Գայլն ու գառը
Գայլն ու գառը
Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը.
― Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես,
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ։
― Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ…
― Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը։
― Մի տարեկան դեռ չկամ…
― Է՛հ, եղբայրդ էր, անզգամ։
― Ես մի ծին եմ, մինուճար։
― Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից,
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ։
Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը։
Էստեղ ինչն է գլխավոր,
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր։