Այս էջը սրբագրված է

ո՞ր ցավին օգնի։ Սակայն նա բարի զինակիր էր և բարի ծառա, ուստի տիրոջ սերը հաղթեց։

Չարաչար շփոթմունքով մոտեցավ նա դոն Կիխոտին, որն ավելի ողբալի վիճակի մեջ էր, քան կկամենար և, օգնելով նրան հեծնել Ռոսինանտին, ասաց.

— Պարոն, Դևը քշեց-տարավ իմ իշուկին։

— Ի՞նչ Դև,— հարցրեց դոն Կիխոտը։

— Այն, որ փուչիկներ ունի,— պատասխանեց Սանչոն։

— Բան չկա,— ասաց դոն Կիխոտը,— ես դուրս կբերեմ, անգամ եթե նրան դժոխքի ամենախոր ու մութ անդունդներում թաքցնելու լինեն։ Հետևիր ինձ, Սանչո։

— Շտապելու կարիք չկա, պարոն,— առարկեց Սանչոն,— մեղմեցեք ձեր զայրույթը, կարծեմ, սատանան արդեն թողեց իշուկին, որը ետ է գալիս։

— Այնուամենայնիվ,— ասաց դոն Կիխոտը,— այդ Սատանայի աներեսության համար արժեր սայլով գնացողներից մեկնումեկին պատժել, օրինակ համար, ասենք, հենց Կայսերը։

Այս խոսքերով նա ձին քշեց դեպի սայլը, որն արդեն մոտենում էր գյուղին, և բարձրաձայն գոչեց.

— Կանգ առե՛ք, սպասեցե՛ք, միմոսներ ու ծաղրածուներ։ Ես ձեզ խրատ պիտի տամ, թե ինչպես պիտի վարվել թափառական ասպետների զինակիրների էշերի և անասունների հետ։

Դոն Կիխոտն այնքան բարձր էր գոռում, որ սայլում նստած դերասանները լսեցին, խոսքերն ըմբռնեցին և գլխի ընկան նրա թշնամական մտադրությունների մասին։ Վայրկենապես ցած թռան սայլից Մահը, Կայսրը, սայլապան Դևը, Հրեշտակը և վերջապես Թագուհին ու փոքրիկ աստված Կուպիդոնը, բոլորն էլ քարեր վերցրին և շարքի կանգնեցին ռազմական կարգով, պատրաստվելով դոն Կիխոտին դիմավորել քարե կարկուտով։

Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ նրանք քաջ-քաջ պատրաստվել են կռվի և բարձրացրել են ձեռքերը, որ քար գցեն, Ռոսինանտի գլուխը պահեց և սկսեց մտմտալ, թե որ կողմից հարձակվի նրանց վրա, որպեսզի նվազագույն չափով իր անձը վտանգի ենթարկի։

Մինչդեռ նա խորհում էր, վրա հասավ Սանչոն և, տեսնելով, որ իր տերը մտադիր է հարձակվելու այսպիսի մի կազմ ու պատրաստ խմբի վրա, ասաց.

— Չարժե վըեժխնդիր լինել, պարո՛ն։ Ես կհամոզեմ իմ էշին, որ իր վիրավորանքը իմ կամքին հանձնի։ Իսկ իմ կամքը՝ խաղաղ ապրելն է։

— Եթե քո վճիռն այդ է,— ասաց դոն Կիխոտը,— իմ բարի, իմ խելացի և մաքուր սրտով Սանչո, ապա հանգիստ թողնենք այդ խրտվիլակներին և,ավելի լավ ու ազնիվ արկածներ որոնենք, որովհետև ինձ թվում է, թե այս կողմերում մեզ սպասում են բազմաթիվ հրաշալի անցք ու դեպքեր։

Նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, Սանչոն նորից նստեց իր էշին, իսկ Մահը իր խմբով վերադարձավ դեպի սայլը, որ շարունակի ճանապարհը։

Ահա թե ինչ բախտավոր վախճանի հանգեց սայլի ահավոր արկածը։