40-ից հետո
ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ, ԵՎ՝ ԱՅՍՕՐՎԱ
խմբագրել- 40-ամյակիս նախօրյակին
Ես վաղը դառնում եմ քառասուն տարեկան,
Իսկ այսօր դեռ փոքր եմ, քառասուն դեռ չկամ։
Քառասո՞ւն՝ զարմացած հայացքս մաղում է,
Կրծքիս տակ արյունս թվում է՝ պաղո՛ւմ է,
Զարկերը դառնում են չափավոր ավելի,
Ես այս ե՞րբ՝ քառասուն, գժվե՞լ եմ, երևի՜...
Ատո՛ւմ եմ ես թիվը, տարիքը՝ առավել,
Ասում եք, որ հասուն տղամա՞րդ եմ արդեն։
Ուզում եք, որ չափե՞մ, հաշվարկե՞մ քայլերս,
Խոհե՛րս, գիշե՛րս, ցերե՛կս, ցավե՛րս։
Չե՛մ ուզում, չե՛մ կարող հաշվարկել տարիքս,
Տվա՛ծս, առա՛ծս, պարտքե՛րս, տալի՜քս...
...Քառասուն տարեկան դեռ վա՛ղն եմ դառնալու,
Իսկ հիմա դեռ փոքր եմ, գնում եմ... խաղալու։
Անհոգ եմ, օրերս օրորի թող քամին,
Եվ նման այն խիզախ, անձնազոհ տղային,
Որ ընկավ՝ տասնութը դեռ հազիվ բոլորած,
Ու փրկեց մեր ոգին, անունը մեր կորած...
09.06.99, երեկո, Ստեփանակերտ
ԽՈՍԵՆՔ ՇՇՈՒԿՈՎ
խմբագրելՄի քիչ կամա՛ց,
Այնպե՛ս խոսիր, որ չարթնանամ,
Բայց հարցրու, թե երազում
Ի՞նչ եմ տեսնում ես այս անգամ։
Եվ կամ էլ՝ ո՞ւմ։
Գուցե մեկը քեզնից ծածուկ
Մտել է իմ երազի մե՞ջ,
Բա չիմանա՞ս։
Բա՜, կիմանա՛ս...
Տխրությունս թաց է այնքան,
Որ թե մզեմ՝
Չոր օրերս
Անշուշտ պիտի խոնավանան։
Բայց ո՛չ գարնան անձրևներից։
Գարուններս երանի՜ թե
Միշտ մնային ջրոտ-կանաչ՝
Անձրևային-արևային...
Տաք օրերս գարնան նման
Ժամանակի՛ն ժամանեին։
Գայի՛ն։
Գայի՜ն...
...Էլ չի լսվում շշուկը քո՝
Քնո՞վ անցար։
Դե, օրորիր՝ ես էլ քնեմ։
Մի՛ խանգարիր։
Մի՛ փախցրու քունս իզուր։
Ի՞նչ, չքնե՞մ...
Բա երազիս մյո՞ւս կեսը...
Ո՞ւմ վստահեմ։
Մի՞թե... նրան։
06.06.02, Ստեփանակերտ
ԺԱՅՌԻ ՃԱԿԱՏԻՆ...
խմբագրելԺայռի ճակատին ստվեր կար ամպի,
Արևը երգել երգն իր կարապի,
Գնում էր՝ օրվա հոգսերից հոգնած,
Ժայռածերպերում հանգստանալու։
Այնպես էր գնում,
Ասես էլ երբեք ետ չի դառնալու...
03.11.00, Ստեփանակերտ
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...
խմբագրելԱյնպես ստվա՜ր է ծառերի շարքը,
Այնպես ամո՜ւր են իրար գրկել,
Որ ոչ մի սամում, ոչ մի փոթորիկ
Չի՛ կարողանա նրանց ծնկել։
Անհանգիստ Թարթառն արդեն հանգիստ է,
Լենկթեմուրները կարող են գալ,
Բայց թող չփորձեն, հիմա դժվա՛ր թե
Նրանք մեզ հաղթել կարողանան։
Ձորը լցվե՛լ է, մշո՛ւշ է, մե՛գ է,
Ձորից բարձրացող մուժը բարակ
Եկել լցվե՛լ է, շուրջը դարձրել է
Աստղահանդեսի համաճարա՛կ։
...Իսկ կողքիս նստած այս աղջնակը
Ամուր գրկել է իր փոքրիկին։
Այնպե՜ս մատղաշ է նազուկ էակը,
Որ դժվա՛ր նրան համարես կին...
24.06.01, Կոճողոտ-Ստեփանակերտ (ավտոբուսում)
ԲԱԺԱՆՎՈ՜ՒՄ ԷԻՆ...
խմբագրելԲոլորն իրարից բաժանվում էին։
Անձրևն էր անվերջ ծեծում վերևից,
Քարափը՝ ամպից, ծառը՝ կեղևից,
Անցավ, անաղմուկ բաժանվում էին։
Այնպե՜ս տխուր էր այդ տարաժամին,
Նույնիսկ թախծում էր կարապը անբառ,
Նա, որ երգում էր միայն մի անգամ,
Այն էլ՝ վերջին օրն ու վերջին ժամին։
Բոլորն իրարից բաժանվում էին...
Խորհրդավոր էր՝ ցավն էլ, թախիծն էլ,
Բաժանվո՜ւմ էին... Բաժանվելիս էլ՝
Նրանք միացման խորհուրդն ունեին...
03.11.00, Ստեփանակերտ
ԳԱՐՆԱՆ... ՓՈԽԱՐԵՆ
խմբագրելԳարունը նոր է հունի մեջ մտնում,
Բայց ի՞նչ՝ ոչ աշուն, ոչ էլ ամառ է,
Մառախուղ-անձրև օրն է լուռ մթնում,
Արևն՝ անզիջում-այրող-համա՛ռ է։
Հավատի որմին թախիծը թառել՝
Մահվան կորստից փրկվել է ուզում,
Իր համար մի պուտ արև է ճարել,
Ու էլ աշխարհի ցավից չի հուզվում։
Երեկոն կախվել օձիքից օրվա,
Ողջ վաստակածը խլում տանում է,
Իսկ մնացածը, բաժինքը նրա,
Գիշերը առել ու կլանում է։
19.05.01, Ստեփանակերտ
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
խմբագրել- Ստելլային՝ հոր՝ բազմավաստակ մանկավարժ Սերգեյ Գրիգորյանի հիշատակի համար
Աչքերիս առաջ հեթանոսափայլ քո մարմինն է, Տե՛ր,
Տխուր նայում եմ մարմինը կորցրած նրա աչքերին,
Պառկած է՝ մարմինն անզգա, անէ, իսկ աչքերն ամպել,
Ոչինչ չեն տեսնում, չեն զգում ոչինչ...
Մարմինն՝ անզգա, ամպոտ աչքերով նայում է հեռուն,
Ափսոսանքի թույլ մի շի՛թ է կախվել հայացքից նրա,
Հիմա նրան ա՛յլ հեռաստանների թովչանք է գերում,
Եվ դեռ ափսոսա՞նք՝ թողածի՞ վրա...
Մարմինն՝ անզգա, իսկ հոգին արդեն սլանում է վեր,
Հոգին ազատ է, մարմին-պատյանի կարիքն էլ չկա,
Գալի՜ս է։ Դու քո արքայությունում պատվի՜ր նրան, Տե՛ր...
Գալիս է՝ որպես Սուրբ Դարձի վկա՛։
14.08.00, 03.07.02, Ստեփանակերտ
ԵՐԿՐԱՇԱՐԺ
խմբագրել- «Հռոդոսյան կոթողը» կինոնկարը դիտելիս ակամա հիշեցի 1988-ի դեկտեմբերյոթյան Սպիտակը, Գյումրին, Ստեփանավանը...
Սյուները էլ չեն դիմանում,
Սյուները տեղի են տալիս,
Պատերը ճոճվում են օդում,
Պատերը իրար են գալիս։
Օդ ու ջուր խառնվել են իրար,
Արհավիրք-աղմուկ է չորս դին,
Մթնել է օրը ցավագար
Ու չոքել աշխարհի բկին։
15.09.00, 20.03.02, Ստեփանակերտ
ԼԱՎ ՄԱՐԴՈՒՆ՝ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
խմբագրել- Ուշացած խոսք՝ Բագրատ Մկրտումյանին
...Իսկ ծերությունն իրեն զգացնել է տալիս,
Իսկ ծերությունն արդեն անում է իր սև գործը։
Իսկ փողոցը բանուկ է՝
Գալիս են, գնում են,
Խմբերով, մեկ-մեկ, երկու-երկու,
Ամեն մեկն իր գործով,
Իր հոգսով ծանրաբեռնված։
Քայլում է Բագրատ Մկրտումյանը
Հարևան մայթով։
Քայլում ու չի էլ նկատում
Հակադարձ մայթով քայլողներիս,
Ծանոթներին նույնիսկ։
Դե, ի՞նչ անես, ճակատագիրն անողոք է,
Ուզես-չուզես։
Իսկ Բագրատ Մկրտումյանը երիտասարդ է դեռ՝
Ընդամենը... վաթսուն և մի քանի տարեկան։
07.07.90, Ստեփանակերտ
ԲԱՅՑ՝ ՈՉ ԱՓՍՈՍԱՆՔ
խմբագրելԴեղին ծաղիկներ ես քեզ բերեցի,
Ի նշան՝ սիրո, ոչ ատելության,
Բայց դու նվերս արհամարհեցիր
Ու նախընտրեցիր սիրո մեջ նրան։
Դասավորվեցի՞ր, չգիտեմ... Ի դեպ՝
Քեզ կորցնելուց չեմ տուժել բնավ,
Բախտը շռայլ է եղել իմ հանդեպ,
Ինձ նվիրել է մի չքնաղ Ռուզան։
Կյանքի ժխորում աղջամուղջային
Հաճախ անհարկի զրկանք ենք կրել,
Սակայն տոկուն ենք եղել ավելի,
Եվ ստիպված ենք եղել համառել։
...Իսկ քեզ՝ հիշեցի ոչ հանուն ցավի,
Թող սպիացած վերքս չնվա,
Եվ թող քո հիշվող թովչանքը ծավի
Ինձ ափսոսանքի պատրանք թվա...
23.09.00, Ստեփանակերտ
ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
խմբագրել- Պրոֆտեխուսումնարանական ընկերոջս՝ Աշոտ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ
Ինչո՞ւ են պատանեկան
Մեր օրերն այսպես անցել...
Ցրվել ենք տարբեր կողմեր՝
Անանուն ու անհասցե։
Ցրվել ենք... Բայց գիտեի՞,
Որ մի օր ինձ կգտնես,
Եվ հուզմունքն այսքան տարվա
Կպոռթկա հանդիպելիս։
Տխրության նման մի բան
Կաթում է դեմքիս նորից,
Երեսուն տարի հետո
Այս ինչպե՜ս հանդիպեցինք։
Երեսուն տարին՝ ասես
Մի երկա՜ր դասամիջոց,
Կտրել է մեզանից մեզ,
Թողել ենք դաս ու դպրոց։
Թողել ենք՝ ինչ ունեինք,
Կարոտներ, սեր ու թախիծ...
Մեր ապրած լավ օրերի
Հուզմունքն է խեղդում նորից։
Ուզում եմ... Սակայն ինչպե՞ս
Անցյալը վերադառնա,
Մեր տարիքն այդ՝ տեսնում ենք
Մեր որդոց դեմքի վրա։
Հասակ ենք առել արդեն,
Մեծ ենք մենք՝ տուն-տեղ դրած,
Բայց հոգով ջահել ենք դեռ՝
Կնճռազարդ ու ճերմակած...
...Նայում ենք իրար դեմքի՝
Անցյալի սրտով կարոտ,
Այս ինչքա՜ն ցավ կար կյանքում,
Որ տարանք մենք անտրտունջ...
29.05.07, Ստեփանակերտ
ՄԱՂԹԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ
խմբագրել- Մարիամիկ դստրիկիս
Իմ սրտի ջերմ խոսքն եմ բերում
Գարնանային այս լավ տոնին,
Ասում սրտանց՝
Շնորհավո՜ր ղողանջյունը
Վերջին զանգի։
Վերջին զանգի տոնն այս պայծառ
Թող ջերմությա՜մբ սիրտդ լցնի։
Քեզ ամենայն լա՜վն եմ մաղթում,
Բարեմաղթում ամեն բարի՜ն,
Որովհետև հո՛ւրը սրտիդ՝
Լույս է կյանքի ու ջերմություն,
Երջանկության նշա՜ն բարի...
...Թող ամենայն լավն ու բարին
Լինեն կյանքիդ ճանապարհին...
25.05.07, Ստեփանակերտ
ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹՈՎ
խմբագրել- Նրան, որ... Է՛Ր, բայց դարձավ... ՈՉԻՆՉ...
Քամահրվա՞ծ են քո նկարները,
Բայց ե՞րբ ենք կրկին համակրելու,
Ինչո՞ւ դու, ասա՛, չդարձար մերը,
Զո՞ւր չէր վճիռը քո՝ լքելու...
Մենք ուզում էինք, և հավատալը
Այնքա՜ն դյուրին էր ու այնքա՜ն հեշտ,
Բայց վրա հասավ հարմար այդ պահը,
Որ լքի քեզ քո վարքը պարկեշտ։
Քո հեռանալու <<մեղավորնե՞րը>>...
Դու չե՞ս վախենում միթե Աստծուց։
...Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ այս <<ներոնները>>
Չեն խորշում սուտ աստվածանալուց։
18.10.01, Ստեփանակերտ
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԵՎԱՆՈՒՄ
խմբագրել- Միշա Անտոնյանին
- Դիլիջանը մնաց ձորում,
- Վեր բարձրացանք կեռմաններով,
- Սեմյոնովկան մեր առջևում
- Բռնկվել էր... կապույտ հրով...
- Դիլիջանը մնաց ձորում,
Ջուրը սառն է Սևանի,
Բայց Սամվելը ի՞նչ անի,
Որ չլողանա,
Անհանգիստ է, վազում ափ,
Ու հենց այնպես, հապշտապ
Ջուրն է նետվում նա։
Անդրանիկն էլ է ուզում,
Բայց մայրը շատ է հուզվում՝
Հանկարծ կմրսի...
Արևը կախ է ընկել,
Օրը իրեն սպառել՝
Գնում է... ննջի։
Միշա քեռին Սևանում
Ակրոբատ է ձևանում,
Գրգռում է մեզ,
Ջուրն է նետվում և Լիզոն,
Ու հենց այնպես, շորերով,
Լողանում է, տե՛ս...
Սևանը տաք է, հանգիստ,
Իսկ դրսում ցուրտ է սաստիկ,
Ջրից ո՞նց դուրս գանք,
Լավ չէ՞ թողնենք ամեն ինչ,
Ե՛վ հոգս, և՛ ցավ, և՛ թախիծ,
Ու... ջրում մնանք։
20.08.00, Սևանա լիճ
ՄԵՐ ՀԻ՜Ն, ՀՆԱՄՅԱ՜...
խմբագրելՄեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց։
Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ։
Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի։
Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդվե՛ց մարտի մեջ մռութը նրա։
...Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց։
13.05.09, Երևան
ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
խմբագրել- Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող իմ անվանակից Արիս Գրիգորյանին
Թեև նավը մեր կենաց չի էլ խորտակվել,
Բայց տառապյալ մեր հոգին այլ ափ է նետվել։
Եվ ի հեճուկս չարի՝ այսօր ես ու դու
Նույն անունն ենք կրում դեռ, ազգանունը նույն։
Ու դեռ կապրենք մենք այսպես, կապրենք շարունակ,
Նույն երազով, նույն ցավով՝ նույն արևի տակ։
Թեև՝ հեռու իրարից, իրար անծանոթ,
Բայց իրար հետ, իրար մեջ ու միշտ իրար... մոտ։
18.05.93, Ստեփանակերտ