2012թ. հունիսի 20, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկում (Աղվան Վարդանյանի ելույթը)

Հարգելի՛ խորհրդարան, հարգելի' կառավարություն

Աղվան Վարդանյան

Հարգելի՛ խորհրդարան, հարգելի' կառավարություն

Ձեզ շնորհավորում եմ հին ու նոր պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Այն, ինչ ասելու եմ այս ամբիոնից՝ և՛ այսօր, և՛ այսուհետ, մեկ նպատակ է ունենալու՝ հանրության եւ մեր անկախ պետականության շահը: Վիրավորելու, չարախնդալու, միայն վատը տեսնելու բնավորություն ու պատճառ չունեմ: Մի խոսքով՝ անձնական ոչինչ, միայն պետականություն: Իմ կուսակցության եւ իմ պատկերացրած Հայաստանն է չափման միավորը:

Հիմա՝ հին ու նոր կառավարության ծրագրի մասին: Մեկ բառով՝ այն, թող կոպիտ չհնչի, պիղատոսյան է՝ ձեռքերը լվանալու քաղաքականություն: Բացատրեմ. սա նույն թիմի ծրագիրն է, որ չորս տարի առաջ, նախորդ շրջանի դրական փորձի հիման վրա, ներկայացել էր համարձակ, հավակնոտ, շոշափելի արդյունքներ նախանշող, հիմնարար փոփոխություններ խոստացող փաստաթուղթ: Այս ծրագիրն ավելի շուտ նախորդի ծաղրանկարն է: Զգուշավոր, պատասխանատվությունից խուսափող, նվազագույն կոնկրետ ցուցանիշներ առաջադրող: Եվ նույնիսկ դրանք հասանելի կլինեն, եթե արտաքին շատ իրական ռիսկերը չխանգարեն, որ խոհեմաբար դրված են ծրագրի վերջում: Այնպիսի տպավորություն է, կարծես, այս թիմը չորս տարի չի ղեկավարել գործադիր իշխանությունը և չգիտի ինչը ինչից հետո ու առաջ է: Մինչդեռ ղեկավարել է և ղեկավարել է՝ այդ իշխանությունը հետևողականորեն, քայլ առ քայլ կենտրոնացնելով, նախարարների ու նախարարությունների ինքնուրույնությունը սահմանափակելով:

Այս ծրագիրը բառապաշարով, ժամանակակից, գեղեցիկ ձեւակերպումներով առնվազն 70 տոկոս կրկնում է նախորդը, սակայն չափից ավելի անորոշ ու անհամարձակ է կոնկրետ արդյունքներ, կոնկրետ պատասխանատվություն ստանձնելու առումով: Կարճ՝ ձեռքերը լվացողի մոտեցում է: Միայն պարզ չէ՝ վեց-յոթ ամիս է տևելու այդ արարողությունը, թե՞ հինգ տարի:

Ընդարձակ մեջբերում 2008թ. ծրագրից. «Կառավարության ծրագրի նպատակն է՝ պետության կայուն և անվտանգ զարգացումը՝ քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորությունների ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը: Հայաստանը պետք է դառնա կայացած ժողովրդավարական պետություն՝ կառավարման արդյունավետ համակարգով: Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի համարձակ եւ իրատեսական բարեփոխումների իրականացումը՝ որպես հետևանք երաշխավորելով մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավումը»:

Ո՞ր մասն է այս նպատակների կատարված: Անշուշտ՝ համաշխարհային ճգնաժամը: Բայց այդ նույն ճգնաժամը չխանգարեց, չէ՞, 500.000 թոշակառուների եկամուտը տարեկան ընդամենը 15 հազար դրամով ավելացնել, բայց 500.000 ընտանիքից էլ, ԱՊՊԱ-ի ներդրումով, ամեն տարի 30-35 հազար վերցնել և ուղղել մասնավոր-պետական գրպանը:

Այլ մեջբերում. «Կառավարությունը պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով մտադիր է զգալիորեն ավելացնել համակարգում աշխատելու գրավչությունը, աշխատանքի որակը եւ աշխատավարձի մակարդակը՝ մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին»:

Չորս տարի պետական համակարգում աշխատավարձ չի բարձրացել: Միջին չափը մեկուկես և ավելի անգամ ցածր է մասնավոր հատվածից: Ով հնար է գտնում, փախչում է համակարգից: Մնացածների բացարձակ մեծամասնությունն էլ կուսակցական կրծքանշանակիրներն են, ում համար գլխավորը ոչ թե պետությունն է, այլ ցուցադրական նվիրվածությունը առաջնորդներին… Երկու տարի առաջ մի խումբ քաղծառայողներ աշխատավարձի հարց բարձրացրեցին: Այնպիսի մեթոդներով ճնշեցիք ու ստիպեցիք ազատել աշխատանքից, որ թղթի վրա 21-րդ դարին համահունչ հռչակած արժեքներից թաց տեղ մնաց: Կոմունիստները կնախանձեին:

Հիմա էլ այս ծրագրում, իբրեւ ձեռքբերում, նշում եք. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում կարողացանք բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը՝ մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները»:

Այո, աղքատների թիվը կտրուկ աճել է, նպաստառուների թիվը՝ կտրուկ նվազել: Թոշակների ավելացման չափը գիտենք: Իսկ ի՞նչ աշխատավարձ եք բարձրացրել: Չորս տարում նվազագույնը 30 հազարից դարձել է 32.500, ու ճգնաժամի սոցիալական հետևանքները մեղմվե՞լ են:

Հաջորդ մեջբերումը նախորդից. «Գերակա խնդիր է դիտվելու ազատ և արհեստավարժ մամուլի կայացումը, լրատվամիջոցների կողմից իրադարձությունների անկողմնակալ և բազմակողմանի լուսաբանման համար նախադրյալների ստեղծումը, խոսքի ազատության ամրապնդումը, ԶԼՄ-ների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված՝ լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը»:

Նաև ճիշտ եզրակացրել էիք՝ «Պատասխանատու զանգվածային լրատվություն՝ կնշանակի պատասխանատու կառավարություն»… Ի՞նչ ունենք այսօր: Բացարձակի ձգտող թաքուն մոնոպոլիզացիա, բացարձակի ձգտող կախվածություն, ստվերային ֆինանսավորում ու պատվերներ, ինքնուրույնության ցանկացած դրսևորման ճնշում հնարավոր բոլոր միջոցներով: Իշխանություններն իրենց հերթին, քաղաքական ուժերը՝ իրենց: Եվ ունենք դարձվածքի թարս պատկերը՝ «Անպատասխանատու ԶԼՄ-ներ, անպատասխանատու կառավարություն»: Թե՞ այս հարցում էլ է ճգնաժամը խանգարել: Թե՞ ուղղակի ձեռագիրն է նույնը՝ հռչակել մի բան, անել՝ հակառակը: Քիչ առաջ վարչապետն ասաց՝ ստվերի կրճատման ամենակարևոր գործիքը հրապարակայնությունն է: Այսպիսի՞ լրատվամիջոցներով:

Չհոգնեցնեմ, բայց թվարկեմ նախկին խոստումները: «Կառավարությունը նախատեսում է 2008 թվականին Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում՝ դրանից բխող հետագա քայլերով՝ 2008-2012 թվակականներին… Այն կներառի Դիլիջան քաղաքում բարձրորակ ֆինանսական ծառայությունների կենտրոնացման հարցը»: Այո, կարծեմ, Կենտրոնական բանկը պատրաստվում էր Դիլիջան տեղափոխվել, հետո կառուցվող հսկա շենքը սահուն փոխակերպվեց ուսումնական կենտրոնի: Նորից նախկին ծրագրից. «Միջին ընտանիքը կունենա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն՝ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու համար»: «Հայաստանում չի լինելու աղքատ կենսաթոշակառու: 2012 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կհամապատասխանի կենսապահովման նվազագույն բյուջեի չափին»: «Աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն եւ 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ»: Այս թիրախներն ո՞ւր են:

Միջանկյալ ասեմ՝ համաձայն չեմ ֆինանսների հարգարժան այս նախարարի այն պնդման հետ, թե նախորդ շրջանում աղքատությունը կրճատվում էր դրսից ուղարկվող փողերի հաշվին: Այդպես չէ, մարդկանց ռեալ եկամուտները աճում էին: Հիմա խոստանում եք 8-10 տոկոս աղքատության կրճատում: Այսինքն՝ 2017 թվականին 25 տոկոս: Վերադարձ 2007 թիվ: Մինչդեռ երկու օր առաջ հանրապետության նախագահն այս կառավարության առջեւ խնդիր դրեց՝ աղքատության հետևողական կրճատում ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացում: Կառավարության համար տեսանելի ապագան ո՞րն է: Կամ՝ կառավարության համար ապագան տեսանելի՞ է: Առաջիկա վեց-յոթ ամիսը նկատի չունեմ:

Դարձյալ մեջբերում եմ նախագահի խոսքը. «Սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալում գործադիրի աշխատանքից: Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել... և այդ փոփոխությունները չպետք է ուշանան»: Ցավոք, այս կառավարության այս ծրագրով չեն կարող չուշանալ: Մեկ շաբաթ առաջ հաստատված 2013-2015թթ. ՄԺԾԾ-ում դրված թվերը նույնն են վկայում:

Այսքանից հետո ծրագրի վերջնական տարբերակում, նոր կոալիցիոն գործընկերոջ համադրումով, պոպուլիզմն էլ չեք մոռացել՝ 1 միլիոն դրամ 3-րդ, 4-րդ երեխային, 1,5 միլիոն՝ 5-րդին: Գումարն ավելացնում ենք, ծնելիությունը նվազում է, արտագաղթը՝ ավելանում: Գուցե խնդիրն այլ տեղ է՝ օրինակ, խոսքի ու գործի, թղթի վրա գրվածի ու կյանքի տարբերությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, արդարության բացակայությունը, մարդու անպաշտպանվածությունը, հուսալքությունն ու հավատի չգոյությունը, թե բան կփոխվի: Այս ծրագրի նախաբանում ձեռքբերումներ են նշված՝ էապես մեղմվել են քաղաքական պառակտվածությունը եւ անհանդուրժողականության դրսևորումները, երկրի բնականոն կյանքը զերծ ենք պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից և այլն, և այլն: Բոլորն էլ թեական, բոլորն էլ՝ կասկածելի:

Եթե հաստատումներն են իրականությունից կտրված, ինչո՞ւ պիտի հավատանք գլխավոր կարգախոսին՝ իբր մինչև հիմա պետականության հիմքերն էինք ամրապնդոււմ, հիմա բոլոր հնարավորություններն ուղղելու ենք մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամին: Ինչո՞ւ պիտի հավատանք, երբ պետական կառավարման ամբողջ համակարգը՝ վերևից ներքև, նախկին կոալիցիան, այս կառավարությունը վերածել էր ընտրական համակարգի: Հանրային ծառայողը գնահատվում է ոչ թե օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման որակով, այլ թե քանի ձայն է բերել հարազատ կուսակցությանը: Սա պետականության հիմքերի ամրապնդում չէ, կարծեմ: Քանդում է: Եվ այս մթնոլորտն է շատերին առիթ տալիս անհարկի ոգևորության՝ մենք մեծամասնության կամքն ենք իրագործում:

Ոգևորությունն այնքան մեծ է, որ պայմանական 663 հազար ձայն ստացած կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է. «Ժողովրդի մեծամասնությունը՝ 1 միլիոն մարդ, ձայն է տվել ՀՀԿ-ին, մենք էլ իրականացնելու ենք այդ 1 միլիոնի տված վստահությունը»: Իրականացրեք: Հինգ տարի անց հիշելու են այս ծրագրի դրույթներն ու հեղինակներին:

Իբրև ամփոփում՝ կա երկու տարբերակ. կամ կառավարությունը, չորս տարի աշխատած թիմ ասվածը չգիտի իրերի իրական վիճակը և չի պատկերացնում երկիրն ու հասարակությունը արժանապատիվ զարգացման տանող ճանապարհները, կամ շատ լավ էլ գիտի, բայց հրապարակայնորեն չի համարձակվում ասել և այլ բան է անում: Առաջին դեպքում նա անելիք չունի, երկրորդ դեպքում՝ ավելի վատ՝ չունի կամք և գոլ ջրով լվանում է ձեռքերը: Առնվազն՝ վեց-յոթ ամիս…