Դու ազատ կը թռչես դեպի վեր,
Դու ունես զույգ հզոր, լայն թևեր․
Քո հոգին լեռներում բարձրանիստ
Միշտ անկախ՝ հպարտ է քո հանգիստ։
Անհունի ծալքերի դու ընկեր՝
Բայց գերի բնազդին գիշակեր,
Շատ անգամ ջինջ, հստակ եթերում
Քո ճանկից կաթկաթեց ալ արյուն։
Շատ անգամ զոհերիդ ծվատված
Ճիչերից սարսափեց և աստված․
Վառ արև քո ոճրին լուռ վկա՝
Երկնքում դատ, պատիժ քեզ չկա։
Եվ մի՞թե անպատիր իմ հոգուն՝
Որ այնտեղ կը թռչի միշտ անքուն—
Քեզ նման կգգվեն խնդագին,
Արյունոտ ճանկերիդ ունի գին։