1915

1.
1915-ից առաջ եղած
Բոլոր տարեթվերը
Խղճահարված ինձ են նայում՝
Իրենց անտարբեր աճով
Ողբերգությունը հասունացնելու համար...
1915-ից հետո
Բոլոր տարեթվերը
Փախչում են իրենց տեղից`
Հասնելով անարգանքի սյունին...
Եվ այս էլ քանի սերունդ
Ծնվում և մահանում է
1915-ին...

2.
Զավակիս մոտ
Առաջին անգամ հնչեցրի
«Թուրք» անունը...
Նա վստահ նայեց աչքերիս,
Ձեռքերը պոկեց խաղալիքից
Ու գլուխը կախեց...
Ես նրան ոչինչ չեմ հուշել.
Նա ամեն ինչ հիշում էր...
Ծնվել էր 1915-ին...

3.
Ամեն մի բջիջի, մոլեկուլի ու հյուլեի մեջ
Բանաստեղծություն կար`
Երգ,
Որն ամլացավ Դեյր–Զորի
Խանձված ավազներում...
Եվ քամու բերանն ընկած
Արյան գնդիկները
Հառաչելով տապլկվում է
Իմ հիշողության ավազուտներում,
Իսկ երգն ամեն վայրկյան կաղկանձում է
Ողբ դառնալու վախից...
Բոլորը գիտեին,
Որ իմ ցնծության տեսիլները
Խղճմտանք են հարուցելու,
Երբ ամբողջ ճիգով
Խելագար աչքերս հառեմ
Բանաստեղծության ցնորքին...
Խանձվող ավազուտներում
Հրոսակակիր ձիերի սմբակները դաջում են
1915։

4.
Ես այնտեղ էի,
Եվ մեկ ու կես միլիոն
Զոհվածներն եմ ես...
Ես մահից չեմ վախենում.
Ես ապրում եմ
Մեռյալների հիշողությունում...
Ես մեռել եմ
1915-ը բազմապատկած
1915 անգամ...

5.
«Հրազդան» մարզադաշտում,
Ծիծեռնակաբերդի
Նորաբողբոջ ու թլպատված
Սյուների ներքո,
Թուրքիայի դրոշն է ծածանվում,
Եվ մարմինը լքած հոգիները
Խանձվում էին
Հավերժական կրակի վրա...
Սարսափել,
Քան դժոխքը...