Այս էջը հաստատված է

ԱՐՏԸ

Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով։

Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա՛ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլցրել էր։ Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով։

Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ֊մեկ անձրևում էր։

Լույսը նոր էր բացվել։ Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները։ Խրճիթների երդիկներից սկսել էին ծխի սյունակները խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա։

Ձիուս սանձը քաշեցի. և ռ՛չ իսկ արագ քայլել էր հնարավոր․ փողոցներում առվակներ էին գոյացել։

Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին։

Մի վայրկյան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու։

Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել։ Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ։

Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան։ Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն էլ, թվում էր, որ կար, բայց շա՜տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես։