Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
կ’օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:
Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`
երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`
ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:
Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,
յոթը գույնի տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
երանգներու, շողերու կ’ըղձա անուրջն օրորուն,
և արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:
Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…
շափյուղակնե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…
ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամփան:
Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,
ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:
Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին…: