), որտեղ կարդում ենք Ի. Վելիջանաշվիլու հետեւյալ հուշերը. «Թուրքիայի բանակի հրամանատար Վեհիբ փաշան հրամայում է Ախալցխայի Սարվան բեգին, որ տեղական մահմեդականներից ավագակախմբեր կազմի տեղական վրացիներին ոչնչացնելու համար... Այդ սեւ օրերը հիշելիս մարմինս դողում է... Անհավատները ոչ միայն ուզում էին կուլ տալ մեր այս անկյունը, այլեւ ամբողջ Վրաստանը»։ Իսկ «Մշակը» 1918թ. մարտի 9-ին գրում է. «Շրջապատող թուրքերը գրեթե ուժի օգնությամբ են զինվում, խմբվում, այն էլ վերեւից (Պոլսից) եկած հրամանի, եկած բեգերի շնորհիվ․․․»։

Ախալցխայի գավառի թուրքերը բեգերի գլխավորությամբ 1917թ. դեկտեմբերի 27-ին 15 հազար զինված մարդկանցով հանկարծակի հարձակվեցին Ախալցխա քաղաքի վրա եւ պաշարեցին այն։ Թուրքերի պարագլուխներ Օմար էֆենդին եւ Սարվան բեգ Աթաբեգովը քաղաքի ղեկավարներից պահանջեցին իրենց հանձնելու քաղաքը, բերդը, քաղաքից հեռացող ռուսական զորամասի զենքն ու զինամթերքը որպես իսկական «ժառանգորդների»։ Ինչպես հայտարարում է Օմար էֆենդին, իրենք թուրքերը, քաղաքի բնակչության, առանձնապես, հայերի նկատմամբ չունեն որեւէ պահանջ, եթե լինի որեւէ պրոբլեմ, ապա դա կապված կլինի վրացիների հետ... Որ իրենք ուզում են Ախալցխայի գավառում ստեղծել թուրքական կանտոն («Շարժում» թերթ, Ախալցխա, 1918թ., թիվ 1, ԽՍՀ ՊՊԿԱ ֆ. 222, ց. 1, գ. 1 մ.թ.79)։ Ախալցխայի գավառում բնակչության 60 տոկոսից ավելին թուրքեր էին (առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գավառում ապրում էին 25473 հայ, 7840 վրացի եւ 53000 թուրք), որոնք իրենց իրավունք էին վերապահում գավառում տնօրինություն անել ինքնավարության ձեւով։ Ախալցխա քաղաքի բնակչությունը (1918թ. 20 հազար), որի 82 տոկոսը հայեր էին, ոտքի կանգնեց զենքը ձեռքին։ Երիտասարդ քաղաքագլուխ Զորի Զորյանի գլխավորությամբ արագորեն կազմակերպվեց «Քաղաքի ինքնապաշտպանության գվարդիա» եւ հմուտ ու փորձված հրամանատարների ղեկավարությամբ այն գրավեց պաշտպանական դիրքեր քաղաքի մերձակայքում...

Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից ուղարկված ներկայացուցիչների Կարսեւաձեի, Ղազարյանի, հայոց ազգային խորհրդի անդամ Բեգզադյանի եւ թրքական (ադրբեջանական) ազգային խորհրդի անդամ Պեպինովի միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին քաղաքի եռօրյա պաշարումը դադարեցվեց։ Սակայն դա հարաբերական դադար էր։ 1918թ. հունվարին թուրքերն էլ ավելի ուժեղացրին Ախալցխայի շրջափակումը փակելով Ածկուրի մոտ Բորժոմ տանող ճանապարհը, Ասպինձայի մոտ Ախալքալաք տանող ճանապարհը։ Այդ կետերում թուրքերը խուզարկում էին անցորդներին եւ թալանում, խլում էին տուն վերադարձող ռուս, հայ, վրացի զինվորների զենքը։ Նրանք հարձակվում էին վրացական եւ հայկական գյուղերի վրա, թալանում, քշում անասունները։ Այդ հարձակումներն ուղեկցվում էին բռնաբարություններով ու սպանություններով։ Կտրվել էր նաեւ հեռախոսային կապը Թիֆլիսի եւ այլ քաղաքների հետ։

Ախալցխա քաղաքի եւ շրջապատի հայ ու վրացի բնակչությունը ստիպված էր դիմելու ինքնապաշտպանության։ գավառի 16 հայկական գյուղերից 15-ը (Ջաջարակ, Ծիրա, Ծուղրութ, Սուֆլիս, Խակ, Օրալ, Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ, Ծինուբան, Աբաթխեւ, Ջուլղա, Ծղալթբիլա, Նիոխրեբ) գտնվում էին անմիջապես քաղաքի շրջակայքում, իսկ Դամալա գյուղը գտնվում էր Ախալքալաքի գավառի սահմանների մոտ եւ շրջապատված էր թուրքական 20 գյուղերով, այն անառիկ էր ու անմատչելի շնորհիվ կազմակերպված հերոսական ինքնապաշտպանության։ Քաղաքին համեմատաբար մոտ էին գտնվում վրացական 10 գյուղեր (Ուդե, Արալ, Վալե, Անդրիածմինդա, Հրել, Ջուբարեթ, Միքելծմինդա եւ այլն), իսկ վրացական մյուս գյուղերի մեծ մասը հեռու էին քաղաքից եւ շրջապատված էին թուրքական գյուղերով։

Քաղաքի շրջակայքի վերոհիշյալ գյուղերը Ախալցխայի հետ միասին գտնվում էին շրջապատման օղակի մեջ։ Դրսի հետ կապը համարյա ամբողջովին կտրված էր...

Ինչպես գրում է սազելցի ուսուցիչ Երվանդ Սիմոնյանն իր «Հուշերում» (Ախալցխայի պատմության թանգարան, ամտիպ), պաշարվածները ծվարել էին 150-170 քառակուսի կիլոմետր տարածության վրա։

Քաղաքում հունվարի 27-ին ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ Զորի Զորյանի գլխավորությամբ, իսկ 28-ին հիմնադրվեց հայկական գումարտակ գնդապետ Չաուշովի հրամատարությամբ։

Բացի կանոնավոր զորքերից, կազմվեցին նաեւ թաղային խմբեր (գվարդիա)։ Զինված խմբեր էին ստեղծվում նաեւ գյուղերում։ Քաղաք բերվեց վրացական կարմիր գվարդիան… Ինչպես քաղաքի, այնպես էլ շրջապատման օղակի մեջ գտնվող հայ-վրացական գյուղերի մերձակայքում փորվեցին պաշտպանական դիրքեր, բարձունքների վրա ու բերդում տեղադրվեցին թնդանոթներ։ Պաշտպաններն ունեին բավարար թվով հրացաններ ու գնդացիրներ։ Փամփուշտների պակասը լրացվում էր զինագործ Չիֆթալարյան եղբայրների ջանքերով։ Վերջիններս սովորական կարի մեքենաները դարձրել էին փամփուշտ արտադրող մեքենաներ, որոնց վրա մեծ հմտությամբ աշխատում էին հայ կանայք ու աղջիկները։

Բոլոր պահակակետերը, գյուղերը իրար և քաղաքի հետ կապված էին հեռախոսով։ Անչափ խելացի էր կազմակերպված պարենավորման և բուժման գործը։ Զորքերում տիրում էր օրինակելի կարգապահություն։

Ախալքալաքի և Ախալցխայի ռազմաճակատի հրամանատար Արջեւանիձեն հիացած էր քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպվածությամբ։

Վտանգի հենց առաջին օրերից գավառում տիրում էր համընդհանուր խանդավառություն, մարտական ու բարոյական բարձր ոգի։ Յուրքանչյուր ոք ինքնապաշտպանությունը համարում էր իր հիմնական գործն ու նպատակը։ Ահա թե ինչպես է իր հուշերում նկարագրում այդ օրերի համաժողովրդական հերոսական ոգին Երվանդ Սիմոնյանը.

«Մայրերն ու կանայք իրենց որդիներին ու ամուսիններին մարտի դաշտ էին ուղարկում այնպես, կարծես տոնախմբության հանդես լինի, շատ անգամ տնից բերում էին իրենց որդու կամ ամուսնու հրացանն ու փամփշտակալները, որպեսզի դրանք վերցնելու համար զինվորը ժամանակ չկորցնի, հենց գործի տեղից այգուց, արտից, արհեստանոցից մեկնի մարտադաշտ…»:

Ինքնապաշտպանությունը բոլորի համար դարձել էր էություն, գաղափար։ Ամեն ոք փոքրից մեծը, տղամարդ, թե կին անմնացորդ նվիրված էր գոյամարտին։

Այդ վեհ գործում դժվար է որեւէ մեկին նախապատվություն տալ, սակայն չի կարելի չառանձնացնել Ախալցխայի քաղաքագլուխ, 32-ամյա Զորի Զորյանի անփոխարինելի դերը (նա այդ պոստում աշխատեց 1917 թ. նոյեմբերից մինչեւ 1921 թ. գարունը): Իր այդ դժվարին ու բարդ գործունեության ընթացքում նա ցույց տվեց եւ ռազմական, եւ կազմակերպչական, եւ դիվանագիտական կատարյալ հմտություններ։

Թուրքական զորքերը ուխտադրժորեն առաջ էին շարժվում դեպի Անդրկովկաս։ Ստեղծվում էին հայկական եւ վրացական նոր գնդեր թշնամուն կասեցնելու համար։ Թուրքական իշխանությունները, որպեսզի կանխեն հայկական եւ վրացական զորքերի հզորացումը, նրանց թիկունքում ոտքի էին հանել Գանձակի, Երեւանի եւ Անդրկովկասի այլ շրջանների թուրքերին, որոնք մեծ ակնկալիքներով էին սպասում թուրքական զորքերի մուտքին Անդրկովկաս…

Նրանք բազմիցս դիմում էին Թուրքիայի կառավարությանը իրենց օսմանյան պետության կազմի մեջ ընդունելու համար։ Օրինակ, «Մշակի» 1918 թ. թիվ 89-ում կարդում ենք հաղորդագրություն այն մասին, որ Գանձակի եւ Շամախու թուրքերը Բաթում են ուղարկել պատվիրակություն «մուսավաթ» կուսակցության հայտնի անդամ, բժիշկ Սուլթանովի գլխավորությամբ միջնորդելու համար ընդունել իրենց օսմանյան պետության կազմի մեջ։

Հետ չէին մնում նաեւ Ախալցխայի թուրքերը, որոնք թուրք-օսմանյան մեծաքանակ զորքերի հաջողություններից էլ ավելի էին լկտիանում համակված անպատժելիության զգացումով։ Դրա վառ ապացույցն է Ածկուրի դեպքը, որը տեղի ունեցավ մարտի 6-ին։

Ախալցխայի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենքը Բորժոմից պետք էր տեղափոխել։ Սակայն Ածկուրում ճանապարհը փակ էր։ Դրա համար հայկական գումարտակի 60 ընտիր զինվորներ ուղարկվեցին ուժեղացված պահակախմբով իրականացնելու զենքի տեղափոխումը։ Զենքը բերվեց 9 կառքով եւ երկու ավտոմեքենայով։ Առավոտյան ժամը 6-ին հասան Ածկուր, ուր նրանց համար պատրաստված էր ծուղակ։ Թուրքերը ճանապարհը փակել էին գերաններով եւ իրենք դարանակալել։ Երբ հայ զինվորները սկսեցին մաքրել ճանապարհը, որոտացին թուրքերի համազարկերը։ Հայերը կարողացան ճեղքել շրջապատումը տալով 9 սպանված, 7 վիրավոր եւ 10 գերի։ Դարանակալների ձեռքն ընկավ նաեւ 4 կառք փամփուշտներով։ Չնայած հայ զինվորները հանկարծակիի եկան, բայց կատարեցին առաջադրանքը։ Մեկ ժամ հետո թուրքերի բարբարոսության բոթը հասավ քաղաք։ Հայերն ու վրացիները մի կողմից, թուրքերը մյուս կողմից, դիմեցին զենքի։ Սկսվեցին ռազմական գործողություններ, որոնք տեւեցին երեք օր։ Այս անգամ պաշարման մեջ գտնվող հայերն ու վրացիները զինված էին թե քաղքում, թե գյուղերում, որի շնորհիվ թշնամուն չհաջողվեց առաջ շարժվել։ Երկուստեք եղան զոհեր։

Գեներալ Արջեւանիձեի ջանքերով ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Մարտի 13-ին տեղի ունեցավ Ածղուրի անմեղ զոհերի թաղումը, որոնց թվում էր քաջարի զինվոր Աղասի Կորկոտյանը:

Հուղարկավորությանը ներկա էին գեներալ Արջեւանիձեն իր շտաբով, քաղաքային վարչության կազմը Զ. Զորյանի գլխավորությամբ, հայոց, վրաց եւ ռուսաց ազգային խորհուրդները, ինքնապաշտպանության հայկական գվարդիան, վրացական կարմիր գվարդիան եւ այլ զորախմբեր, ամբողջ քաղաքի բնակչությունը։

Այդ օրերին Ախալցխայի թուրքերին, քաղաքագլուխ Զ. Զորյանի կարգադրությամբ, պահում էին անվնաս տեղում հատուկ հսկողության տակ, որպեսզի նրանց հետ հաշվեհարդար չտեսնեն Ածղուրի անմեղ գոհերի վրեժը լուծելու համար։ Այս թուրքերը հետո փոխանակվեցին Ածղուրի եւ Աբասթումանի գերված, հայերի եւ վրացիների հետ։

Հիշարժան է նաեւ Դիպակ սարի ճակատամարտը։ Ապրիլի 23-ին 200 թուրք հետեւակայիններ եւ հեծյալներ շարժվում են դեպի Օրալ եւ Սազել հայկական գյուղերը։ Նրանց դեմ դուրս են գալիս այդ գյուղերից 170 կտրիճներ, եւ Դիպակ սարի վրա Օրալի Սաթորա-յայլայի մոտ սկսվում է մի ահեղ ճակատամարտ, որի ընթացքում հայ գյուղացիները թուրքերին ստիպում են նահանջել դեպի Դիպակ, որտեղից եւս քշում են 5-6 վերստ հեռու: Ջախջախված թուրքերը տալիս են 60 վիրավոր եւ 30 սպանված, որոնց թվում նախկին ստրաժնիկ քուրդ Շառոն, որն իր հարեմն էր տարել հարևան վրացական գյուղերից բազմաթիվ գեղեցիկ կանանց ու աղջիկների, ի դեպ Մուսխի կռիվների ժամանակ նրանց գերությունից ազատեցին հայերը տալով 2 սպանված եւ 5 վիրավոր («Շարժում», 1918 թ. թիվ 27, Զ. Դիդմամիշվիլի, օրագիր)։

Մայիսի 3-ին և 4-ին համառ մարտեր տեղի ունեցան հայկական Ծուղրութ եւ Ծիրա, հունական Միքելծմինդա գյուղերի մոտ։ Թուրքերը մեծ ուժերով միաժամանակ հարձակվելով ստիպեցին այս երեք գյուղերի բնակիչներին հեռանալ իրենց գյուղերից եւ ապաստան գտնել քաղաքում։ Այս գյուղացիները նախօրոք իրենց անասուններն ու գույքը տեղափոխել էին Ախալցխա, որովհետև ի վիճակի չէին երկար դիմադրել քաղաքից հեռու գտնվելու պատճառով։

Թուրքերը այս գյուղերը հրդեհեցին։

Ախալցխայի գավառում հայ-վրացական համագործակցության փայլուն էջերից է նաև Մուսխի արշավանքը, որը տեղի ունեցավ մայիսի 2-ին։ Վրացական Մուսխ գյուղը գտնվում էր թուրքական տասնյակ գյուղերի շրջապատման մեջ և ամիսներ շարունակ հաջողությամբ պաշտպանվում էր։ Սակայն մեծաքանակ թշնամիների ավելացող ուժերի ճնշման տակ մուսխեցիները եւս կարժանանային ճաճարակցիների, զուռզելցիների և տասից ավելի այն վրացական գյուղերի ճակատագրին, որոնք գավառի արևելյան մասում էին և տասնյակ կիլոմետրեր հեռու էին գտնվում քաղաքից և թուրքերի շրջապատման մեջ էին։

Այդ գյուղերի (Մուսխանդ, Լագ, Մինդա, Ձվելի-Կոբա, Դադեշ, Կունձա, Րոգեթ, Թոբա, Թոլոշ, Էլնա) վրա հարձակվելով այրել էին, զինաթափել ու կոտորել բնակչությանը, բռնաբարել կանանց ու աղջիկներին, կատարել սոսկալի բռնություններ…

Մուսխը ազատելու համար վրացական գումարտակի վաշտերը և քաղաքի ինքնապաշտպանության հայկական խմբերը գեներալ Մաղաշվիլու ընղհանուր հրամանատարությամբ մայիսի 2-ին շարժվեցին դեպի արևելք։ Զորքերը պետք է անցնեին բազմաթիվ թուրքական զինված ու կռվի պատրաստ գյուղերի մոտով, ինչը խիստ դժվարացնելու էր նրանց գործը։ Դրա համար արշավանքին մասնակցում էին նաև հայկական գյուղերի զինված ուժերը աջ թևից։ Մայիսի 3-ի առավոտյան վաղ թնդանոթներն ու հրացանների համազարկերը որոտացին Ուռավելի հովտում։ Քաղաքի ինքնապաշտպանության խմբերի և վրացական գումարտակի վաշտերի շղթաները թնդանոթների պաշտպանության տակ շարժվեցին Ուռավելի եւ Մուսխի ուղղությամբ: Ինքնապաշտպանության խմբերը Ուռավելչայի մոտ հասնելով ամրացան այնտեղ եւ պաշտպանեցին դեպի Մուսխ շարժվող վրաց զինվորների թիկունքը։

Վրացիները հասնելով Մուսխ և իրենց հետ վերցնելով գյուղի զինված ուժերը, արշավանքը շարունակեցին ճաճարակի և Զուռզելի ուղղությամբ և փակեցին թուրքերի ճանապարհները, որպեսզի անասուններն ու ինչքը կարողանան անվտանգ տեղափոխել դեպի Անղրեծմինդա, Սաֆարա և Ղռել գյուղերը։ Ռազմաճակատի աջ թևով, ինչպես ասվեց, շարժվում էին հայկական գյուղերի զինված ուժերը, որոնք պարտության մատնելով բազմաթիվ թուրքական գյուղերի զինվորականությանը առաջանում էին մեծ հաջողությամբ և ապահովում հիմնական ուժերի աջ թևի անվտանգությունը։ Հայ-վրացական ուժերին հաջողվեց իրականացնել Մուսխի ազատագրումը։ Այս մարտերում զոհվեց միայն վրացական գումարտակի խիզախ սպա Զեթգինիձեն Ձվելի գյուղից։ Նրա հուղարկավորությունը նույնպես վերածվեց համաժողորդական սգո հանդեսի: Ներկա էր ամբողջ քաղաքը։

Ցավոք պետք է նշել, որ Մուսխի հաջողությունը չզարգացավ թուրքական կանոնավոր զորքերի գավառում հայտնվելու պատճառով:

Շնորհիվ հայերի եւ վրացիների եղբայրական եւ անկեղծ համագործակցության, հերոսական եւ խելացի կազմակերպված ինքնապաշտպանության Ախալցխայի գավառի հայ եւ վրացի բնակչությունը պաշտպանեց իր գոյությունը, հիմնականում չբռնեց գաղթի դաժան ճանապարհը, որի անասելի ծանր հետեւանքները գոնե հայերիս գերազանց հայտնի են... Օրինակ հարեւան Ախալքալաքի գավառի 80000 գաղթականներից կես տարվա ընթացքում գաղթավայրերում սովից եւ համաճարակից զոհվեց 40 հազարը...

Չնայած հունիցի սկզբներին վրաց մենշեւիկները Ախալցխայի գավառը մինչեւ տարեվերջ հարկադրաբար զիջեցին Թուրքիային, այնտեղից հայերն ու վրացիները չհեռացան, որովհետեւ բարբարոս նվաճողներն անգամ ստիպված էին տեղի հայ եւ վրացի քաջարի բնակչության հետ վարվել բավականին զգույշ եւ հաշվի նստել նրանց հետ...