մարմնի համաչափության ժամանակավոր խանգարումն է: Վերջույթների աճը բավականին գերազանցում է իրանի աճին, որի հետ կապված՝ շարժումները դառնում են անշնորհք, դանդաղ: Սովորաբար, դեռահասները, գիտակցելով իրենց մեջ տեղի ունեցող փոփոխությունները, սևեռում են իրենց ուշադրությունը դրանց վրա և դառնում են ավելի անշնորհք ու դանդաղաշարժ: Տղաների մոտ արագորեն աճում է մկանային ուժը, ավելանում է մկանների քաշը (Ս. հ-ման շրջանում 2-3 տարում այն ավելանում է միջին հաշվով 12%-ով, իսկ ծնվելու պահից մինչև 8 տարեկանը՝ ընդամենը 4%-ով): Դրան զուգահեռ, դեռահասների մոտ ի հայտ է գալիս մկանային վարժություններ կատարելու հակում, ուստի շատ կարևոր է խելամիտ ձևով նպատակաուղղել այդ գործունեությունը: Կմախքի արագ աճմանը և մկանային համակարգի զարգացմանը ոչ միշտ է համապատասխանում ներքին օրգանների զարգացումը: Հատկապես սրտի աճը գերազանցում է արյունատար անոթների աճին, որը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ և բավականին դժվարացնել սրտի աշխատանքը:
Ս. հ-ման շրջանում օրգանիզմը ծանրաբեռնվում է, որի հետևանքով սրտի ֆունկցիայի անբավարարությունը (անպայմանորեն անցողիկ, այսպես կոչված, պատանեկան սիրտ) կարող է դրսևորվել գլխապտույտով, վերջույթների ոչ մեծ կապտուկով և սառնությամբ, թեթև գլխացավերով, արագ հոգնելիությամբ:
Հատկապես նկատելի փոփոխություններ է կրում դեռահասի հոգեկանը: Նոր տպավորությունների ու ապրումների հաշվին հոգեկանի օրինաչափ հարստացման ֆոնի վրա ուշադրություն են գրավում հուզ. ոլորտի անկայունությունը, շարժունությունը, տրամադրության փոփոխականությունը և հակասականությունը: Դեռահասները հաճախ դրսևորում են բարձր զգացմունքայնություն, որը կարող է զուգակցվել անհոգի վերաբերմունքով, իսկ ամոթխածությունը նրանց մոտ կարող է համագոյակցել շինծու անբռնազբոսիկության և հանդուգն վարքի հետ: Նրանց մոտ հաճախ ի հայտ է գալիս թերահավատությունը և հանրահայտ ամեն ինչի հանդեպ քննադատ. վերաբերմունքը, ծնողական խնամատարության հանդեպ անհանդուրժողականությունը: Այս շրջանում հաճախակի են նևրոզանման վիճակները (տես Նևրոզներ), աշխատունակության անկումը, դյուրագրգռությունը, լացկանությունը (աղջիկների մոտ՝ հատկապես դաշտանային ցիկլի շրջանում):
Ս. հ-ման շրջանում դեռահասի օրգանիզմում տեղի ունեցող զարգացման այս առանձնահատկությունները ծնողներից և մանկավարժներից պահանջում են ճիշտ և նրբազգաց վերաբերմունք: Թեպետ չի կարելի դեռահասի ուշադրությունը սևեռել նրա օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների վրա, այնուամենայնիվ, հարկավոր է նրբանկատորեն բացատրել դրանց էությունը և կենսբ. իմաստը: Շատ կարևոր է, որ այդ շրջանում դեռահասը, հանձինս ծնողների և մանկավարժների, տեսնի իր ընկերներին, որոնց կարելի է դիմել ցանկացած հարցով: Դրա համար դաստիարակությունն այդ տարիքում պետք է ձեռք բերի այնպիսի ձևեր և օգտագործի այնպիսի մեթոդներ, որոնք կարող են դեռահասների ուշադրությունը շեղել սեռ. ապրումները մեղմացնող գործունեության տարբեր ձևերի վրա:
Ս. հ-ման շրջանում էական նշանակություն ունի դեռահասի բնականոն ֆիզ. զարգացումը: Ուստի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել սնուցմանը, որը պետք է լինի լիարժեք, վիտամինների բավարար պարունակությամբ, ինչպես նաև զբոսանքներին և սպորտով զբաղվելուն:
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Սեռական կյանք հոդվածում:
ՍԵՌԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, տես Սեռական կյանք հոդվածում:
ՍԵՌԱԿԱՆ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ, ֆրիգիդություն, սեռ. մերձեցման ժամանակ սեռ. բավարարություն ստանալու կնոջ անընդունակությունը: Մանկածնության ֆունկցիան Ս. ս-յան դեպքում չի խանգարվում: Ս. ս. հանդիպում է բավականին հաճախ: Նման կանայք կարող են կանոնավոր սեռական կյանք վարել (այդ թվում նաև ամուսնության մեջ), սակայն նրանց մոտ, որպես կանոն, սեռ. հարաբերության ժամանակ հեշտանքի զգացումը բացակայում է, իսկ սեռական հակումն այս կամ այն աստիճան նվազած է: Ուժեղ արտահայտված սեռ. հակումը սովորաբար Ս. ս-յան հետ չի զուգակցվում:
Ս. ս. լինում է ժամանակավոր և մշտ.: Այն կարող է դրսևորվել ոչ միայն հեշտանքի լրիվ բացակայությամբ, այլև սեռ. մերձեցման հանդեպ տհաճությամբ (այսպիսի կանայք սովորաբար խուսափում են սեռ. կյանքից): Հաճախ նրանք անտարբեր են սեռ. կյանքի հանդեպ, և սեռ. հարաբերության ժամանակ նրանց մոտ սեռ. գրգռվածություն չի առաջանում: Որոշ դեպքերում, Ս. ս-յան թույլ արտահայտվածության ժամանակ սեռ. հարաբերությունը թեպետ չի ավարտվում հեշտանքի զգացումով, այնուամենայնիվ, ուղեկցվում է հաճելի գրգռվածությամբ:
Ս. ս-յան պատճառները բազմազան են. առավել հաճախ հանդիպում է սեռ. զգացմունքի ուշացած զարգացումը: Ինչպես հայտնի է, կնոջ սեքսուալությունն արթնանում է տարբեր ժամկետներում, հաճախ՝ ամուսնությունից անմիջապես հետո, առավել հաճախ՝ հղիությունից հետո: Հարկավոր է նաև նշել, որ ամուսնական 1-ին գիշերը կանանց մեծ մասը հեշտանքի զգացում չի ունենում: Որոշ դեպքերում Ս. ս. կապված է մանկականության (ինֆանտիլիզմ) հետ, երբ սեռ. զգացողությունն իր զարգացման ավարտին է հասնում միայն 26-28 տարեկանում: Բնական է, եթե Ս. ս. պայմանավորված է սեքսուալության զարգացման կասեցմամբ, ապա այն դրսևորվում է նաև սեռ. հակման բացակայությամբ կամ աննշան արտահայտվածությամբ: Կնոջ սեքսուալության զարգացման աստիճանի հետ կապված՝ Ս. ս. անհետանում է, ի հայտ են գալիս սեռ. հակումն ու սեքսուալ հետաքրքրությունները, այնուհետև սեռ. հարաբերություններից մեկի ժամանակ կինն ունենում է հեշտանքի զգացում, որը հետագայում առաջանում է ավելի հաճախ:
Ս. ս-յան պատճառ կարող է լինել նաև հոգեկան վնասվածքը: Ընդհանրապես, կնոջ մոտ հեշտանքի զգացումը հիմնականում կախված է հոգեբան տրամադրվածությունից, և ցանկացած անբարենպաստ գործոն (երբեմն նույնիսկ թեթևակի աղմուկը) կարող է խանգարել հեշտանքի առաջացումը կամ բթացնել այն: Ս. ս. առաջացնող անբարենպաստ հոգեբան. ազդեցություններից են զուգընկերոջ հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը (չսիրած մարդու հետ ամուսնանալը, իր ընտրյալից հիասթափվելը), հոգեբան. աններդաշնակությունը, հղիանալու կամ վարակվելու հանդեպ վախը: Սեռ. զգացողության կասեցմանը կարող է նպաստել կուսաթաղանթի կոպիտ խախտումը, զուգընկերոջ հանդեպ անվստահությունը, ամոթխած աղջկան բռնի մերկացնելը: Շատ դեպքերում հոգեբան. գործոնից առաջացած Ս. ս. լինում է ընտրողական, այսինքն՝ առաջանում է որոշակի զուգընկերոջ հետ մերձենալիս:
Հաճախ Ս. ս. որևէ հիվանդության (ավելի հաճախ՝ գլխուղեղի օրգ. ախտահարման, կապարով քրոնիկ. թունավորումների, թմրամոլության, ներզատ. խանգարումների) հետևանք է կամ ախտանշան: Բացի այդ, սեռ. հակման նվազումը կամ ժամանակավոր կորուստը կարող են պայմանավորված