...նաև Սպիտակ Եղեռն/Չտգեղացնենք ամանորը

ՉՏԳԵՂԱՑՆԵՆՔ ԱՄԱՆՈՐԸ
«Արշալույս»
21 դեկտեմբերի 1982թ.


Նոր տարին հնում մեր նախնիները տոնում էին բնության գարթոնքը նշանավորող բարեկենդան տոնի հետ, երկու շաբաթ անընդհատ երգ ու պարով, կերուխումով, այնուհետեւ հայոց նավասարդ ամսի 1-6-ը (օգոստոսի 11-16-ը) տոնակատարությունը այդպես էլ կոչում էին նավասարդ։

Ինչպես նշում է ազգագրագետ Վ. Բդոյանը, Նոր տարվա տոնակատարությունը կապված էր ընտանեկան ու համայնքային հարաբերությունների բարելավման, մարդու կյանքի նորացման գաղափարի եւ տնտեսության բարգավաճման հետ։ Դրա համար էլ տոնի նախօրյակին (մեզանում նաեւ տոնի օրը) վերացվում էին խռովությունները, հաշտվում էին մարդիկ միմյանց հետ։

Հիմա էլ այդ գեղեցիկ, բարի եւ մարդասիրական ավանդույթը ինչ-որ չափով պահպանվել է, որը բոլոր դեպքերում խրախուսելի է։

Տոնի օրերին վաղ առավոտից սկսած Ջավախքում մարդիկ օղիով եւ քաղցրավենիքով փոխայցելություններ էին կատարում եւ բարեմաղթություններ անում միմյանց (այս սովորույթը պահպանված է հիմա եւս, ցավոք, դրան գումարած բազմաթիվ ու բազմապիսի «նվերները»)։

Տանտիրուհին երեխաներին եւ տան մյուս անդամներին կաղանդում էր մրգերով, քաղցրավենիքով, ինչպես նաեւ յուրաքանչյուրի անձնական տոպրակն էր գցում նրան պատկանող մարդանման թխվածքը։

Այս պարզ տոնախմբությունը ավելի հաճելի եւ գեղեցիկ կլիներ, եթե անհարկի միջամտություններն ու այլանդակ ձեւով աղավաղումները չլինեին…

Առաջներում, հին սովորույթի համաձայն, դեկտեմբերի 31-ի երեկոյան երիտասարդ տղաներն ու աղջիկները ծպտված բարձրանում էին իրենց սիրեցյալի կտուրը, որպեսզի երդիքից (կամ դռների մոտ կանգնած) լսեն այդ ընտանիքի խոսակցությունն իրենց մասին։ Այդպես «բախտերն ին փորձում,…»։ Այս երեւույթը անքաղաքավարություն չէր համարվում, որովհետեւ հասարակության կողմից ընդունված սովորույթ էր, նույնիսկ ինչ-որ տեղ թատերականացված (այդ օրը բոլորը զգույշ էին եւ րեւէ ինտիմ խոսակցություն կամ անհարկի արտահայտություններ չէին թույլ տալիս, հաստատ գիտենալով, որ իրենց «գաղտնի» լսողներ կան)։

Փողոցներում, բակերում եւ կտուրներին վխտում էին 8-15 տարեկան տղաները։ Նրանք իրենց տոպրակները երկար պարաններով կախում էին թոնրատան կամ գոմի երդիքից եւ ուշադրություն հրավիելու համար ձայնը փոխելով «Ցնծա» (այսինքն նվեր տուր) էին կանչում։ Ոչ ոք չէր մերժում նրանց առանց գիտենալու, թե ովքեր են…

Այս սովորությունը, գյուղական բնակչության նոր, տիպային տներ տեղափոխվելուց հետո, որոշ տեխնիկական փոփոխություններով (երեխաները տոպրակները թելից կապած դռնից էին ներս նետում) պահպանվեց մինչեւ վերջին տարիները, եւ հետո հանկարծ այնպիսի այլանդակ ձեւ ընդունեց, որ փշաքաղվում են մարդու մազերը…

Մեր գյուղում, օրինակ, եղել է դեպք, երբ դեկտեմբերի 31-ի երեկոյան 8-18 տարեկան տղաներ ու աղջիկներ մտել են ուրիշների տները, գազասալերի վրայից թռցրել Նոր տարվա տոնի համար պատրաստվող կերակուրները, անգամ հում մթերքները, ջարդել ամանները։

Մարդ դժվարանում է գնահատել այս տգեղ երեւույթը։ Ի՞նչ անեն մարդիկ։ Փակե՞ն դռները (Նոր տարվա օրերին պատշաճ չէ դուռ փակելը), թե՞ պարեկեն դրսում…

Պակաս քստմնելի երեւոյթ չէ նաեւ մեր անտառազուրկ բարձրալեռ շրջանում տոնածառի համար ծառ կտրելը։ Արդյոք արժե՞ մի երեկոյի համար բարբարոսաբար հատել ու ոչնչացնել 15-20 տարում հազիվ աճած ծառը։ Ոմանք փորձում են անհեթեթ պատճառաբանությամբ արդարանալ, թե իբր իրենց կտրածը միայն մի ծառ է… Իսկ չէ՞ որ մի քանիսի կտրածը արդեն անտառ է…

Մեր նախնիները պաշտել են իրենց հանգուցյալներին, այցի են գնացել նրանց գերեզմաններին։ Դրա համար հատուկ օրեր են ունեցել։ Իսկ Նոր տարին եղել է միայն եւ միայն ուրախության օր։ Նոր տարվա օրերին իրենց պահել են ուրախ, մոռացած վիշտ ու կարիք, որպեսզի ամբողջ տարին այդպես անցնի…

Իսկապես, դա վատ չէ։ Իսկ ի՞նչ են անում հիմա։ Վաղ առավոտյան այցելում են գերեզմանատուն։ Թե այնտեղ ինչ է կատարվում բոլորիս պարզ է։ Մարդիկ դառնացած հոգիներով, համակված վշտով են սկսում օրը։ Տոնական տրամադրությունները լրիվությամբ փչացած… Որից հետո անմիջապես բեռնված օղու շշերով մի քանի օր անընդմեջ վազում են հանգուցյալների տները, նրանց հարազատներին գցելով ծանր կացության մեջ։

Եկեք, ուրեմն, հարգելի մարդիկ. Նոր տարվա այդ երկու-երեք օրերը նվիրեենք միայն ուրախության։ Թույլ չտանք երեխաներին «գրոհելու» տների վրա, արգելենք ծառեր կտրելը, անցյալ տարվա հանգուցյալներին այցելեն միայն ամենամոտիկ հարազատները։ Այսպես, այո, ավելի հաճելի ու գեղեցիկ կդառնա ամանորը։