1988


Ճաք է տվել խաչքարաբուռ ակն աղբյուրի,
այս որտե՞ղ է կորչում, արդյոք, ջրիկը ջինջ,
այս որտե՞ղ է երգն աղբյուրից զատել իրեն,
այս որտե՞ղ է հավքը իր մեկ ոտքին կանգնում.
իրար բեր քո ափերը զույգ, թող ա՜կ լինի...

Ճղակոտոր ծիր-ծիրանուն մի ճյուղ մնաց,
նա էլ ասես ամաչում է ծաղկել, մեղա՜,
անցվոր օրվա սաղմոսի մեջ փո՛ւշ կա սրտի,
քարերն իրար կորցրել են երկնի ճամփին.
ցավիս վրա մի դուռ դարձիր ու բա՜ց մնա...

Մի հին երազ փլուզված տան շեմին հանգավ,
ծաղկի դեմքին լույսը սառավ կավամանում,
ճամփեքը դեռ փնտրում են հեգ ճամփորդներին,
քարերի մեջ ծաղկեց ծնվող մանկան մի ճիչ.
ճոճքը ծիրան ծառից արեք, որ ծառն ապրի՜...

Տարին իրեն դուրս է քաշում փլատակից,
եւ կապույտը հայոց գետում կապար է մութ,
սյունը օրվա ծռված մեջք է... Եվ թոռանը
փնտրող մի տատ դեռ տիկնիկն է գտել թոռան.
ոգիդ երկինք արա վրաս՝ արե՛ւ լինի...