Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/439

Այս էջը հաստատված է

պակասում է: Հեղուկ Ճ-յանը բնորոշ են նաև դյուրագրգռությունը, քրտնոտությունը, ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումները:

Թանձր Ճ. բնորոշվում է դեմքի, կրծքի, մեջքի, վզի հետին մակերևույթի վրա մազապարկերի բացվածքը փակող և սև կետերի (կոմեդոններ) նմանվող ճարպային խցանների առաջացմամբ: Այդ շրջանում գոյացած պզուկները լինում են խոշոր չափերի, միաձուլվելու հակումով և կոպիտ սպիներ են առաջացնում: Թանձր Ճ-յան ժամանակ սովորաբար մազերը չեն թափվում: Մաշկն աստիճանաբար հաստանում է, ձեռք բերում գորշ երանգ:

Ճ-յան ընթացքը ծանրացնում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները (ստամոքսաբորբ, խոցային հիվանդություն ևն), քրոնիկ. վարակիչ հիվանդությունների օջախները (հայմորիտ, նշագեղձերի բորբոքում), թերվիտամինությունը (տես Վիտամինային անբավարարություն), ինչպես նաև մաշկի անմաքրությունը:

Բուժում է բժիշկը հիվանդից պահանջվում է համբերություն և բժշկի նշանակումների ճիշտ կատարում: Օգտակար են ջրային բուժարարողությունները՝ լոգանքները, ցնցուղումը, ամռանը՝ ծովային լոգանքները: Առավելապես կիրառում են սպիտակուցային սննդակարգ՝ ճարպերի և ածխաջրերի, ինչպես նաև գրգռող նյութերի (պղպեղ, մանանեխ ևն) սահմանափակմամբ:

Կանխարգելումը. անձնական հիգիենայի կանոնների խստորեն պահպանում: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ և բնականոն) և դրանք հաշվի առնի մաշկը խնամելիս (տես Մաշկ, խնամքը): Կարևոր է մազերի ճիշտ խնամքը: Ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները և քրոնիկ. վարակի օջախները բուժելիս անհրաժեշտ է խստորեն կատարել բժշկի խորհուրդները: Հարկավոր է կանխել մաշկի կենցաղային և արտադր. աղտոտվածությունը: Օգտակար է կոսմետոլոգ. առանձնասենյակում պարբերաբար կատարել մաշկի մաքրում և մերսում:

ՃԱՐՊԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Ճարպեր հոդվածում:

ՃԱՐՊԵՐ, կենդ. և բուս. հյուսվածքների կազմության մեջ մտնող օրգ. միացություններ: Կազմված են հիմնականում եռագլիցերիդներից (գլիցերինի և տարբեր ճարպաթթուների բարդ էսթերները), ինչպես նաև բարձր կենսբ. ակտիվությամբ օժտված նյութերից՝ ֆոսֆատիդներից, ստերիններից, որոշ վիտամիններից: Տարբեր եռագլիցերիդների խառնուրդը կազմում է չեզոք ճարպը: Ճ. և ճարպանման նյութերը պատկանում են լիպիդների դասին:

Մարդու և կենդանիների օրգանիզմում առավել մեծ քանակությամբ Ճ. գտնվում են ենթամաշկային ճարպաբջջանքում և ճարպային հյուսվածքում, որոնք տեղադրված են ճարպոնում, միջընդերքում, հետորովայնամզային տարածությունում ևն: Ճ. պարունակվում են նաև մկանային հյուսվածքում, ոսկրածուծում, լյարդում և այլ օրգաններում: Բույսերում Ճ. հիմնականում կուտակվում են պտղամարմիններում և սերմերում: Ճ-ով հարուստ են յուղատու բույսերը, օրինակ՝ արևածաղկի սերմերը պարունակում են մինչև 50 % և ավելի Ճ. (չոր նյութի հաշվով):

Ճ-ի կենսբ. նշանակությունն այն է, որ մտնում են բոլոր հյուսվածքների ու օրգանների բջջային կառուցվածքների կազմության մեջ և անհրաժեշտ են նոր կառուցվածքների ստեղծման համար (այսպես կոչված՝ պլաստիկ. ֆունկցիա): Դրանք կարևոր են կենսագործունեության համար, քանի որ ածխաջրերի հետ մասնակցում են օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաների էներգաապահովմանը: Կուտակվելով ներքին օրգանները շրջապատող ճարպային հյուսվածքում և ենթամաշկային ճարպաբջջանքում՝ Ճ. ապահովում են օրգանիզմի մեխ. պաշտպանությունն ու ջերմամեկուսացումը: Իսկ ճարպային հյուսվածքի կազմում ծառայում են որպես սննդանյութերի պահեստարան ու մասնակցում նյութերի և էներգիայի փոխանակության գործընթացներին:

Բնական Ճ. պարունակում են ավելի քան 60 տեսակ ճարպաթթուներ, որոնք ունեն տարբեր քիմ. ու ֆիզ. հատկություններ: Ըստ քիմ. հատկությունների՝ ճարպաթթուները լինում են հագեցած (ածխածնի ատոմների միջև բոլոր կապերը հագեցած են կամ զբաղված են ջրածնի ատոմներով) և չհագեցած (ածխածնի ատոմների միջև ոչ բոլոր կապերն են հագեցած): Հագեցած և չհագեցած ճարպաթթուները տարբերվում են ոչ միայն իրենց քիմ. ու ֆիզ. հատկություններով, այլև կենսբ. ակտիվությամբ և օրգանիզմի համար ունեցած «արժեքով»: Հագեցած ճարպաթթուներն իրենց կենսբ. հատկություններով զիջում են չհագեցածներին:

Առավել արտահայտված կենսբ. հատկություններ ունեն բազմաչհագեցած ճարպաթթուները (2, 3 և ավելի կրկնակի կապերով)՝ լինոլային, լինոլենային և արաքիդոնային, որոնք չեն սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմներում (երբեմն կոչվում են վիտամին F) ու կազմում են անփոխարինելի ճարպաթթուների խումբ: Նշված ճարպաթթուներն իսկական վիտամիններից տարբերվում են նրանով, որ չեն ուժեղացնում նյութափոխանակության գործընթացները, սակայն օրգանիզմի պահանջը դրանց նկատմամբ ավելի է իսկական վիտամիններից: Բազմաչհագեցած ճարպաթթուներն ամենաշատ պարունակվում են լյարդում, գլխուղեղում, սրտում և սեռ. գեղձերում:

Բազմաչհագեցած ճարպաթթուները բարձրացնում են խոլեստերինի արտազատումն օրգանիզմից (այն վերածելով հեշտ յուրացվող միացության), որը կարևոր նշանակություն ունի աթերոսկլերոզի կանխարգելման համար: Բացի այդ, բարձրացնում են արյունատար անոթների պատերի առաձգականությունը և նվազեցնում թափանցելիությունը: Պարզվել է, որ այդ թթուների անբավարարությունը հանգեցնում է պսակային անոթների թրոմբոզի: Ուստի բազմաչհագեցած ճարպաթթուները համարվում են սրտի իշեմիկ հիվանդության կանխման միջոց:

Հաստատվել է կապ բազմաչհագեցած ճարպաթթուների և B խմբի (հատկապես B6 և B1) վիտամինների փոխանակության միջև:

Ըստ կենսբ. արժեքի և բազմաչհագեցած ճարպաթթուների պարունակության՝ Ճ. բաժանվում են 3 խմբի: 1-ին խմբին են պատկանում կենսբ. բարձր ակտիվությամբ Ճ., որոնք պարունակում են 50-80 % բազմաչհագեցած ճարպաթթուներ, և դրանց նկատմամբ օրգանիզմի օրական պահանջը 15-20 գ է: Դրանցից են ձեթերը (արևածաղկի, սոյայի, եգիպտացորենի, բամբակի, կանեփի ևն): 2-րդ խմբում են միջին կենսբ. ակտիվությամբ Ճ. (խոզի, սագի և հավի), որոնք պարունակում են 50 %-ից պակաս բազմաչհագեցած ճարպաթթուներ, և դրանց նկատմամբ օրգանիզմի օրական պահանջը 50-60 գ է:

3-րդ խմբի Ճ. պարունակում են նվազագույն քանակությամբ բազմաչհագեցած ճարպաթթուներ, որոնք չեն կարող բավարարել օրգանիզմի պահանջը (ոչխարի և տավարի Ճ., կարագ և կաթնային Ճ-ի այլ տեսակներ):

Ճ-ի կենսբ. արժեքը պայմանավորված է նաև ճարպանման նյութերով (ֆոսֆատիդներ, ստերիններ, վիտամիններ ևն):

Ֆոսֆատիդները հյուսվածքների և բջիջների անհրաժեշտ բաղադրիչ են, ակտիվորեն մասնակցում են փոխանակության, հատկապես բջջաթաղանթների թափանցելիության գործընթացներին, ինչպես նաև ազդում են Ճ-ի ներծծման