Միջաձիգ զոլավոր մկաններն ունեն օժանդակ ապարատ՝ փակեղներ, ոսկրաթաղանթային խողովակներ, ձուսպաբունոցներ և ձուսպապարկեր: Մեծ քանակությամբ արյան անոթների շնորհիվ մկաններն առատորեն մատակարարվում են արյունով, ունեն զարգացած ավշային անոթներ: Նրանցից յուրաքանչյուրին մոտենում են շարժիչ և զգացող նյարդային թելիկներ, որոնց միջոցով իրականանում է կապը կենտր. նյարդային համակարգի հետ:
Միևնույն շարժումը կատարող մկանները կոչվում են համագործիչներ (սիներգիստներ), իսկ հակառակ գործողությունը կատարողները՝ հակագործիչներ (անտագոնիստներ): Յուրաքանչյուր մկան կարող է գործել միայն հակագործիչ մկանների միաժամանակյա թուլացման դեպքում: Այսպիսի համաձայնեցվածությունը կոչվում է մկանային համաձայնեցում (կոորդինացիա): Բարդ շարժումներ կատարելիս (օրինակ՝ քայլելիս) մասնակցում են շատ մկանախմբեր:
Միջաձիգ զոլավոր մկանները ենթաբաժանվում են իրանի, գլխի և պարանոցի, վերին ու ստորին վերջույթների մկանների:
Իրանի մկանների շարքն են դասվում մեջքի, կրծքի և որովայնի մկանները: Մեջքի մկանները լինում են մակերեսային և խորանիստ: Մակերեսայիններից են մեջքի սեղանարդաձև և լայնագույն, թիակը բարձրացնող, մեծ և փոքր ռոմբաձև, վերին և ստորին ատամնավոր մկանները: Մեջքի մկանները բարձրացնում, մոտեցնում և առբերում են թիակը, տարածում պարանոցը, ձգում ուսն ու ձեռքը դեպի հետ և ներս, մասնակցում շնչառությանը: Մեջքի խորանիստ մկանները պտտում և ուղղում են ողնաշարը:
Կրծքի մկանները ենթաբաժանվում են արտաքին և ներքին միջկողային, ուսագոտու և վերին վերջույթի հետ կապված, մեծ ու փոքր կրծքային, ենթաանրակային և առաջային ատամնավոր մկանների: Շնչառման և արտաշնչման ժամանակ արտաքին միջկողային մկանները բարձրացնում, իսկ ներքիններն իջեցնում են կողերը: Կրծքի մնացած մկանները բարձրացնում, առբերում են ձեռքը և պտտում դեպի ներս, թիակը քաշում առաջ ու ցած, անրակը՝ ցած: Կրծքային և որովայնային խոռոչներն իրարից բաժանվում են գմբեթաձև. մկանով՝ ստոծանիով:
Որովայնի մկաններից են որովայնի արտաքին և ներքին թեք, լայնական և ուղիղ, ինչպես նաև գոտկատեղի քառակուսի մկանները: Որովայնի ուղիղ մկանները մասնակցում են իրանի առաջ խոնարհմանը (ծալմանը), թեք մկաններն ապահովում են կողքի թեքվելը: Այդ մկաններով կազմվում է որովայնի ճնշանը (պրես), որի հիմն. ֆունկցիան որովայնի խոռոչի օրգանները հարմար դիրքում պահելն է: Բացի այդ, որովայնի ճնշանի կծկումներն ապահովում են միզարձակման, կղման, ծննդաբերության գործողությունները, մասնակցում են նաև շնչառության, փսխման շարժումներին ևն: Որովայնի մկանները ծածկված են մակերեսային փակեղով:
Դեմքի և գլխի մկանները բաժանվում են դիմախաղի և ծամիչ խմբերի: Դիմախաղի մկանները խմբերով դասավորված են աչքի, քթի, բերանի շուրջ: Դրանք բարակ մկանային, փակեղազուրկ փնջեր են, որոնք մի ծայրով ներհյուսվում են մաշկի մեջ և կծկվելիս համապատասխան ձևով փոխում են դեմքի արտահայտությունը, ինչպես նաև մասնակցում ծամելու և խոսելու գործողություններին: Ծամիչ մկաններից են մակերեսային 2 (քունքային և ծամիչ) և խորանիստ 2 (ներքին և արտաքին թևակերպ) մկանները, որոնք իրականացնում են ծամելու գործողությունը և ապահովում ստորին ծնոտի շարժումները:
Պարանոցի մկանների շարքն են դասվում ենթամաշկային և կրծոսկրաանրա կապտկաձև, երկփորանի, մախաթակորճային, ծնոտակորճային, կզակակորճային, կրծոսկրակորճային, թիակակորճային, կրծոսկրավահանային, վահանակորճային, կողմնային սանդղաձև և առողնաշարային մկանները:
Վերին վերջույթի մկանները բաժանվում են ուսագոտու և վերին վերջույթի խմբերի: Ուսագոտու մկանները (դելտաձև, վերկատարային, ստորկատարային, մեծ և փոքր կլոր, ենթաթիակային մկաններ) շրջապատում են ուսահոդը, ապահովում վերջինիս տարբեր շարժումները: Ձեռքի մկանները ենթաբաժանվում են բազկի (երկգլխանի, կտցաբազկային, բազկային և եռագլուխ մկաններ), նախաբազկի (տեղադրված են նախաբազկի առաջային և հետին մակերևույթներին) և ձեռնաթաթի (տեղադրված են հիմնականում ափային մակերևույթին) մկանների: Այդ մկանների շնորհիվ հնարավոր են դառնում շարժումներն արմնկային, ճաճանչադաստակային, դաստակի ու մատների հոդերում:
Ոտքի մկանները բաժանվում են կոնքազդրային շրջանի և ստորին վերջույթի մկանների: Կոնքազդրային հոդում շարժումներն իրականացնում են մի շարք մկաններ, որոնցից են ներքին (զստագոտկային, երկվորյակ, տանձաձև, ներքին փականցքային) և արտաքին (մեծ, միջին և փոքր հետույքային, արտաքին փականցքային, ազդրի լայն փակեղը լարող) մկանները: Ստորին վերջույթի մկաններից են ազդրի մկանները (առաջացնում են 3 խումբ՝ առաջային, հետին և ներքին), սրունքի մկանները (կազմում են առաջային, հետին ու արտաքին խմբեր) և ոտնաթաթի մկանները: Ոտքի մկաններն ապահովում են շարժումները ծնկային, սրունքաթաթային, ոտնաթաթի և մատների հոդերում:
Մկանների բոլոր խմբերի հիմն. հատկությունը կծկվելու ունակությունն է, որի ժամանակ կատարվում է որոշակի աշխատանք: Մկանային ուժը կախված է մկանաթելերում գտնվող մկանաթելիկների քանակից: Լավ զարգացած մկաններում այն շատ է, թույլ զարգացածներում՝ քիչ: Կանոնավոր մարզման, ֆիզ. աշխատանքի դեպքում մկանային հյուսվածքում մկանաթելիկները շատանում են և ավելացնում մկանային ուժը:
Կմախքային մկանները, չնչին բացառությամբ, հոդերում շարժման մեջ են դնում ոսկրերը (լծակների օրենքով): Մկանի սկիզբը (կպման անշարժ կետը) գտնվում