1 հունվարի
1 ՀՈՒՆՎԱՐԻ
Շնորհավոր Նոր տարի...
Թեև պիտի նա մարի
Իմ վաստակած սրտի մեջ
Դարձյալ մի հին իղձ կամ տենչ,
5
Թեև պիտի ինձ բերի
Միայն ծանրություն հոգսերի,
Տան ծախքերի պրոզան,
Եվ հալածի իմ մուզան...
Բայց ինչքան էլ լինի վատ,
10
Ես միշտ ունեմ ժայռ հավատ
Դեպի կյանքն ու ապագան,
Եվ հույս ունեմ, թե կըգան
Սեր, սփոփանք, խնդություն...
Այդ հույսով էլ աննկուն
15
Ես կանչում եմ՝ սըրտալի–
Շնորհավոր Նոր տարի,
Եվ մաղթում եմ ձեզ համար
Նոր բաղդ, նոր օր ոսկեվառ։
1898