...նաև Սպիտակ Եղեռն/Ի՞նչ է սպասվում Սամցխե-Ջավախեթի հայությանը

Ջավախքցիների գողգոթան Ի՞նչ է սպասվում Սամցխե-Ջավախեթի հայությանը

Արտյուշ Սանոսյան

Սպիտակ Եղեռն կամ «Հայերը վերջին վագոն․․․»

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ


«Առավոտ»
7 օգոստոսի 1998թ.


Ըստ հունիսի 25-ի Արմենպրես Փրամ Նյուսի Թբիլիսիից կատարած հաղորդագրության (տես «Ազգ» 26 հունիսի)՝ Սամցխե֊Ջավախեթի (նահանգի պաշտոնական անվանումը) նախագահի լիազոր Գիգլա Բարամիձեն մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Սամցխե֊Ջավախեթի նախկին ոստիկանապետը՝ Վլ. Ախալկացին, Բաթումում, որտեղ նա այժմ աշխատում է որպես Աջարիայի ներքին գործերի փոխնախարար, ժողովրդավարական վերածնության միության համագումարում ելույթ ունենալով հայտարարել է, թե իբր իրեն Բարամիձեն, Շևարդնաձեի համաձայնությամբ, հանձնարարել է սպանել «Ջավախք» կազմակերպության երկու անդամի։ Գ. Բարամիձեն գտնում է, որ նմանօրինակ հայտարարություններն արվում են տարածաշրջանում անդորրը խախտելու, հայերի և վրացիների հարաբերություններում սեպ խրելու նպատակով:

Չնայած առանց կրակ ծուխ չի լինում, բայց փորձենք հավատալ պ. Բարամիձեին: Փորձենք հավատալ նաև Ախալքալաքի վարչության նախագահ պարոն Մուրադյանին, ըստ որի, սադրանքները կազմակերպվում են ընդդիմության կողմից... Նինոծմինդայի (Բոգդանովկա) վարչության նախագահ պարոն Ռ. Արզումանյանը ավելի վաղ Վրաստանի կառավարության ընդլայնված նիստում ունեցած իր ելույթում արտահայտել է այս միտքը հռետորական հարցադրմամբ. «Անհասկանալի է, ո՞ւմ է խանգարում շրջանում տիրող հանգստությունը, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ ապրում և աշխատում են ջավախեթյան բավականին բարդ սոցիալկենցաղային պայմաններում։ Ո՞ւմ է ձեռնտու անկայությունը Ջավախքում»։ (Ի դեպ, ինչպես տեսնում եք, մեծ բանաստեղծի խոսքերով ասած, միշտ «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես...»)։

Այս հռետորական հարցադրմանը ես անկեղծորեն կպատասխանեի, որ նահանգում անկայունությունը սադրում են Վրաստանի իշխանությունները, իրենց հեռագնա նպատակների համար։

Փաստերի տրամաբանական հետեւությունն այսպիսին է։

Հետևենք փաստերին։

Նահանգի (Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցիխեի, Սդիգենի, Բորժոմի շրջաններ) բնակչության 61%-ն այսօրվա դրությամբ հայեր են։ Սակայն նահանգապետարանում ոչ մի հայ ղեկավար չկա։ Նույնիսկ կրթության բաժնում չկա գոնե մեկ հայ տեսուչ, այն դեպքում, երբ հայկական դպրոցների թիվը հասնում է 120-ի։ Ախալցիխե քաղաքում և համանուն շրջանում, որտեղ հայերը կազմում են բնակչության կեսը (30 հազար) չկա ոչ մի հայ ոստիկան, էլ չեմ ասում ուրիշ պաշտոնների մասին։

Եթե Վրաստանը լիներ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր, ազգային հարցը ճիշտ և արդարացի լուծում կստանար և նահանգի ղեկավարներ և այլ պաշտոնյաներ ընտրելիս կպաշտպանվեր ազգային համամասնության սկզբունքը։ Նահանգի առաջին դեմքը և պաշտոնյաների 60%-ը կլինեին հայերը…

Նահանգի մոտ 150 հազար հայերի համար միայն մեկ հայերեն թերթ է լույս տեսնում, այն էլ ամիսը մեկ անգամ։ Դա Նինոծմինղայի (Բոգդանովկա) շրջանի «Արշալույս» թերթն է։ Իսկ 75 հազար հայ բնակչություն ունեցող Ախալքալաքի շրջանի «Փարոս» թերթը վաղուց է «հանգել»։ Նահանգային 16 էջից բաղկացած թերթի միայն կես էջ է հատկացված հայերենին։

Հայկական դպրոցներում վրացերեն լեզվի ուսուցիչը մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, քան մյուս առարկաների (այդ թվում հայոց լեզվի) ուսուցիչները։

Ջավախքի ազգագրական դեմքը փոխելու նպատակով Վրաստանի կառավարությունը անում է ամեն ինչ տարածաշրջանը վրացիներով բնակեցնելու համար, չնայած առանց այդ էլ տարածաշրջանում նեղվածք է, ու դաժան կլիմայական պայմանների պատճառով տեղացիները չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել տեղում և ռուսաստանում են այն հայթայթում։

Իր ցինիկությամբ աչքի է զարնում նաև վերջերս տեղի ունեցած հետևյալ միջադեպը։ Գեներալ Ա. Տեր-Թադեւոսյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակությունը մայիսի 23-ին մասնակցելու էր Ախալցիխեում տեղի ունենալիք հանդիսությանը նվիրված Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 80-ամյակին և Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918թ. հերոսամարտերի 80-ամյակին։ Սակայն պատվիրակության մուտքը Ախալցիխե կանխվեց...

Նմանատիպ բազմաթիվ փաստեր կարելի է մեջբերել, բայց այսքանն էլ բավական է գաղափար կազմելու համար, թե ո՞ւմ է ձեռնտու անկախությունը Սամցխե-Ջավախեթի նահանգում։

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում Վրաստանի իշխանությունները հիշյալ տարածաշրջանում։ Ինչպիսի՞ քաղաքական գնահատական տալ այս երեւույթին։ Վրաստանի իշխանությունների կողմից շովինիզմի արտահայտությո՞ւն է սա, սեգրեգացիա՞, ազգային խտրականությո՞ւն, անհանդուրժողականությո՞ւն Վրաստանի Հանրապետության թվով երկրորդ ազգության հայերի նկատմամբ (հայերը փոքրամասնություն չեն պաշտոնական վիճակագրության համաձայն, հայերի թիվը կես միլիոն է, չհաշված հարյուրհազարավոր վրացախոս հայերին)։

Այս ամենի նպատակը հայերին տեղահանելն է նահանգից, առանձնապես Ախալցիխեից։

Պարզ է, յուրաքանչյուր երիտասարդ երագում է աշխատանքի եւ պաշտոնի մասին։ Այս դեպքում տեղի հայ երիտասարդները տեսնելով ու քաջ գիտակցելով, որ իրենք նահանգում առանձնապես չունեն պաշտոնի ու աշխատանքի հեռանկար, եւ իրենց հայրենի հողի վրա զգալով օտարներ (Ախալցխան պատմական Հայաստանի Գոդերձական նահանգի գավառներից է, իսկ Ջավախքը Գուգարք նահանգի գավառներից է) հեռանում են ու այլեւս չեն վերադառնում։

Նահանգի հայության համար առաջանում է նոր պրոբլեմ կապված Ռուսաստանի կողմից Վրաստանում ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերելու հետ, որը շուտով արվելու է Ռուսաստանի կողմից։ Այդ դեպքում Թուրքիայի հետ երկրի հարավային սահմանը «պահպանելու» են վրացական սահմանապահները։ Սա նշանակում է թուրքական սպառնալիքը դամոկլյան սրի նման միշտ կախված է լինելու սահմանի համարյա ամբողջ երկայնքով բնակվող 150 հազար հայության գլխին։ Հիշենք 1920թ. աշունը, երբ Աթաթուրքը հարձակվելով Հայաստանի վրա գրավեց Ղարսի մարզը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը տեղահանելով ու ոչնչացնելով տասնյակ հազարավոր հայերի։ Թուրքերը չխնայեցին նաեւ «եղբայրական» Վրաստանի մաս կազմող Ախալքալաքի գավառի հայությանը։ 1918թ.-ից ընդամենը անցել էր երկու տարի։ Այն ժամանակ թուրքերի կողմից տեղահանված գավառի 80 հազար հայերի կեսը (40 հազար) ոչ առանց վրաց մենշեւիկների աջակցության ոչնչացել էր Բակուրիանի անտառներում ու Ծալկայում։ Եվ ահա, 1920թ. աշնանը գավառում տեղի ունեցավ նոր սպանդ, նոր գաղթ, բռնություն։ Տուժեցին հազարավոր հայեր։ Իսկ այն ժամանակ որտե՞ղ էին Վրաստանի սահմանապահ զորքերը... Հեռանկարը սարսափելի է։