Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/5

Այս էջը հաստատված է

զբաղեցրին սոցիալ-տնտեսական աստիճանակարգության միջին և բարձր օղակներում: Դրանց թվում են անհատ ձեռներեցներ, պետական և այլ ծառայողներ, գիտնականներ, դասախոսներ, գիտատեխնիկական տարբեր ոլորտների բարձրորակ մասնագետներ, մեծաթիվ ուսանողություն և այլն:

Արևմուտքի երկրների հայերի` որպես հասարակության արժանապատիվ քաղաքացիների, ինքնահաստատմանը մեծապես նպաստել է նրանց գործուն մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին. ԱՄՆ-ի շուրջ 18,5 հզ. և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շուրջ 10 հզ. հայազգի քաղաքացիներ նշված երկրների զինված ուժերում մարտնչել են ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ: Իսկ վերջինների կողմից գրավված Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում տեղի հայությունը մասնակցել է նաև Դիմադրության զինված պայքարին:

Այդ տարիներին սփյուռքահայությունը կազմակերպել է նաև հատուկ հանգանակություններ Խորհրդային Միության օգտին, որոնց կարևոր արդյունքներից էր «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումը:

Արևմուտքի երկրների մշակույթի մշտական և ուժեղ ներգործության պայմաններում հայերի համար ամենաբարդ և դժվար խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը: Հայերը և հատկապես նրանց առաջին սերունդները, ցանկանալով ներգրավվել ընդունող հասարակություններում, ձգտել են առավելագույնս որդեգրել տեղի կենսաոճն ու սոցիալ-մշակութային արժեքները` միաժամանակ սահմանափակելով իրենց ազգային, ավանդական մշակույթի դրսևորումները: Այսպես` այդ երկրներում երկար ժամանակ գոյություն են ունեցել միայն մեկօրյա հայկական դպրոցներ, որոնք չէին կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները:

Արևմուտքի երկրների հայության ազգային գործունեությունը զգալիորեն աշխուժացել է, երբ 1960-ական թթ. սկսվել է հայերի ներհոսքը Արևելքի երկրներից, իսկ 80-ական թթ. վերջից` նաև Հայաստանից: Եթե ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում նրանք համալրել են տեղի հայ համայնքները, ապա Շվեդիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Բելգիայում և այլ երկրներում հիմնել են նոր համայնքներ կամ վերակենդանացրել եղածները: Առավել արդյունավետությամբ են սկսել գործել համայնքային հիմնարկությունները, հիմնվել են կրթական և մշակութային նոր հաստատություններ, թերթեր, գեղարվեստական խմբեր ևն: Գլխավորապես նրանց ջանքերի շնորհիվ 1960-ական թթ. կեսերին ԱՄՆ-ում հիմնվել են առաջին ամենօրյա հայկական դպրոցները: Գրեթե բոլոր երկրներում գործող հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետական դպրոցների, վճարովի: Ուսուցումն այդ դպրոցներում ընթանում է համաձայն տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրերի և տեղական լեզուներով, ինչը պարտադիր պայման է ավարտական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար: Հայկական դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ հիմնական ծրագրի հետ երեխաներն ուսանում են հայոց լեզու ու գրականություն, հայ ժողովրդի (ներառյալ եկեղեցու) պատմություն, հայկական երգ ու պար: Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված ազգային մթնոլորտը, ինչի շնորհիվ էլ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցությունը:

Այդուհանդերձ, Արևմուտքի երկրներում գործող սակավաթիվ հայկական միջնակարգ դպրոցներում սովորում է հայազգի երեխաների փոքր մասը: Որպես հետևանք` տեղի հայերի, հատկապես երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում տիրապետում է հայերենի խոսակցական լեզվի սոսկ տարրերին: Դա իր հերթին անդրադառնում է հայկական մամուլի վրա. ավելանում են տեղական լեզուներով հրատարակությունների թիվը, իսկ հայալեզու պարբերականները, որպես կանոն, ունեն օտարալեզու հատուկ ենթաբաժիններ կամ հավելվածներ: Ի տարբերություն Արևելքի երկրների` տեղի հայ համայնքներում ձևավորված մշակութային ոլորտը չի նպաստում հայալեզու գրականության զարգացմանը, խթանում է օտարագիր հայազգի գրողների ի հայտ գալուն: Արևմուտքի երկրներում հայկական հիմնարկությունների արդյունավետ գործունեությանը, դրանում մեծ թվով հայերի ներգրավմանը մեծապես խոչընդոտում է նաև մեծ քաղաքներում ցրված բնակչությունը:

Նշված երկրներում յուրահատուկ դեր է վերապահված հայերի կրոնական պատկանելությանը: Սփյուռքի ձևավորման շրջանում այն զգալի չափով նպաստել է տեղի` նույնպես քրիստոնյա ժողովուրդների կողմից հայերի մասին նպաստավոր կարծիքի ձևավորմանը, իշխող միջավայրին հայերի արագ հարմարվելուն: Դրա հետ մեկտեղ, նույն քրիստոնյա միջավայրը զգալիորեն նվազեցրել է Հայ եկեղեցու դերը, իսկ որոշ իմաստով նույնիսկ դյուրացրել հայերի ազգամշակութային ձուլումը: Այդ է վկայում այլազգիների հետ հայերի ամուսնությունների թվի մշտական աճը. Արևմուտքի և Հարավային Ամերիկայի երկրների հայության շրջանում դրանք կազմում են ամուս-