...նաև Սպիտակ Եղեռն/Սուլդա

Սուլդա

Արտյուշ Սանոսյան

ՍՈՒԼԴԱ
«Հզոր հայրենիք»

թիվ 21,

18 նոյեմբերի 1998թ.

Ջավախքի հնագույն գյուղերից է։ Այն Պտղոմեոսի քարտեզում նշված Ջավախքի երկու քաղաքներից մեկն է։ Պտղոմեոսի քարտեզում Sedala (Սեդալա) եւ Surta (Sunta) Սուրտա (Սունտա) բնակավայրերի դիրքը միմյանց նկատմամբ եւ աշխարհագրական պարագծերն (կոորդինատները) այնպիսին են, ինչպես ժամանակակից Սաթխայի ու Սուլդայի։

Սուլդան Սաթխայից ուղիղ գծով մոտ 25 կմ դեպի հարավ-արեւմուտք է ընկած, Ախալքալաքից 20 կմ հեռավորության վրա, Ախալքալաք-Կարծախ ճանապարհին։ Ինչպես տեսնում ենք, քարտեզում նշված Surta (Sunta)-Սուրտա (Սունտա) բնակավայրի անվանումը 2 հազար տարվա ընթացքում աննշան հնչյունական փոփոխության է ենթարկվել եւ դարձել է Սուլդա։

Գյուղամերձ սարի վրա պահպանված են այդ ամրոց-քաղաքի ավերակները։ Այն չպիտի շփոթել Կուր գետի աջ ափին գտնվող Ծունդա
Սուլդա գյուղի խաչը
(նկ․՝ Ս․ Կարապետյան)

(Քաջաց տուն) քաղաքի հետ, ինչպես հաճախ տեղի է ունենում։

Սուլդան որպես գյուդ հիշատակվում է նաեւ միջին դարերում։ Այն տեղ է գտել Զաքարյանների իշխանության ժամանակների Անի քաղաքի ամենահայտնի մեծահարուստներից մեկի՝ մեծ բարեգործ, մեծատուն Տիգրան Հոնենցի 1215թ. թողած արձանագրության մեջ։

Արձանագրության բովանդակության համաձայն Տիգրան Հոնենցը, Զաքարյանների ենթական («ծառան») կառուցել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ վանքը եւ այդ վանքին է նվիրել 3 գյուղ, 6 այգի, տներ, կրպակներ, խանութներ եւ այլն։

Թվարկվող գյուղերի շարքում Սուլդայի մասին գրվում է հետևյալը. «... (7) Ծունդա (Սուլդա) գյուղի երկու դանգը (դանգը ամբողջի 1/6-ն է), որտեղ կանգնած է խաչ... (Հ. Մանանդյան, հ. Զ (6), Երեւան, 1985թ., էջ 200)։

Այս դեպքում էլ Ծունդան (Սուլդան) չպետք է շփոթել Ծունդա-Քաջաց տան հետ։ Ինչպես տեսնում ենք արձանագրությունից, Սուլդան Ծունդայից տարբերելու համար նշվում է նաեւ գյուղի մոտի խաչի մասին։ Այս խաչի մասին Երվանդ Լալայանը գրում է. «... Սրա արեւելահարավային կողմում ձգվում է Գյոգդաղի շղթան, հարավային կողմում բարձրանում է Սրբի սարը, որի գագաթին կանգնեցրած է մի քարե մեծ խաչ...»։ 9-10-րդ դարի այդ խաչի չափերն են 190x130x50 սմ (տես Ս. Կարապետյան, Ջավախքի խաչքարերը, Երեւան, 1995թ.)։

1830թ. հայերի նոր շերտը Սուլդա է եկել Էրզրումի վիլայեթի Թորթում գյուղից։

Սուլդայում է ծնվել գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ Հ. Մ. Մալխասյանը։