ջուրը մտնում է բնակավայրի ջրմուղցանց:
Բաց ջրաղբյուրների ջուրը, որպես կանոն, առանց հատկությունների բարելավման (կոագուլում, զտում, վարակազերծում) չի կարող օգտագործվել բնակչության Ջ-ման համար: Ուստի կառուցվում են ջրի մաքրման և վարակազերծման լրացուցիչ կայաններ (տես Խմելու ջրի վարակազերծում):
Հայաստանի տարածքում Ջ. ունի հազարամյակների պատմություն: Դեռևս էնեոլիթի և բրոնզի դարաշրջաններում պաշարումների ժամանակ Հայկական լեռնաշխարհի բերդ-շեներին ջուրը մատակարարվում էր գաղտնուղիներով: Մ.թ.ա. 9-8-րդ դդ. ուրարտ. Մենուա թագավորը Տուշպա (Վան) քաղաքի Ջ-ման համար կառուցել է 80 կմ երկար. ջրանցք, որը հետագայում վերագրվել է Ասորեստանի Շամիրամ թագուհուն: Մեզ են հասել Էրեբունի ամրոցում օգտագործված քարե և խեցե խողովակներ: Հին և միջնադարյան Հայաստանում քաղաքների Ջ-ման, կենցաղսպասարկման (բաղնիքներ, կոյուղի) համար արտադրվել են կավե հատուկ փողրակներ, որոնք կոչվել են ագուգայք: Գառնի բերդի, Արտաշատ քաղաքի և այլ բերդերի ու հնագույն բնակավայրերի պեղումների ժամանակ գտնվել են բաղնիքներ և թրծած կավից խողովակներ: Մինչև այժմ էլ գրեթե ամբողջությամբ պահպանվել է Ամբերդի ջրատարը (10-րդ դ.): Ժամանակին կատարյալ Ջ-ման ցանց են ունեցել Դվինը, Անին և այլ քաղաքներ: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են նաև ջրի զտման տուֆաշեն աշտարակներ:
Հայաստանի ջրային պաշարները երկրի տարածքով բաշխված են անհավասարաչափ: Գրունտային ստորգետնյա ջրերը բարձր որակի են և աղտոտումից լավ պահպանված: Հողային ստորգետնյա ջրերը և ջրաղբյուրները նույնպես բարձրորակ են, սակայն աղտոտումից զերծ չեն: Տնտ. ճգնաժամի արդյունքում ներկայումս այդ ջրերի որակը բավարար է: Մակերևութային ջրերի աղտոտման առավելագույն մակարդակը գրանցվել էր 1985-ին, իսկ նվազագույնը՝ 1995-ին (արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն աշխատել են նվազ կարողություններով): Հանրապետության Ջ-ման համակարգերի տեխ. վիճակի պատճառով ջուրը (հաճախ՝ խմելու) աղտոտվում է կեղտաջրերով, որը բազմաթիվ աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառ է դառնում: Հայջրմուղկոյուղի (սպասարկում է 43 քաղաք, 310 գյուղ) և Երևանի ջրմուղկոյուղի ձեռնարկություններն իրականացնում են Ջ-ման համակարգի աշխատանքները, իսկ սանհակահամաճարակային ծառայությունը վերահսկում է Ջ-ման համակարգերի կառույցների սան. վիճակն ու պահպանումը, իրականացնում ջրի լաբորատոր հետազոտություններ: 2000-ի հունիսի 6-ի համաձայնագրով, Երևանի ջրմուղկոյուղու կառավարումն իրականացնում է իտալ. «Էյ յութիլիթի» ՓԲԸ (համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով):
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, օրենսդր. կազմակերպչ., սանտեխ. և սանհիգիենային միջոցառումների համակարգ, որի նպատակն է կանխել ջրամատակարարման աղբյուրների աղտոտումը:
Ջ.ս.պ-յան անհրաժեշտությունն առաջացել է՝ կապված արդ-յան զարգացման, ջրամատակարարման և կոյուղու կենտրոնացված համակարգերի շինարարության հետ (որպես բնակավայրերի սան. բարեկարգման հիմն. տարրեր):
Ջ.ս.պ. ունի խիստ կարևոր նշանակություն, քանի որ ջրամբարների աղտոտումն արդ. և կենցաղային կեղտաջրերով վատացնում է ջրամատակարարման սան. պայմանները և վտանգ ստեղծում առողջության համար: Խմելու համար օգտագործվում են հիմնականում փակ աղբյուրների ջրերը: Գոյություն ունի Ջ.ս.պ-յան 2 գոտի՝ խիստ ռեժիմի և սահմանափակումների: 1-ին գոտում հավաքվում է ջուրը, տեղադրված են ջրմուղի գլխամասային կառույցները, որոնք ցանկապատվում են, շրջապատվում կանաչ տնկիներով: Այդ տարածքում արգելվում է շինարարությունը: 2-րդ՝ սահմանափակումների գոտին ընդգրկում է այն տարածությունը, որի վերերկրյա ու ստորգետնյա հոսքերը կարող են ազդել ջրամատակարարման աղբյուրների ջրի բաղադրության և հատկությունների վրա:
Ջ.ս.պ-յան հիգիենային պահանջներով ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ կեղտաջրերի իջեցումը չխանգարի կանոնավոր ջրօգտագործմանը: Ջրում վնասակար նյութերի թույլատրելի պարունակությունը կարգավորվում է սահմանված կանոններով:
Ջ.ս.պ-յանը նպաստում են արտադրության տեխնոլոգ. գործընթացների կատարելագործումը՝ նպատակ ունենալով նվազեցնել կեղտաջրերի ջրանետումը և մաքրելուց հետո դրանց կրկին օգտագործումը, վնասակար (թունավոր) նյութերի փոխարինումը անվնասներով կամ պակաս վնասակարներով, թափոններից արժեքավոր նյութերի կորզումը և օգտահանումը ևն, ինչպես նաև ջրամատակարարման աղբյուրների շրջակայքում հատուկ մաքրող կառույցների ու սանիտարական պահպանության գոտիների ստեղծումը:
Տես նաև Շրջակա միջավայրի պահպանություն:
ՋՐԱՅԻՆ ԲՈՒԺԱՐԱՐԱՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, բուժման և կոփման նպատակով ջրի օգտագործման եղանակներ: Ջ.բ-ի շարքն են դասվում ցնցուղումը, շփումները, ջրցողումները, խոնավ փաթաթումը, լողանալը, լոգանքները:
Ջրային շփումները կիրառում են սուր շնչառ. հիվանդությունների հանդեպ օրգանիզմի կայունությունը բարձրացնելու նպատակով: Որոշ հիվանդությունների (օրինակ՝ նևրոզներ) համալիր բուժման դյուրին մեթոդներից է. ունի թարմացնող և տոնուսավորող ազդեցություն, բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում նյութափոխանակությունը: Քաթանե սավանով (սրբիչով) կամ սպունգով (30—32°C ջերմաստիճանի ջրով թրջած և պինդ քամած) արագ և եռանդուն կերպով շփում են ամբողջ մարմինը կամ նրա առանձին մասերը: Սկզբում շփում են խոնավ, ապա չոր սրբիչով՝ մինչև ձեռքը տաքանա, այնուհետև ճիշտ նույն ձևով մյուս ձեռքը, կրծքավանդակը, որովայնը, ոտքերը ևն: Բուժարարողությունը կատարում են ամեն օր, ավելի լավ է առավոտյան՝ լիցքային վարժություններից հետո: Օդի ջերմաստիճանը բնակարանում, որտեղ կատարում են շփումները, չպետք է 18-20°C-ից ցածր լինի: Ջրի ջերմաստիճանն աստիճանաբար իջեցնելով՝ հասցնում են մինչև 18-20°C:
Մասնակի շփումներ բժիշկը նշանակում է անկողնուն երկարատև գամված հիվանդներին՝ թարմացնելու և մաշկը մաքրելու նպատակով: Շփումների համար նախատեսված ջրին կարելի է ավելացնել փշատերևի մզվածք, բուրավետ քացախ, օդեկոլոն: Հիվանդանոցներում բուժարարողությունը կատարում է բուժանձնակազմը, այն կարելի է կիրառել նաև տանը:
Ջրցողումներ. նշանակում են կոփման նպատակով, ինչպես նաև ջրաբուժության սկզբում: Ազդեցությամբ մոտ է ցնցուղմանը: Մերկ մարդը կանգնում է ջրով լցված լոգարանի կամ մեծ թասի մեջ և 2-3 անգամ ջրցողվում դույլից, ցնցուղից, ռետինե խողովակից վերցրած տաք (37-38°C) ջրով այնպես, որ ամբողջ ջուրը մարմնի վրայով հոսի դեպի ոտքերը: Բուժարարողությունը կատարում են ամեն օր՝ 4-6 շաբաթ՝ աստիճանաբար իջեցնելով ջրի ջերմաստիճանը 33-34°C-ից մինչև 20-22°C: Տևողությունը՝ 2-3 ր: Ջրցողումներից հետո ամբողջ մարմինը