...նաև Սպիտակ Եղեռն/Ճանաչել և նոր միայն վիճել

Վիշապաքարերը Մուրջախեթում Ճանաչել և նոր միայն վիճել

Արտյուշ Սանոսյան

Վիշապաքարերը Փարվանա լճի մոտակայքում
ՃԱՆԱՉԵԼ ԵՎ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՎԻՃԵԼ
«Արշալույս» 21 հունիսի 1983թ.

Հայտնի է, որ ճշմարտությունը հաճախ ի հայտ է գալիս բանավեճերի շնորհիվ։ Ու դրա համար էլ, երբ կարդացի Ն. Զորօղլյանի եւ Մ. Հովսեփյանի արձագանք-հոդվածը («ճանաչել եւ պահպանել») իմ հոդվածի («Վիշապաքարերը Փարվանա լճի շրջակայքում») կապակցությամբ գրված, անկեղծորեն ուրախացա։ Բայց միաժամանակ ընկերների չպատճառաբանված, կռվարար դիրքը հաճելի չէր։ Այնուամենայնիվ, նրանք վիճում են «իրենց» հուշարձանների շուրջը... Այո, արդարացի է եւ օգտակար բանավեճը, երբ նյութը կողմերը ուսումնասիրել են հանգամանորեն եւ ունեն ասելիքը հիմնավորող համոզիչ ու անկասելի փաստեր։ Ցավոք, ինչպես երեւում է, ընկերները առանց փաստերի «վիշապների» մասին ստեղծել են իրենց սեփական պատկերացումը, որը չի համապատասխանում ընդհանրապես վիշապ-կոթողների արտաքին նկարագրին, նրանց էությանը: Օրինակ, ընկերների կարծիքով վիշապաքարերը այնպիսին են, որ դրանք նույնիսկ տապանաքար են դարձել, եւ ցույց են տալիս տեղը՝ Փոկայի հին գերեզմանոցը։ Սակայն ամբողջ աշխարհին հայտնի է, որ անգամ ամենամեծ տապանաքարի երկարությունը չի կարող անցնել 1.5 մետրից, հաստությունը 50, լայնությունը 60 սանտիմետրից։ Իսկ այդ դեպքում ինչպես կարելի է վիշապաքարերը դարձնել տապանաքար, երբ դրանց երկարությունը 3.5-5 մետր, հաստությունը 0.70-1 մետր, լայնությունը 1-1.2 մետր է։

Այնուհետեւ ընկերները գտնում են քանի որ Ջավախքի քարակոթողների մասին Մ. Աբեղյանն ու Գ. Ղափանցյանը եւ այլոք առանձին աշխատություն չեն գրել, ուրեմն չպետք է վիշապաքարերը վիշապաքար անվանել...

Նախ, վերոհիշյալ գիտնականներն իրենց աշխատություններում հանգամանորեն նկարագրում են Մուջախեթի, Գանձայի եւ Շիպյակ-Սանոմերի (Ծալկա) վիշապաքարերը (չհաշված բազմաթիվ մյուսները), որի շնորհիվ, ըստ իս, կարելի է լրիվ գաղափար կազմել այդ կոթողների մասին։ Իսկ հետո, մի՞թե չի կարելի ուսումնասիրել վիշապաքարերը անալոգիայով, ինչպես, ասենք, Թիքքար վիշապաքարը, որը բոլոր տվյալներն ունի «նույնանալու» իր մյուս քույր-վիշապաքարերի հետ...

Ինչ վերաբերվում է Փոկայի եւ Վլադիմիրովկայի քարակոթողներին, ապա դրանց մասին ես իմ հոդվածում խոսում եմ վերապահորեն, որովհետեւ միայն չափերն են համապատասխանում վիշապաքարերին։