ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Հոգուս ամբողջ զորությամբ բողոքում եմ մեր [քաղաքում ու գավառներում] մեջ կատարվող սպանությունների դեմ, որքան էլ նրանք սակավ լինեն։ [Այժմ] էդ սակավն էլ պետք է դադարեցնել։ Արյունի սերը խորթ է մեր ազգի ոգուն, որ խաղաղությունն է սիրել, մեր բնավորությանը, որ աշխատանքն է սիրել, մեր պատմությանը, որ օրհասական մաքառումների անվերջ շարքեր է պատմում, բայց արյունի սերը չի արձանագրել երբեք։
Եթե մի դժբախտ օր մեզանից ամեն մինը հարկադրված էր զենք վերցնելու իր գլուխն ու իր ընտանիքը պաշտպանելու համար, էդ լավ ենք հասկանում, խորապես ցավելով հանդերձ։ Բայց էն ժամանակ էլ, երբ մարդը չի գտնվում էդ ծայրահեղ հուսահատական վիճակի մեջ ու միայն վիրավորանքից, վրեժից, շահասիրությունից կամ [այլ] սրանց նման պատճառներից դրդված վեր է կենում մարդու վրա, ով ուզում է նա լինի, կատարելու ոճիրներից ամենաքստմնելին, դրա հասկանալը հեշտ չի։ Հոգու ուժ պետք է ունենալ զենքի ուժին չդիմելու համար։ Մենք ունեցել ենք էդ ուժը և տակավին ունենք։ Մենք հեշտ սպանության գնացող ժողովուրդ չենք։ Մարդասպանությունները անտանելի են մեր հոգու համար և օտարներին սխալ գաղափար են տալի մեր մասին։ Եվ, վերջապես, էդ դժբախտ մարդիկը (որովհետև, ամեն մարդասպան դժբախտ է, և ավելի դժբախտ, քան իր զոհը) էդպեսով միաժամանակ, անշուշտ անգիտակցաբար, թշնամություն են անում հենց իրենց երկրին ու իրենց ցեղին, որ էնքան կարոտ են խաղաղ օրերի, վատություն են անում և էն բազմաթիվ մարդկանց, որոնք բանտում փակված արդարադատության օրին, ու ազատության են սպասում։ Բողոքում եմ հանուն [մարդ արարածի] մարդասիրության, հանուն մեր ցեղի, հանուն շատ անմեղ տուժողների։ Բողոքում՛ եմ որպես հայ և որպես գրական մարդ միանգամայն։