Տնականչ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (1992, ինը մայիսի)

Վարդան Հակոբյան

Հայրենական
1992, ԻՆԸ ՄԱՅԻՍԻ

                        Աշոտ Ավանեսյանին
                        Շահեն Սարգսյանին
                        Գագիկ Ավշարյանին

Արցախադարձ երկնքից արեւը բոց է թափում, -
Արյան հետքը մայթերին ծաղկանց բաժակ է պարզել,
Ձեռագործում աղջկա մոսինի փողն է հյուսվում,
Ծառի ջարդված թեւերում դեռ պահվում է թռիչքը.
Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։

Տունդարձի մեջ դարավոր դոփյուններ կան ձիերի, -
Իրար կորցրած աչքերի որոնումը չի հատնում,
Մութը խեղդած աստղերը անհուններում ծաղկվում են,
Փլատակված ձայները ծիլ են տալիս խորոտիկ.
Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։

Խաչքարերը թեւեր են մարիամակույս ճամփեքին, -
Գմբեթներին մեր լերանց վերադարձը համբույր է,
Լարումի մեջ իմ կանչի Ձենով Օհանն է հառնում,
Անձրեւները տանում են փոշիները լեթարգյան.
Օգնական լեր, Տեր Աստված - հույսս միայն ես լինեմ։

Ճերմակ վազքում լեռների վերքերը հուր են դառել, -
Քիրսի լանջին գյումրեցի Ավետիքը նինջ մտավ,
Մորմոքները նաիրյան կանթեղներ են հառնումի,
Որոտմունք են ձորերը, Շուշվա կրծքին՝ շուշան վարդ.
Օգնական լեր, Տեր Աստված - հույսս թող միշտ ես լինեմ։