Այս էջը հաստատված է

― Չէէ՜, այդ չեղավ,— բացականչեց բժիշկը։— Մի հրեք իրարու։ Ով տոմսակ ունի, թող նա առաջ գա․ տոմսակ չունեցողները՝ ետ… Դու չունես, ինչո՞ւ ես հրում, ետ գնա․․․ իսկ դո՞ւ, այ աղջիկ, ո՞ւր է տոմսակդ։

Մշեցի մի աղջիկ էր, որ լռությամբ կանգնել էր և կապտագույն հրաշալի աչքերը բժշկի վրա սևեռել։

Լսելով, որ խոսքն իրեն են ասում․ ցնցվեց, երազում էր։

Շիկահեր էր, վայելուչ հասակով և քնքուշ գծագրությամբ, դեմքը ցրտից ու նեղություններից սևացել, այրվել էր։

— Ունիմ,— թոթովեց նա ձեռքի տետրակը ցույց տալով։

— Լա՛վ, սպասիր հերթիդ,― ասաց բժիշկը,— Մշեցի՞ ես դու։

— Հրամանք ես։

Եվ կարմրելով բժշկի հայացքից, դեմքը խոնարհեցրեց։

— Ի՜նչ գեղեցիկ է,— ասաց հերթապահը, որ բժշկի ետևից նայում էր,— ուրիշ գեղեցիկներ կան այնտեղ, կտուրի վրա, նայեցեք բժիշկ։

— Այո,— ասաց բժիշկը,— ոչ մեկը սրա նման չէ։

Այդ միջոցին խոհարարը մոտեցել էր ամանները առնելու, որպեսզի կերակուր լցնի։ Ամանների մի բազմություն պարզվեց դեպի նա։

— Քի՛չ հեռու, քի՛չ հեռու,— ձայնեց խոհարարը,— մի վախենաք, ամենքիդ կհասնի։

Մի քանիսներից հետո հերթը մշեցի գեղեցիկ աղջկանն էր։

— Քանի՞ բաժին,— հարցրեց օգնականը։

— Երեք,— պատասխանեց աղջիկը կաս-կարմիր կտրած։

Տետրակը անցավ օգնականի ձեռքը։ Նա բաց արավ և կարդաց։

— Գոմերցի Վրթնոյի այրին․․․ երեք բաժին․ ճիշտ է, լցրեք։

Ամանը լցվեց։ Նազիկն էր այդ աղջիկը։ Առավ նա կերակուրով լի պտուկը, ուժ տվեց, ճղեց ամբոխը։ Մի քանի անգամ քիչ մնաց ամանը սահեր ձեռքից․ բայց նա երկար պարեգոտի քղանցքը բարձրացրեց և նրանով բռնելով տաք ամանը, հաջողեց հասցնել մինչև բակի դուռը։