Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/335

Այս էջը հաստատված է

հայտնվել է Անդրկասպյան երկրում, էնտեղից անցել է Ղզըլարվադ, Կրասնովոդսկ, ապա Կասպից ծովի վրայով անցել է Լենքորան, Պետրովսկ, Քռի հովիտն ի վեր հոսել է ու հասել մինչև Ռազմավիրական ճանապարհը (Бюллетени Тифл. общ. любителей природы, № 1).

Եվ արդեն գիտությունից հայտնի է, որ օդը հոսում է երկրի երեսով որոշ ճանապարհներով ու մեծ հոսանքներով՝ մի երկրից առած փոշին ու մանրագույն հյուլեները տանելով, տարածելով հեռավոր երկիրներ։ Էնպես որ մենք Կովկասի մի որևէ անկյունում հաճախ էն փոշին ենք կուլ տալիս, որ մի քանի ժամանակ առաջ վեր է կացել Սահարայի անապատից կամ Սիբիրի տափաստանից։

Էսպես էլ կենդանական ու բուսական կյանքն է հոսում երկրի երեսով, զանազան ճանապարհներով ու զանազան միջոցներով, իր բնիկ աշխարհքից տարածվում հեռու երկիրներ՝ շարունակ ընդարձակելով իր տեսակի շրջանը, գրավելով նոր կլիմաներ, փոխադարձաբար թե ազդելով նոր հայրենիքի վրա և թե ենթարկվելով նրա ազդեցությանը։ Մեկ էլ տեսնում եք՝ Ասիական անապատի տատասկը բուսել է Կովկասի հովիտներում ու լեռներում, կամ մոխրագույն մեծ մուկը (крыса) անցել է իր հայրենիքի՝ Արևմտյան Ասիայի սահմաններից ու բռնել ամբողջ Եվրոպան, էնպես որ նրան ժողովուրդները ճանաչում են արդեն իբրև Եվրոպայի կենդանի, իսկ մեր ժողովուրդը անվանում է Ռուսեթի մուկը։

Էսպես էլ մարդկային կյանքը, զանազան պատճառներով, զանազան ձևերով ու զանազան ճանապարհներով, հոսել է ու հոսում է երկրի երեսով, և, շարունակ խառնելով հայրենիքների սահմանները, խառնում է իր տիպն ու հոգևոր ստեղծագործությունները օտար ժողովուրդների հետ։

Եվ ինչպես որ եթերային մեծ հոսանքներն են հազար ու մի պտույտներ անում ժամանակի ընթացքում իրենց անցած ճանապարհին, էնպես էլ մարդկային հոսանքներն