հիմնվել է Ֆրանսահայ մշակութային միությունը։ 1980-ին Մ–ում հաշվվում էր շուրջ 70 հզ․ հայ (արհեստավորներ, բանվորներ, մտավորականներ)։ Գործում են երեք եկեղեցի (այդ թվում՝ Ս․ Սահակ մայր եկեղեցին), որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ, հայրենակցական, մշակութային և մարզական կազմակերպություններ, ՀԲԸՄ (1910-ից) և Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Մ–ի մասնաճյուղերը, Հայ ուսանողական կենտրոնը և Պատերազմի վետերանների միությանը։ Մ–ում լույս են տեսել «Խթան» (1915-35), «Հայ սիրտ» (1925-38), «Հաճըն» (1929-1940), «Ժողովրդի ձայն» (1936-38), «Նոր կյանք» (1944-47) ևն պարբերականները։ Տես նաև Ֆրանսիա, Հայերը Ֆրանսիայում մասը։
«ՄԱՐՍԵԼ ԴԱՍՍՈ», ֆրանսիական ավիահրթիռաշինական ընկերություն։ Տես Մոնոպոլիա կապիտալիստական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը։
ՄԱՐՍԵԼԱԽԱՆԳԱՐՈՒՄ, դիսպեպսիա (< հուն. δύσπεπτος - դժվարամարսելիություն), ստամոքսա–աղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ։ Պատճառը սննդի քանակի և որակի նկատմամբ օրգանիզմի պահանջների և այդ սննդանյութը մարսողական օրգանների (տես Մարսողական համակարգ) բնականոն քանակությամբ ֆերմենաներով մարսելու (տես Մարսողություն) հնարավորության անհամապատասխանությունն է։ Առավել հաճախ հանդիպում է մինչև 8-9 ամսական երեխաների մոտ։ «Մ․» տերմինն առաջարկել է վիեննացի մանկաբույժ Հ․ Վիդերհոֆերը, XIX դ․ վերջում։ Ներքին հիվանդությունների կլինիկայում Մ․ նույնացվում է մի շարք հիվանդությունների ընթացքում առաջացած ստամոքսաաղիքային տարբեր խանգարումների հետ։ Մանկաբուժության մեջ տարբերում են Մ–ման կլինիկական հետևյալ ձևերը՝ հասարակ, թունավոր և հարաղիքային (պարէնտերալ)։ Առաջին երկուսն առաջանում են կրծքի երեխայի կերակրման կանոնների խախտման, իսկ հարաղիքայինը՝ սուր հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիտ, միջին ականջի բորբոքում ևն) հետևանքով։ Նշված բոլոր դեպքերում երեխան դառնում է անհանգիստ, որովայնը փքվում է, ախորժակը վատանում, առաջանում են փսխումներ, կղանքը դառնում է հաճախակի (օրական մինչև 10 անգամ)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով երեխայի քաշը խիստ պակասում է։ Թունավոր Մ–ման ընթացքը առավել ծանր է, ի հայտ են գալիս սիրտ–անոթային և նյարդային համակարգերի, նյութափոխանակության և ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ։ Թունավորման հարաճուն ընթացքի դեպքում կարող են զարգանալ կոլապս և կոմա։ Բուժումը․ հասարակ Մ․՝ սննդի ռեժիմի կարգավորում, դյուրամարս դիետա, ստամոքսի շարժողությունն ու հյութազատությունը կարգավորող միջոցներ (աղաթթու՝ պեպսինի հետ, պանկրեատին), խմբի վիտամիններ։ Թունավոր Մ․՝ ստացիոնար պայմաններում, սիրտ–անոթային համակարգի գործունեությունը լավացնող միջոցներ (սրտային գլիկոզիդներ, կոկարբօքսիլազ), արյանը փոխարինող հեղուկներ։ Հարաղիքային Մ–ման դեպքում՝ հիմնական հիվանդության բուժում։
ՄԱՐՍԵԼՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայերեն տպագիր երկերի հրատարակություն Մարսել քաղաքում՝ XVII և XIX-XX դդ․: 1673-ին Ոսկան Երևանցին, ֆրանս․ արքունիքից թույլավություն ստանալով, Ս․ Էջմիածնի և Ս․ Սարգսի անվ. տպարան–հրատարակչությունը Լիվոռնոյից փոխադրել է Մարսել։ Մարսելի տպարանի մյուս աշխատողներն էին Սողոմոն Լևոնյանը (Ոսկանի քեռորդին), Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը, Մկրտիչ Ջուղայեցին, Թադեոս Երևանցի Համազասպյանը, Նասիբ Գրիգորյանը։ Նույն՝ 1673-ին Ոսկանն սկսում է տպագրել Գրիգոր Նարեկացու «Գիրք աղօթից»-ը («Մատեան ողբերգութեան»), «Գիրք ժամակարգութեան որ կոչի Ատենի» կամ «Ժամագիրք Ատենի» (երկուսն էլ առաջին հրտ․) և «Գիրք Սաղմոսաց Դավթի»։ Կաթոլիկական գրաքննության պատճառով Նարեկացու երկի տպագրությունը մնում է անավարտ, իսկ Ժամագրքինը ավարտվում է 1679-ին։ Տպարանը հրատարակում էր նաև աշխարհիկ գրքեր, որոնցից են «Գրկուկ կարեւոր հանապազորդեան» (Պարզատօմար, Լուսնացոյց ևն, 1673), «Գիրք այբուբենից» (1675), «Գրգուկ կարեւոր հանապազորդեան» (1676), «Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք» (Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ը և Վարդան Այգեկցու առակները, 2-րդ հրտ․, 1683) ևն։ Տպարանը 1675-ին լույս է ընծայում առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան», որ թվաբանական-հաշվապահական ձեռնարկ է հայ վաճառականների համար։ Այստեղ է հրատարակվել Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի» երկը (1674)։ Տպարանը փակվել է 1686-ին՝ 13 տարվա ընթացքում հրատարակելով 16 անուն հայերեն գիրք։
Մարսելում հայկ. տպագրությունը վերսկսվել է 1862-ին, երբ Ճ․ Արամյանը իր տպարանը Փարիզից Կ․ Պոլիս փոխադրելիս 2 տարով հանգրվանել է այդ քաղաքում և զբաղվել գրահրատարակությամբ։ 1885-ից Մարսելում հրատարակչական-տպագրական գործունեություն է ծավալել Մ․ Փորթուգալյանը, որը նախ ֆրանս․, ապա սեփական տպարանում լույս է ընծայել գլխավորապես ազգային–ազատագրական բովանդակությամբ գրքեր և «Արմենիա» գրական–բանասիրական քաղ․ թերթը։ Փորթուգալյանի տպարանում աշխատել են հայազգի առաջին կին գրաշարներ Շուշանը և Հայկանուշը (Փորթուգալյանի դուստրերը)։ Մինչև 1967-ը Մարսելում գործել է մոտ 10 հայկ. տպարան, դրանցում, ինչպես և տեղի ֆրանս․ տպարաններում հայերեն գրքերից բացի տպագրվել են շուրջ 30 անուն հայերեն պարբերականներ, այդ թվում՝ «Խթան», «Բանբեր», «Գեղարդ», «Ազատ խոսք», «Վերելք»։
Գրկ. Զարբհանալյան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ․, 1895։ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե„ 1958։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե, 1977:
«ՄԱՐՍԵԼՅԵԶ» («Marseillaise»), ֆրանսիական հեղափոխական երգ, Ֆրանսիայի պետական հիմնը։ Խոսքերը և երաժշտությունը գրել է Կ․ Ժ․ Ռուժե դը Լիլը՝ 1792-ին, Ստրասբուրգում։ Սկզբնապես կոչվել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»։ Արագորեն մասսայականանալով հանրապետական բանակում՝ տարածվել է Մարսելում, հետո Փարիզում հայտնի դարձել «Մարսելցիների քայլերգ» (կրճատ՝ «Մ․») անունով։ Ռեստավրացիայի և Երկրորդ կայսրության շրջանում արգելված «Մ․» հաստատվել է որպես Երրորդ հանրապետության պետական հիմն։ Երաժշտական տեքստը պաշտոնապես հաստատվել է 1886-ին։ XIX դ․ 80-90-ական թթ․ Ռուսաստանի բանվորների և մտավորականության շրջանում Մ–ի եղանակով երգվել է «Հրաժարվենք հին աշխարհից» հեղափոխական երգը, որը կոչվել է «Բանվորական մարսելյեզ» (խոսքերը՝ Պ․ Լ․ Լավրովի)։
ՄԱՐՍՅԱՆ ԴԱՇՏ (Campus Marsius), դաշտ Հին Հռոմում, Տիբեր գետի ձախ ափին։ Անունը տրվել է ի պատիվ պատերազմի աստված Մարսի։ Մ․ դ–ում սկզբնապես տեղի են ունեցել զորահանդեսներ և մրցումներ, այստեղ էր Մարսի զոհասեղանը։ Հանրապետության ժամանակաշրջանում Մ․ դ–ում անցկացվել են ժող. ժողովներ (ցենտուրիական կոմիտիաներ)։ Հետագայում Մ․ դ–ի զգալի մասը կառուցապատվել է, և Մ․ դ․ անվանել են միայն զոհասեղանի շուրջ գտնվող հրապարակը։
Հետագայում Մ․ դ․ են անվանվել հրապարակներ Փարիզում, Լենինգրադում ն այլուր։
ՄԱՐՍՈ (Marceau) Մարսել (ծն. 1923․ Ստրասբուր), ֆրանսիացի դերասան–միմոս։ Ռեժիսոր Շ․ Դյուլլենի և դերասան Է․ Դեկրուի աշակերտը։ 1947-ին կազմակերպել է «Միմոսների համագործակցություն» սեփական թատերախումբը։ Ստեղծել է միամիտ, կյանքն ու մարդկանց սիրող Բիպի քնարական կերպարը։ Լավագույն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/340
Այս էջը սրբագրված է