Էջ:Ազգին բարերարի գերեզմանը 03.jpg

Այս էջը հաստատված է


Խաչերը կը մոտենար Մարսուպին.

— Մարսո՛ւպ, ղուրպա՛ն, բառ մը ըսե՛, խոսե՛։

Կը լսեր Մարսուպը, բայց չէր պատասխաներ։ Եվ զարմանալին և ամենեն մտահոգիչը այն էր, բոլորը կը համաձայնեին, որ Մարսուպը եթե ուզեր խոսիլ՝ կրնար, իր արտահայտությունը այնպես կը ցուցներ, բայց չէր ուզեր խոսիլ։

Օր մը մեկ քանի հոգի հավաքվեցան և բռնի ուժով ձեռքերը գրպաններեն հանեցին, որովհետև կինը և բոլոր տնեցիները ձանձրացած էին մանուկի նման կերցնելե։ Շատ դժվարությամբ ձեռքերը գրպաններեն հանեցին, որու ատեն Մարսուպ աղան կովի նման բառաչեց և մեկ քանի ծանր հայհոյանքներ շպրտեց։ Զեռքերու ափերը փորփսոտեր էին, շորս կողմը բամպակ կապեր էր, ճերմկեր, նիհարեր, փափկացեր էին։ Աղաչեցին, լացին, որ դուրս պահե ձեռքերը, բայց օգուտ չըրավ, երբ ձգեցին ձեռքերը՝ ամենայն արագությամբ տարավ գրպանները և սկսավ հիվանդագին ծիծաղիր։ Խաչերը աչքերը թրջեց, հազիվ ինքզինքը զսպեց, դուրս ելավ սենյակեն և գալով իր սենյակը՝ բարձր ձայնով սկսավ լալ և աղաղակել.

— Վա՛յ Մարսուպ, վա՜յ, հավին քշա չէիր ըսեր, քեզ ո՞վ անիծեց։

Մարսուպի սերսեմությունները[1] այնքան ալ անակնկալ չէին, շատերը Մարսուպին շոշորթ կըսեին, այնքան քիչ կը խոսեր։

Մարսուպ աղան դուրս չէր ելլեր տունեն, բայց տանը մեջ կը պտտեր։ Առաջները տնեցիք սարսափի մեջ էին, որովհետև Մարսուպը կարող էր հայտնվիլ բոլորովին անսպասելի տեղեր և անտեղի ժամանակ, բայց կամաց֊կամաց վարժվեցան։ Մարսուպի ապուշությունը դարձավ հասարակ, այնպես որ Խաչերը, երբ խանութեն գար և երբ Մարսուպը չտեսներ շուրջը, կը հարցներ.

— Խենթը ո՞ւր է։

— Պառկեր է,— կամ՝ ո՜վ գիտե ո՛ւր է,— կը պատասխանեին։

— էսօր կերցուցե՞ր եք,— կը շարունակեր հարցուփորձել Խաչերը։

  1. խենթություն, շաղվածություն