նը։ Օբյեկտիվ պայմանները զուգակցվեցին սուբյեկտիվ գործոնով. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի, ունեցավ իրատեսական քաղաքական մտքով առաջնորդվող, իրատես քաղաքական հաշվարկներ կատարելու ունակ ղեկավարություն եւ առաջնորդ։ Նույն իրատես քաղաքական ուղեգծի շնորհիվ Հայաստանը ետպատերազմյան տարիներին էլ պահպանեց իր գերադասելի դիրքը Ադրբեջանի նկատմամբ եւ հասավ հնարավոր նպաստավոր պայմաններով խաղաղություն հաստատելու վերջնագծին։
Որպես ամփոփում ասենք հետեւյալը. համաշխարհային քաղաքական մտքի պատմության մեջ նորություն չէին ո՛չ իրատեսության սկզբունքը, ո՛չ իրատես քաղաքականությունը, ո՛չ սեփական ուժերին ապավինելու սկզբունքը, ո՛չ քաղաքական հաշվարկի կարեւորության գիտակցումը եւ այլն։ Ավելին՝ դրանք նորություն չէին նաեւ հայ քաղաքական մտքի պատմության մեջ, այն տարբերությամբ սակայն, որ դրսեւորվել էին միայն անհատ գործիչների մոտ ու որոշ պատմաբանների աշխատություններում եւ, տեղի տալով հասարակության կարծրացած պատկերացումների պատնեշին, չէին դրվել գործնական քաղաքականության հիմքում։
Շարժման, նրա քաղաքական կառույցի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ խիզախումն այդ պատնեշի հաղթահարումն էր։
Նախագահը եւ իր ընդդիմությունը
Անկախության նվաճման, պետականության կայացման եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրների բարեհաջող լուծումը հնարավոր դարձավ նաեւ նոր իշխանության բազմաբնույթ ընդդիմության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի շնորհիվ։ Այդ վերաբերմունքի առաջին հատկանիշը, թերեւս, ողջամիտ հանդուրժողականությունն էր, որ գալիս էր առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի լայնախոհությունից։ Նա տեղի չտվեց ընտրություններում հաղթած, իր իսկ ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի բնական ու հասկանալի ձգտմանը՝ զբաղեցնել բոլոր պետական պաշտոնները։ Նրա օրոք կազմված կառավարություններում եւ այլ պետական պաշտոններում, ըստ իրենց մասնագիտական կարողությունների եւ ունակությունների, լայնորեն ներկայացված էին ինչպես անկուսակցականներ, այնպես էլ իշխանությունը կորցրած կոմկուսի նոմենկլատուրայի բազ