A-ԻՑ ՄԻՆՉԵՎ A-Ն


Եթե աշխարհի բոլոր մարդկանց ձեռքերը շարունակեին իրար, ապա
        հնարավոր կլիներ թեւերի մեջ պահել երկրագունդը, թեեւ
        դա կարող է մենակ անել նաեւ սովորական մի երեխա։

Մեր ավերակ շենի փլատակները անփութորեն հավաքել մի կտոր
        ամպաքուրձի մեջ, շալակն առել Մեծ քարը
        եւ չգիտեմ, ուր է գնում։ Օրը մեկնում է՝ առանց օրվա։

A-ից մինչեւ B-ն հեռու չէ այնքան, որքան որ, ասենք, A-ից մինչեւ
        նույն A-ն։ Տարին մի օր մեռելները ելնում շիրիմներից եւ,
        մինչեւ մրուր, դատարկում են լուսնի հուշաբաժակները։

Նույն տեղը նույն տեղն է, երբ միշտ այնտեղ ես ու այլ մի վայր չես գնացել,
        նույն տեղը նույն տեղը չէ այն ժամանակ, երբ այնտեղից թռչում,
        իջնում ես մի ծառի, աստղի, թփի, նորից վերադառնում նույն տեղը։

Ես չիմացա՝ ինչ եղանակ էի նվագում, երբ ձեռքերիս մեջ հանկարծ
        ջութակը բողբոջեց, ճյուղավորվեց ու դարձավ
        ծառը նախկին, որին կացնով կտրել էր՝ չգիտեմ, թե ով։

Լուսայգի դուռը շրխկում է գիշերվա դեմքին։ Մի՛ ասա համաձայն եմ,
        որովհետեւ համաձայնություն չի լինում։ Մեռնեմ՝
        հող եմ դառնալու, բայց հողը ե՞րբ է եղել մեռած։

Լեռը հուշում է բանաձեւը վեհության։ Իսկ գալիքն այն է, որ չի
        պատկանում ոչ ոքի։ Ինքն ինչ իմանա, թե ինքն ինչ է ուզում։
        Հաշտ եմ ձյան բոլոր գույների հետ, բացի սպիտակից։

Հումանիտար օգնության մեջ՝ Նյու-Յորք-Արփագետուկ, գտանք Քլինթոնի ցիլինդրը՝
        Մոնիկայի շոյանքը վրան։ Վիճակ գցեցինք՝ ում ընկնի, մեր գյուղի
        պրեզիդենտն է։ Հովիվ Գեւոն շահեց, հիմա մեր նախիրը պահող չկա։

Ինչքան տխուր կլիներ, եթե մարդիկ երեւային այնպես, ինչպես իրականում կան, այլ
        ոչ թե այնպես, ինչպես փորձում են մշտապես երեւալ։ Կեր-
        բերոսի հայացքը շեոլյան տավիղ է հիշեցնում։
                                              Քաոս։ Ճահիճ։ Մահ։

Եթե բոլոր մարդկանց ձեռքերը շարունակեին իրար, ապա
        կարելի էր թեւերի մեջ պահել երկրագունդը, թեեւ
        դա կարող է անել նաեւ ամեն մի երեխա` աշխարհի որ ծագում էլ լինի: