1887


Արի՛ դու, արի՛,
Քո գալըդ բարի՛,
Սիրուն նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ։
Ձյուն տուր սարերին,
Անձրև՝ արտերին,
Կարկուտը՝ չարին,
Զով արևը՝ մեզ։
Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ։
Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ։
Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիմակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ։
Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին,—
Մինչ շատ թշվառներ՝
Այրիք ու որբեր
Ցամաք չոր հացի
Կարոտ մնացին…