Wikileaks Wikileaks-ից առաջ կամ Բրիտանական հետախույզի բացահայտումները Աթաթուրքի մասին

Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է մեղադրական գործերով լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի լուսանկարը: Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի և հույների ցեղասպանություններին նրա առնչության հետ:
03 դեկտեմբերի, 2010թ., www.news.am


Այս օրերին աշխարհը խոսում է Wikileaks-ի մասին, քանզի Wikileaks-ն է խոսում աշխարհի մասին: Բազմաթիվ հաղորդագրությունների մեջ եղավ հետևյալը. Wikileaks-ի տեղեկատվական պահոցներից մեկում, դարակի վրա դրված է Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Կարծիքներ հնչեցին, որ լուսանկարն ակնարկ է առ այն, որ Wikileaks-ն իր տրամադրության տակ ունի Աթաթուրքի մասին վարկաբեկիչ նյութեր և պատրաստվում է դրանք հրապարակել: Ոմանք շտապեցին հայտարարել, որ այդ նյութերը կարող են վերաբերել հայերի և հույների ջարդերին Մուստաֆա Քեմալի առնչությանը: Միգուցե, սակայն դա վաղուց արդեն գաղտնիք չէ, պարզապես մոռացված է կամ ավելի ճիշտ՝ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված ուրացում: Առաջ այսպես չէր:

Ի տարբերություն ներկայի, առաջ լրագրողներն ավելի անկախ էին, իսկ դիվանագետներն՝ ավելի ազնիվ: Ժամանակի մամուլն ու դիվանագիտական զեկուցագրերը լեցուն են քեմալականների կողմից ՀՀ տարածքում (1920թ. սեպտեմբեր – 1921թ. ապրիլ) և Կիլիկիայում (1920թ. փետրվար) հայկական քաղաքացիական բնակչության ջարդերի, ինչպես նաև Զմյուռնիայում (1922թ. սեպտեմբեր) հույների և հայերի կոտորածի մասին տեղեկություններով: Իզուր չէ, որ 1921թ. քեմալականների գլխամասային կառույցը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովը, Մուստաֆա Քեմալին շնորհել է ղազի՝ անհավատներին ոչնչացնող (Destroyer of Infidels),[1] կամ քրիստոնյաներին ոչնչացնող (The Destroyer of Christians)[2] մականունը: Իհարկե, այդ նույն օրերին նա և նրա կողմնակիցները Եվրոպայում հայտնի էին բոլորովին այլ մականուններով: Ահա թե ինչ է գրում Մուստաֆա Քեմալի մասին 1936թ. ամերիկյան հայտնի լրագրող և բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ Ջոն Գյունտերը [John Gunter]. «Աթաթուրքը բռնակալների միջի ամենաբռին է: Նրա կողքին Հիտլերը փափկասուն է, Մուսսոլինին՝ բուրումնախեղդ թիթիզ»: (Ataturk is the roughneck of dictators. Beside him, Hitler is a milksop, Mussolini a perfumed dandy.[3] John Gunter, Inside Europe, 1936.) Իսկ Բրիտանական կայսրության նախարարական 4 կաբինետների (1916-1930թթ.) փոխքարտուղար «Եվրոպայի կարևորագույն վեցը մարդկանցից մեկը» ("one of the six most important men in Europe") Թոմաս Ջոնսը (Thomas Jones, Deputy Secretary to the Cabinet),[4] երբ իր խղճի հետ միայնակ էր մնում, ապա քեմալականներին անվանում էր «Անկարայի մսագործներ» (“Angora butchers”):[5] Այսուհանդերձ, չեմ կարծում, որ եթե Wikileaks-ն ինչ-որ բան հրապարակի Աթաթուրքի մասին, ապա դա կվերաբերի նրա՝ քրիստոնյաների նկատմամբ վարած քաղաքականությանը:

Wikileaks-ի տեղեկատվական արտահոսքը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինն է լինելու: Պարզապես, եթե առաջ այդ բանն արվում էր տպագիր մամուլի միջոցով, այսինքն դանդաղ էր մատչելի դառնում հազարավորների, գուցեև տասնյակ հազարավորների, համար, ապա այսօր ինտերնետը ցանկացած տեղեկություն անմիջապես հասանելի է դարձնում տասնյակ միլիոնավորների համար: Ժամանակին, երբ Թուրքիան կարողություն չուներ փակելու ուրիշների բերանը և եվրոպացիներն ազատ էին իրենց տանը իրենց մտքերն արտահայտելու հարցում, եվրոպացի դիվանագետները, այսօրվա բառապաշարով ասած, պարբերաբար տեղեկատվական արտահոսք էին կազմակերպում: Դա դրսևորվում էր իրենց աշխատած երկրների և նրանց ղեկավարների մասին անկեղծ հոդվածներ և գրքեր գրելով: Այդ ժամանակ կեղծ բարեպաշտությունը դեռևս պետական քաղաքականության մակարդակի չէր բարձրացված:

Մեզ հետաքրքրող հարցի, այն է Քեմալ Աթաթուրքի մասին, թերևս ամենահետաքրքիր և ամենահավաստի տեղեկությունների հեղինակը Հարըլդ Արմսթրոնգն (Harold Armstrong) է: Արմսթրոնգն առաջին աշխարհամարտից հետո՝ 1919թ. ապրիլից[6] մինչև 1922թ. հունիս,[7] եղել է Կ.Պոլսում Բրիտանիայի Գերագույն հանձնակատարի ռազմական կցորդի պաշտոնակատարը,[8] Բրիտանական կայսրության պաշտպանության նախարարությունում հատուկ ծառայությունների սպա և թուրքական ժանդարմերիայի վերահսկիչը: (Acting Military Attach to the High Commissioner, Constantinople; Special Service Officer in War Office and Supervisor of Turkish Gendarmerie).[9] Այսինքն մեկը, որն անմիջականորեն վերահսկելով Թուրքիայի ներսում գործող գործակալական ցանցը, իրազեկ է դարձել բազմաթիվ քաղաքական գործիչների կյանքի մանրամասներին: Դրա համար նա ուներ լիազորություններ և կարողություններ, ինչպես նաև կատարելապես տիրապետում էր թուրքերենին: Ավելի քան 3 տարի Թուրքիայում պաշտոնավարելուց հետո Հարըլդ Արմսթրոնգը, օգտագործելով տարիների իր հավաքած տեղեկությունները, Թուրքիայի մասին 2 սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող գիրք է գրում. Harold Armstrong. Turkey in Travail, The Birth of a New Nation. London, 1925 [Թուրքիան երկունքի ցավերի մեջ, մի նոր ազգի ծնունդ]; և H.C. Armstrong. Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator, New York, 1933 [Գորշ գայլը՝ Մուստաֆա Քեմալ – մի բռնակալի անձնականի ուսումնասիրություն]: Հատկապես բացառիկորեն արժեքավոր է նրա երկրորդ գիրքը:

Առ այսօր Քեմալ Աթաթուրքի մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Սակայն դրանք ավելի շատ հիշեցնում են Ստալինի ժամանակ Ստալինի մասին գրված գրքերը, քան լուրջ գիտական ուսումնասիրություններ են: Դրա համար մի շարք պատճառներ կան: Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգիրքը (հոդվածներ 301; 305; 306) հնարավորություն է տալիս հետապնդել Աթաթուրքի մասին ցանկացած հրապարակման հեղինակի, որի բովանդակությունն իշխանությունները կհամարեն վիրավորանք, թեև իրականում այդպիսին կարող է և չլինել: Քանի որ բրիտանացի դիվանագետ և հետախույզ Հարըլդ Արմսթրոնգը վաղուց է մահացել, ուստի մտահոգություն չունենք նրա համար: Պարզապես հատվածաբար մեջբերումներ անենք նրա գրքից՝ լուսաբանելու համար Մուստաֆա Քեմալի (հետագայում Աթաթուրք) կյանքի պակաս հայտնի կողմերը:

Ամենայն հավանականությամբ Wiikileaks-ի ունեցած նյութերը վերաբերում են Աթաթուրքի անձնական կյանքի ծածուկ կողմերին: Իսկ որ այդպիսի նյութեր շատ կան դա փաստ է: Ես ինքս եմ տարբեր արխիվներում կարդացել 1920-30-ականների զանազան դիվանագիտական զեկուցագրեր Աթաթուրքի մասին, որոնք արժանի են տպագրվելու Playboy-ի կամ Instinct-ի էջերում: Հարկ եմ համարում ընդգծել, որ քաղաքական գործիչների անձնական կյանքի մանրամասներն արդեն անձնական չեն իրենց բուն էությամբ: Անձնականը զգալապես պայմանավորում է մարդկային մտածողությունը, որն էլ իր հերթին որոշումներ կայացնելու հիմքն է: Որոշումներ, որոնցից հազարավոր մարդկային կյանքեր և պատմական շրջադարձեր են կախված: Անձնականի գործոնը քաղաքական գործչի դեպքում միշտ հասարակական հնչեղություն և հեռագնա ազդեցություն ունի: Քաղաքական գործիչը չունի և չի կարող ունենալ անձնական կյանք: Քաղաքական գործչի կենսաձևը կամավոր ընտրություն է, որն ամեն անհատ անում է գիտակցված: Սեռական կյանքը մարդու անձնական կյանքի կարևորագույն կողմերից է: Հետևաբար, սեռական վարքագիծը շատ բան կարող է վկայել մարդու մասին, հսկայան նյութ տալ՝ հասկանալու համար նրա ներաշխարհը և մտածողությունը:

Մուստաֆայի սկզբնական սեռական հարաբերությունների և կողմնորոշման մասին Արմսթրոնգի առաջին տեղեկությունը վերաբերում է Սալոնիկի կադետական դպրոցի (Military Cadet School in Salonika) 2-րդ տարուն (1894թ.): Այստեղ է, որ Մուստաֆայի թվաբանության ուսուցիչը՝ նրա անվանակից կապիտան Մուստաֆան, իր “հովանու” տակ է վերցնում 13-14-ամյա պատանուն. «Նրա [Մուստաֆա Քեմալի] ուսման երկրորդ տարում ուսուցիչներից մեկի, ոմն կապիտան Մուստաֆայի, սիրտը կպավ նրան» (In his second year one of the masters, a Captain Mustafa, took a fancy to him.)[10] Հետաքրքրական է to take fancy (= to have a fancy, to fancy) դարձվածքի գործածումը Արմսթրոնգի կողմից: Անգլերենում այն մի շարք իմաստներ ունի՝ սիրել, դուր գալ, տարվել,[11] մեկի հետ կապված զգալ, հատկապես սեքսուալ կապով (to feel attached to, especially in sexual way):[12] Ի դեպ, հենց այս կապիտան Մուստաֆան էլ կապուտաչյա դեռատի Մուստաֆային տալիս է Քեմալ՝ կատարյալ, գեղեցիկ, սիրունիկ, մականունը:[13] Իր հետագա վկայություններում Արմսթրոնգն ավելի է հստակեցնում իր միտքը. «Կապիտան Մուստաֆայի ընկերությունն ու խնամքը նրան որևէ լավ բան չտվեց: Ընկերությունն անառողջ էր: Նա հասունացավ չափազանց արագ: Նախքան տասնչորս տարեկան դառնալը նա արդեն անցել էր տղայության աստիճանը. խարխափումները սեքսի հետևից. մանր կեղտոտություններ. նաև սկսել էր հարաբերություններ ունենալ հարևանի աղջկա հետ»:[14]

Ուսումը շարունակելու համար Մուստաֆա Քեմալը նախ Սալոնիկից փոխադրվում է Մոնաստիր (Monastir, 1895թ.), ապա Կ.Պոլիս (1899թ.): Կ.Պոլսում երիտասարդ Մուստաֆա Քեմալը գլխովին խրվում է մեծ քաղաքի գիշերային կյանքի մեջ.

«Նա միանգամից հախուռն ընկղմվեց մեծ քաղաք Կ.Պոլիս կյանքի մեջ: Գիշերը գիշերի հետևից նա սրճատներում և ռեստորաններում ղումար էր խաղում և խմում: Կանանց հարցում նա բծախնդիր չէր: Մարմնի մի ուրվագիծ, մի կիսադեմ, մի ծիծաղ կարող էր նրա մեջ կրակ բորբոքել և մղել նրան ունենալու այդ կնոջը, ինչպիսինն էլ նա լիներ: Երբեմն դրանք կարող էին լինել Ղալաթիո [կամրջի] գարշահոտ փողոցների բոզանոցների հույն կամ հայ պոռնիկները, ուր գալիս էին կավատներն ու հոմոսեքսուալները հագուրդ տալու իրենց բոլոր անառակություններին. հետո մի կամ երկու շաբաթ [կարող էր լինել] մի լևանտյան[15] տիկին նրա Փանգալդիում գտնվող տանը; կամ որևէ թուրք աղջիկ Փերայի կամ Ստամբուլի ժամադրատներում, ով ոստիկանության ահից գալիս էր քողածածկ և հետևի դռնից: Նա ոչ մեկին չսիրահարվեց: Նա երբեք չեղավ սենտիմենտալ կամ ռոմանտիկ: Առանց խղճի խայթի նա անցնում էր մի կնոջից մյուսին: Նա բավարարում էր իր ախորժակը և վերջ: Նա իր մտածողության մեջ ամբողջապես արևելքցի էր. կանայք որևէ տեղ չունեին նրա կյանքում, բացի նրա սեքսուալ պահանջները բավարարելուց: Նա մինչև հատակը խրվեց քաղաքի վավաշոտ կյանքի մեջ:»[16]

Արմսթրոնգի հաջորդ վկայությունը Մուստաֆա Քեմալի անձնական կյանքի մասին վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ վերջինս Օսմանյան կայսրության ռազմական կցորդն էր Սոֆիայում (27 հոկտեմբերի, 1913թ. – 2 փետրվարի, 1915թ.).

«Նա հետևողականորեն սենեկային պարեր սովորեց պարուսույցի հետ և հետո պարում էր, երբ կար դրա հնարավորությունը, սակայն միշտ այնպես՝ կարծես ռազմական շքերթում լիներ: Նա սկսեց հաճախ այցելել հյուրասենյակներ և ջանում էր հասարակության վրա թողնել նրբագեղ տպավորություն, սեր էր անում Սոֆիայի տիկնանց հետ, բայց տիկնայք գտնում էին, որ նա չափազանց անճարակ է:»[17]

Սոֆիայում Մուստաֆա Քեմալը սիրահարվում է Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Ստիլիան Կովաչևի (Stiliyan Kovachev) դստերը՝ Դիմիտրինային (Dimitrina), սակայն մերժում է ստանում:[18] «Եվ Մուստաֆա Քեմալը՝ նեղացկոտ ու զգայուն, քան երբևէ դարձավ ավելի միայնացած ու ինքնամփոփ: Նա սկսեց ատել հասարակությունը»: (And Mustafa Kemal, touchy and sensitive, became more lofty and aloof then ever. He began to hate the society.)[19]

Խուսափելով բարձրաշխարհիկ հասարակությունից՝ Մուստաֆա Քեմալն ավելի ու ավելի էր ձգտում այլ միջավայրի.

«Մուստաֆա Քեմալն իրեն շատ ավելի հանգիստ էր զգում մայրաքաղաքի տղամարդկանց, հատկապես հաճոյակատար, տղամարդկանց և թեթևաբարո կանանց հետ: Սրանց հետ՝ սրճատներում և բորդելներում, խմում էր և գիշերներ լուսացնում: Նա ժամեր շարունակ ղումար և զառ էր խաղում յուրաքանչյուրի հետ, ով կնստեր իր դիմաց: Նա տրվում էր բոլոր շվայտություններին և առլեցուն էր դրանցով: Նա փորձեց բոլոր զեխությունները, որի համար հատուցեց՝ վարակվեց վեներական հիվանդությամբ և քայքայեց առողջությունը: Այս պատճառով կորցրեց կանանց նկատմամբ ունեցած հավատը և միառժամանակ հմայվեց սեփական սեռով:»[20]

1914թ. սկսվեց առաջին աշխարհամարտը: 28.10.1914թ.-ին թուրքական նավերն ուխտադրժորեն ռմբակոծեցին Սև ծովի ռուսական նավահանգիստները, որի հետևանքով նոյեմբերի 3-ին Ռուսաստանը, իսկ նոյեմբերի 5-ին Ֆրանսիան և Բրիտանիան պատերազմ հայտարարեցին Թուրքիային: Թուրքիան կրկին պատերազմի մեջ էր:

Մուստաֆա Քեմալի պատերազմի տարիների անձնական կյանքի մասին ընդհանրապես քիչ բան է հայտնի և Արմսթրոնգն էլ իր հերթին քիչ բան է հաղորդում: Ակնհայտ է մի բան՝ այդ տարիներին ոգելից խմիչքներն այն աստիճան են քայքայում նրա առողջությունը, որ նա 1918թ. ապրիլ-օգոստոսին՝[21] պատերազմի ամենաթեժ պահին, ստիպված բուժման նպատակով մեկնում է Կարլսբադ (Carlsbad, Karlovy Vary) [ներկայումս Չեխիա]: Նա, ինչպես վկայում է Արմսթրոնգը, այցելում է ավստրիացի հայտնի բժիշկ Օտտո Զուքերքանդլին (Zuckerkandl), որն էլ նրան զգուշացնում է, որ. «Եթե չդադարեցնի խմելը, ապա կմահանա մեկ տարվա ընթացքում» (If he did not stop drinking he would die in a year):[22] Հարկ է ընդգծել, որ ավստրիացի բժիշկը սխալվեց. թեև Քեմալը թեև շարունակեց խմել առաջվանից ոչ քիչ, այնուամենայնիվ ապրեց ևս քսան տարի՝ մինչև 1938թ.:

Օսմանյան կայսրության պարտությունից և Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո (30 հոկտեմբերի, 1918թ.) Քեմալը Սիրիական ռազմաճակատից վերադառնում է Կ.Պոլիս: Չնայած բազում ջանքերին՝ Քեմալը դարձյալ որևէ պաշտոն չի ստանում նոր կառավարության մեջ: Ավելին, անգործ մնալով, մի փոքր տուն է վարձում Կ.Պոլսի արվարձան Շիշլիում և տրվում կյանքի վայելքներին: Այդ ընթացքում նրա միակ ընկերը գնդապետ Արիֆն (Arif) էր.

«Նա քիչ ընկերներ ուներ, և միակ մոտիկը գնդապետ Արիֆն էր:[23] Արիֆը Գերմանիայում կրթություն ստացած շտաբային ունակ սպա էր: Նա Մուստաֆա Քեմալից երիտասարդ էր:[24] Նրանք իրար գիտեին դեռևս Սալոնիկի և Մոնաստիրի օրերից; նրանք միասին ծառայել էին Սիրիայում, Բալկաններում և Գալիպոլիում: Զինադադարից հետո նրանք հաստատեցին սերտ ընկերություն: Նրանք միանման ճաշակ ունեին; երկուսն էլ կլանված էին բոլոր ռազմական հարցերով; երկուսն էլ հաճույք էին ստանում նույն անբռնազբոս խոսակցությունից, շատ խմելուց և կանանց հետ անցկացրած խենթ գիշերներից: Մուստաֆա Քեմալի թշնամիներն ասում էին, որ նրանք սիրեկաններ են, քանի որ Արիֆը միակ մարդն էր, ում նկատմամբ Մուստաֆան բացահայտ սեթևեթանք էր ցուցաբերում, գրկելով նրա վիզը՝ փաղաքշական անուններ էր տալիս:»[25]

Հետագա տարիներին ևս Քեմալը պահպանում է իր հախուռն և ոչ խտրական սեռական կյանքը: 1921-1922թթ. Աթաթուրքի անձնական կյանքի մասին Արմսթրոնգը գրում է հետևյալը.

«Քանի դեռ աշխատանք կար, դա խլում էր Մուստաֆա Քեմալի յուրաքանչյուր րոպեն. ոչինչ չէր կարող նրան շեղել: Երբ գործը թեթևանում էր, նա դառնում էր դյուրագրգիռ և իր տեղը չէր գտնում ու սկսում էր բախումներ ունենալ իր ենթակաների հետ: Այդ ժամանակ էր, որ Արիֆի և մեկ-երկու այլ տղամարդու հետ խրվում էր թունդ խմելու մեջ, որը զուգորդվում էր մինչև լույս թղթախաղով; կամ բոզության էր գնում քաղաքի էժանագին բորդելների ներկված կանանց մոտ:»[26]

Բնական է, որ նման կյանքն իր բացասական ազդեցությունն էր թողնում Մուստաֆա Քեմալի առողջության վրա: Բժիշկը նրան խորհուրդ է տալիս «աշխատել և խմել քիչ, կանոնավոր կյանք վարել մեկի հետ, ով կհոգա նրա մասին» (work and drink less, and lead a regular life with someone to look after him):[27] Այդ ժամանակ էլ նրա կյանքում հայտնվում է Ֆիքրիյե Հանըմը [Fikriye Hanum].

«Կործանումից նրան փրկեց Ֆիքրիյե Հանըմը: Նա (Քեմալի) հեռավոր բարեկամն էր Ստամբուլից,[28] ով բանակին կամավորագրվել էր որպես բուժքույր և եկել Անկարա: Հենց որ Քեմալը տեսավ նրան, իսկույն վերցրեց իր տուն:»[29]

Արմսթրոնգն այստեղ սխալվում է. Ֆիքրիյեն (1887-1924) Քեմալի հեռավոր բարեկամը չէր, այլ հարազատ մորեղբոր աղջիկը, որոնց տանը մանկության տարիներին 2 տարի ապրել էլ Մուստաֆան: Ֆիքրիյեն ժամանակին ամուսնացած էր եղել մի հարուստ եգիպտացի արաբի հետ, սակայն վաղուց բաժանվել էր:[30]

«Նա (Ֆիքրիյեն) հոգ էր տանում նրա (Քեմալի) բոլոր կարիքները. երբ հիվանդ էր լինում, խնամում էր նրան: Նա նրա (Քեմալի) սիրուհին էր և բացարձակ ստրուկը, որովհետև թուրք էր և արևելցի: (…) Առժամանակ Մուստաֆա Քեմալը տարված էր նրանով: Բայց շուտով հոգնեց: Ավելի ու ավելի հաճախ սկսեց գնալ իր ներկված կանանց, իր հարբեցողության և թղթախաղի ընկերների մոտ:»[31]

Մուստաֆա Քեմալի 1922-24թթ. կյանքը սիրային դասական եռանկյունի է հիշեցնում: 1922թ. սեպտեմբերին Քեմալը Զմյուռնիայում հանդիպում է Լաթիֆային [Latifa Usakligil (1898-1975թթ.)]: Հանդիպումն առժամանակ փոխում է նրա կյանքը: Ֆիքրիյեն դառնում է միանգամայն ավելորդ, դառնում է բեռ: Քեմալը նրան 1922թ. վերջին “բուժման” է ուղարկում Մյունխեն: 1923թ. հունվարի 14-ին մահանում է Քեմալի միակ ամենամոտ մարդը, մայրը՝ Զուբեյդան [Zubeida]: Նրա մահից հազիվ 15 օր հետո Քեմալն ամուսնանում է Լաթիֆայի հետ, որի հետ ապրում է երկուսուկես տարի:[32] 1924թ. Մյունխենից վերադառնում է Ֆիքրիյեն, հանդիպում և փորձում է Քեմալից պարզաբանումներ ստանալ իր հետագայի մասին: Հանդիպման հաջորդ օրը Ֆիքրիյեին սպանված են գտնում Մուստաֆա Քեմալի տան հետևի փոսերից մեկում:[33] Ինքնասպանության առաջ քաշված վարկածն առ այսօր լուրջ կասկածների տեղիք է տալիս:[34]

Ուրիշ ի՞նչ: Ոչինչ: Խնդալու կամ լալու կարծեմ պատճառ չիք:

Սպասենք Wikileaks-ի հետագա բացահայտումներին: Եթե նոր բան չլինի, ապա նախկին wikileaks-երը կան ու կան:

Ի վերջո նորը լավ մոռացված հինն է:


Հղումներ և ծանոթագրություն

  1. Gunter J. Procession. NY, 1965, p. 95.
  2. Armstrong H. Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator. NY, 1933, p. 152.
  3. Gunter J. Ibid, p. 96.
  4. http://en.wikipedia.org/wiki/Thomas_Jones_(T._J.)
  5. Middlemas K., Jones T. Whitehall Diary. London, 1971, v. III, p. 55.
  6. Armstrong H. Turkey in Travail. The Birth of a New Nation. London, 1925, p. 66.
  7. Նույն տեղում, էջ 230:
  8. Մինչև 1923թ., այսինքն՝ մինչև Թուրքիայի ինքնիշխանության վերականգնումը, Թուրքիայի հետ չէին կարող լինել հավասարազոր իրավական հարաբերություններ, ուստի դեսպանների փոխարեն Թուրքիայում Գերագույն հանձնակատարներ էին, իսկ ռազմական կցորդների փոխարեն՝ պաշտոնակատարներ:
  9. Armstrong H. Ibid, p. iii, 75.
  10. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 7.
  11. Ասմանգուլյան Հ.Ա., Հովհաննիսյան Մ.Ի. Անգլերեն-հայերեն բառարան. Երևան, 1984, էջ 331-2:
  12. Collins Cobuild on CD. 4th edition, 2003.
  13. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 7.
  14. Նույն տեղում:
  15. Արևելամիջերկրածովյան ժողովուրդների ընդհանուր անվանումը:
  16. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 11.
  17. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 43.
  18. Նույն տեղում:
  19. Նույն տեղում, էջ 44:
  20. Նույն տեղում:
  21. Zurcher E.J. The Unionist Factor. Leiden, 1984, p. 60.
  22. Gunter J. Ibid, p. 97.
  23. Խոսքը Մեհմետ Արիֆ Այիչիի (արջ պարացնող) [Mehmet Arif Ayici] (1883-1926թթ.) մասին է, ում Քեմալը 1926թ. շինծու մեղադրանքով կախաղան բարձրացրեց:
  24. Մուստաֆա Քեմալը ծնվել է 1880թ. կամ 1881թ.-ին:
  25. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 95.
  26. Նույն տեղում, էջ 139:
  27. Նույն տեղում, էջ 142:
  28. Kinross P. Ataturk, The Rebirth of a Nation. London, 1998, p. 97.
  29. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 143.
  30. Kinross p. Ibid, p. 141.
  31. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 143-4.
  32. Քեմալը և Լաթիֆան պաշտոնապես բաժանվել են 1925թ. օգոստոսի 5-ին, թեև արդեն մինչ այդ 1 տարի առանձին են ապրել:
  33. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 212.
  34. von Mikusch D. Mustapha Kemal (trans. from German). NY, 1931, p. 334.



12 դեկտեմբերի, 2010թ.