արահետներով էին գնում, աղմկում էր քամին, թունդ աղմկում․․․
Քնքուշ էր նա, աղջիկը, շուտով հոգնեց, բայց և հպարտ էր— չէր ուզում նրանց այդ ասել։
Եվ երբ խանի որդին նկատեց, որ նա ետ է մնում իրենցից,— հարցրեց նա նրան․
— Վախենո՞ւմ ես։
Աղջիկը փայլատակեց նրա վրա իր աչքերը և ցույց տվեց արյունոտած ոտքը․․․
— Ե՛կ քեզ տանեմ,— ասաց Ալհալլան, ձեռքերը մեկնելով դեպի նա։ Բայց աղջիկը գրկեց իր ծեր արծվի պարանոցը։ Բարձրացրեց խանը նրան իր ձեռքերի վրա, ինչպես փետուր, և տարավ, իսկ աղջիկը, նստած նրա ձեռքերի վրա, հեռացնում էր ճյուղքերը նրա դեմքից, վախենալով, որ նրանք կմտնեն նրա աչքերը։ Երկար նրանք գնացին, և ահա հեռվում լսվում է ծովի աղմուկը։ Այստեղ Տոլայկը,— նա գնում էր նրանց ետևից, արահետով,— ասաց հորը․
— Թո՛ղ ինձ առաջ, եթե ոչ ես ուզում եմ դաշույնով խփել քո պարանոցին։
— Անցի՛ր, ալլահը կհատուցե քո ցանկության համար կամ կներե— նրա կամքն է,— իսկ ես, քո հայրը, ներում եմ քեզ։ Ես գիտեմ՝ ի՛նչ է նշանակում սիրել։
Եվ ահա նա, ծովը, նրանց առջև, այնտեղ, ներքևը, խիտ, սև և անափ։ Խուլ երգում են նրա ալիքներր ժայռի հենց ներքևից, և մութ է այնտեղ ներքևում, և ցուրտ է, և սարսափելի։
— Գնաս բարո՜վ,— ասաց խանը, համբուրելով աղջկան։