...նաև Սպիտակ Եղեռն/Վրաց աղբյուրները հայ իշխանների մասին

ՎՐԱՑ ԱՂԲՅՈւՐՆԵՐԸ

ՀԱՅ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայք»

թիվ 64,

5 ապրիլի 1997թ.

Վրաստանը, Դավիթ 4-րդ Շինարարի (1089-1125) և Թամար (1184-1210) թագուհու ջանքերով, Անդրկովկասում դարձավ ամենահգոր պետությունը։ Վրաց-հայկական համագործակցության շնորհիվ մահմեդական ամիրայությունների լծից ազատագրվեց Հյուսիսային Հայաստանը և մտցվեց վրաց պետական կյանքի ոլորտի մեջ։

Վրաստանի հզորացման գործում անչափ մեծ էր հայ ժողովրդի գավակների դերը, առանձնապես Զաքարյան իշխանների, որոնց փայլուն ծառայությունների համար Թամար թագուհին նրանց շնորհեց համարյա ամբողջ Հյուսիսային Հայաստանը (բացառությամբ Կարսի) և այդ իշխանությունը օժտեց ներքին լայն ինքնավարությամբ, որն աղբյուրներում հիշատակվում է «թագավորություն», և Զաքարյան իշխանները մեծարվում են ընդհուպ «թագավոր», «արքա», «շահնշահ», «արքայազն», «կեսար» տիտղոսներով…

Զաքարյան-Երկայնաբագուկներից (վրացերեն Մխարգրձելի) բացի նաև ուրիշ շատ հայկական իշխանական տներ ազնվաբար ու անձնազոհաբար ծառայում էին վրաց արքունիքին։ Այդ իշխանական տների ներկայացուցիչներից էին Ենուք Արքուն-Ենիկոլոպովը, Շադինը (որոշ ձեռագրերում Բադին), Սադուն Մահկանաբերդցի Արծրունին, նրա որդի Խութլուբուղան և այլք (տես «Վրաց ժամանակագրություն» (1207-1318), թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ Պ. Մոլրադյանի, ԳԱ հր., Ե., 1971թ.)։

Թաթար-մոնղոլական հորդաները 1236թ. ամռանից սկսած, 10 տարում համարյա ամբողջովին նվաճեցին Հայաստանը եւ Վրաստանի մեծ մասը։ Նորաստեղծ մոնղոլ-իրանական պետության («իլխանության») կազմի մեջ մտան Իրանը, Ատրպատականը, Առանը, Շիրվանը, Հայաստանը, Արեւելյան Վրաստանը եւ այլն։ Արեւմտյան Վրաստանը, Տրապիզոնի հունական կայսրությունն ու Կիլիկյան Հայաստանը Հուլավյանների վասալներն էին։

Այս ժամանակաշրջանում Վրաստանի թագավորները թաթար-մոնղոլական խաների ձեռքին դարձել էին խաղալիք։ Նրանք որպես թագավոր հաստատվում էին մոնղոլական խաների կողմից եւ հարկ էին տալիս նրանց, իրենց զորքերով մասնակցում էին խաների արշավանքներին։ Ահա այս հանգամանքներում էին գործում վերոհիշյալ հայ իշխանները։ Նրանց գործունեությունը նկարագրված է ինչպես հայ պատմիչների, այնպես եւ վրաց ժամանակագիրների կողմից։ Ստորեւ բերենք մի քանի փաստեր։

1259թ. Հուլավու խանի մոտ գտնվող վրաց թագավոր Դավիթ Նարինը (մոնղոլերեն կրտսեր), չկամենալով մասնակցել մոնդոլ-թաթարների դեպի Սիրիա կատարելիք արշավանքին, փախավ Վրաստան եւ ապստամբություն բարձրացրեց։ 1260թ. աշնանը Դավիթ Նարինի սկսած ապստամբությունը շարունակեց Ուլու (մոնղ. ավագ) Դավիթը։ Ինչպես գրում է վրաց ժամանակագիրը, զայրացած Հուլավու խանին հայազգի Ենուք Արքունը երաշխավորում էր չվնասել Դավթին ու նրա որդի Գեորգիին եւ հասավ իր նպատակին ազատեց Դավիթ թագավորի որդիներին, իսկ թագավորին տարավ հորդա... Ի դեպ, այդ ժամանակ Արղուն խանը Թփղիսի «... ինչպես եւ բուն թագավորության» կառավարիչ է նշանակում հայազգի Շադինին։

Երբ Պարտավում Ուլու Դավիթը Ենուք Արքունի ներկայությամբ Հուլավու խանի կողմից հարցաքննվում էր, խանի եւ հարցաքննվողների միջեև որպես թարգմանիչ հանդես էր գալիս հայազգի իշխան Սադունը։ Սադունի կողմից վրաց թագավորին մատուցած մեծ ծառայության մասին վրաց ժամանակագիրը գրում է հետեւյալը. «...Ենուք Արքունն ու մեծն Նոյինը նստել էին կենտրոնում, իսկ Սադունը բարվոք թարգմանում էր, ձեւակերպում թագավորի ասածները, որովհետեւ թագավորը փոքր-ինչ կարկամում էր. Սադուն Մահկանաբերդցին լավ էր ճարտասանում» (Տես «Վրաց ժամ.», էջ 120)։

Ժամանակագիրը մեծ գովեստով ու ակնածանքով է խոսում ընդհանրապես Սադունի մասին «որ իմաստուն ու խելոք մարդ էր, բարեխոհ, բարետես, ուժով հույժ զորեղ, նշանավոր, ընտիր ըմբիշ, վարպետ նետաձիգ; (Նա էր), որ կանգնեց Ուլոյի առաջ, երկրպագեց եւ ձեռները ծալած ասաց. «Քանզի Աստված ձեզ բոլոր թշնամիների հանդեպ հաղթանակ տվեց, ձեզ լավագույնը համարեց ամենայն մարդկանցից, իսկ այստեղ 100000 զինվոր կա (թաթար-մոնղոլական եւ վրաց-հայկական– Ա.Ս.) ով էլ կոխ ու ըմբշամարտ կամենա ինձ հետ կամ նետաձգություն թող գա, պատրաստ եմ»։ Ոչ ոք չգտնվեց նրա պես ըմբշամարտող, իսկ գտնվածներին էլ հաղթեց։ Եվ այսպես Ուլո խանի սիրելին դարձավ»։

Սադունն Ուլոյի (Հուլավու) հաջորդ Աբուղա խանի կողմից եւս արժանացել էր մեծ հարգանքի եւ հզորանալով «… սկսեց խնամակալ լինել Վրաստանի գործերին…»։ Վրաց ժամանակագիրը շարունակելով իր խոսքը Սադունի մասին, գրում է. «… Բայց, այնուամենայնիվ, Սադունի ձեռքում էր (թագավորը), որովհետեւ խանը Սադունին հույժ զորացրեց։ Դիմիտրե թագավորի իրավասությունից հանեց Թելավն ու Բելաքանը, շատ (այլ) երկրներ, եւ Սադունը բարվոք վարում էր Վրաստանի գործերը։ Ուստի նրա օրոք թաթարների կողմից բռնություն եւ անիրավություններ չէին լինում, ոչ մեծ նոյինների, ոչ էլ էլչիների կողմից։ Այսպես շենացավ Վրաստանն ու զորացավ» (Տես «Վ. ժ.» էջ 142)։ Նույն էջում կարդում ենք. «(Սադունը) բայց աղքատների ու վանքերի հանդեպ բարի գործ էլ կատարեց եւ իր կենդանության օրոք ինքը վճարեց Գարեջայի տասներկու անապատների մալն ու ղալանը, ազատեց (հարկերից) Գարեջի Երկիրը եւ ծառայում էր Դիմիտրեին։ (Սադունը) հզորացավ զորքով ու ոսկով, արծաթով, երամակներին ու նախիրներին թիվ չկար, որովհետեւ կենսուրախ, բարեխոս, իմաստուն մարդ էր, ուստի Աբուղա խանը լսում էր նրա խոսքը»։

Ցավոք, այդ մեծ հայի եւ Վրաստանի մեծ գործչի Սադուն Մահկանաբերդցի Արծրունու հասցեին, ինչպես պարոն Պարույր Մուրադյանն է նշում «Վրաց ժամանակագրությունը գրքի 69-րդ ծանոթագրությունում, Ց. Կախիանին իր գրքում անհարկի լուտանք է թափում, նրան կոչելով երկերեսանի, սեւերես, դավաճան։ Մինչդեռ, ինչպես վերեւում տեսանք, վրացական աղբյուրը նրան մեծ դրվատանքով է ներկայացնում։ Այո, արդարացի է պ. Պ. Մուրադյանը, հայհոյելու փոխարեն օգտակար էր խնդրի հյուսկեն քննությամբ զբաղվել։ 1281թ. Սադուն աթաբակը մահացավ եւ, ինչպես վկայում է ժամանակագիրը, նրա կալվածները թագավորը պարգևեց նրա որդի Խաթլուբուղային և սպարապետության պատվի բարձրացրեց։ Որդին ևս հոր նման ազդեցիկ ու կարող անձնավորություն էր։ Նրա հետ նույնպես խաները հաշվի էին նստում և հաշվի առնում նրա կարծիքը Վրաստանի թագավորներ նշանակելիս… Պատահական չէ, որ Դիմիտրե թագավորը, դիմելով Խութլուբուղային, ասում է. «եթե կարող ես մահվանս ժամին խանի առաջ օգնիր ինձ, իսկ եթե չես ուզում փրկիր կրտսեր որդուս Դավթին, որպեսզի չսպանի նրան բարկությամբ լեցուն խանը»։

1289թ. գլխատեցին Դիմիտրեին (Դեմիտրե 2-րդ, Անձնազոհ), որին մոնղոլները մեղադրում էին իլխանի դեմ ապստամբություն բարձրացնելու մեջ։ Վրաց գահը մնաց թափուր։ Ըստ վրաց ժամանակագրի, Արղուն խանն իր մոտ է կպնչում էսութլուբուղային և ասում. «Ջնջեցի, ահա, իմ բոլոր թշնամիներին, ինչպես և քո թշնամի Դիմիտրե թագավորին, և արդ այլևս թագավոր չկա։ Կատարիր ինչ խոստացել էիր ինձ։ Բեր ափխազների թագավորի որդուն, թող նա թագավոր դառնա, այն ժամանակ տնօրինությանդ կհանձնեմ ողջ Վրաստանը, վարիր ինչպես կամենաս…» (Տես «Վ.Ժ.» էջ 159)։ Խութլուբուդան բերեց Նարին Դավիթի տղային Վախթանգին (Ռուսուդանի թոռանը) և Արղունը վրաց գահը հանձնեց Վախթանգին։ Իսկ վերջինս որպես երախտագիտության նշան «… Խութլուբուղային բարձրացրեց աթաբեկության ու ամիրսպասալարության պատվի, երկու պաշտոնն էլ շնորհեց, նաև թագավորության (արքունիքի) վարումը» (Տես «Վ.Ժ.» էջ 160)։

Երբ 1292թ. կարճատել թագավորելուց հետո մահացավ Վախթանգը, նորից Խութլուբուղայի առաջադրած թեկնածուն կառափնված Դիմիտրեի որդին Դավիթը, գահ բարձրացավ, որի հետեւանքով էլ 1293թ. մոնղոլների կողմից Խութլուբուդան մահապատժի ենթարկվեց…

Հետագայում ևս շարունակվում էին հայ-վրացական նմանատիպ հարաբերությունները։

Մենք փորձեցինք Վրաստանում 100 տարի տևած մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում հայ-վրացական հարաբերություններին վերաբերող մի քանի դրվագներ ներկայացնելով ցույց տալ մեր երկու եղբայր ժողովուրդների սերտ համագործակցությունը։