Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/185

Այս էջը հաստատված է

և որ այդ պատճառով նրանց շրջանում ձերբակալություններ են կատարվել։ Ձերբակալված են 50-ի չափ ազդեցիկ երիտասարդ թյուրքեր - խմբագիրներ, զինվորականներ, կենտրոնական կոմիտեի անդամներ, նախկին մինիստր Թալեաթ-բեյը և մինչև անգամ ազատագրական բանակի հրամանատար և նախկին զինվորական մինիստր Մահմուտ Շեֆքեթ փաշան ...

Որ կառավարության այս քայլը առանց հակահարվածի չէ անցնելու երիտասարդ թյուրքերի կողմից՝ այդ պարզ է։ Կնշանակե, որ զինվորական ու ֆինանսական տեսակետից տկարացած և պարտության պատճառով իր բարոյական հեղինակությունը կորցրած կառավարության և երիտասարդ թյուրքերի միջև նորից սկսվում է պատերազմը և այն էլ ամենասուր ձևով։

Թե ով կհաղթե այդ ներքին պատերազմում դա մենք առայժմ չգիտենք և կարիք էլ չունինք գիտենալու։ Մեզ համար կարևորն այն է, որ այս հանգամանքներում ուժեղ կառավարության մասին Տաճկաստանում խոսք լինել չի կարող, իսկ այս նշանակում է, որ խախտվում է մեր այն հույսը, թե տաճիկ կառավարությունը ջարդերի առաջը կառնի։

Կառավարական անարխիան թե Տաճկաստանում, թե Պարսկաստանում միշտ առաջ է բերել քրիստոնյաների ջարդ։ Ներկայումս Տաճկաստանը այդպիսի մի անարխիայի նախօրյակին է գտնվում։ Ի՞նչ պետք է անե հայ ժողովուրդը, մի նոր քստմնելի ջարդի զոհ չդառնալու համար։

II

Տաճկահայերի տագնապալից կացությունը այսօր ամբողջ հայության ընդհանուր ուշադրության առարկան է։ Թե Տաճկաստանի սահմաններում և թե նրանցից դուրս գտնվող հայերի համար այսօր մի հրամայական խնդիր կա. ի՞նչ պետք է անել վերահաս վտանգի հանդեպ. ինչ պետք է ձեռնարկել կոտորածները կանխելու կամ անակնկալի չգալու համար։

Թե ինչ են մտածում իրենք, տաճկահայերը այս խնդրի մասին, այդ մենք մի կողմ ենք թողնում։ Մեզ հետաքրքրում է առայժմ, թե ինչ դիրք են բռնում դրսի հայերը վերոհիշյալ համազգային խնդրում։

Ընդհանրապես դրսի հայության և մասնավորապես ռուսահայ հասարակության մեջ նկատվում են մի քանի տարբեր հայացքներ տաճկահայ ժողովրդի քաղաքական վիճակի մասին։ Ոմանք պնդում են, որ այդ ժողովրդի բախտը անխզելիորեն կապված պիտի համարել Տաճկաստանի