Էջ:Նամակ ռուսաց թագավորին 11.jpg

Այս էջը սրբագրված է


― Թազա պրիստավը քեզ էգուց առավոտ կանչել ա։ Վախտով[1] էնտեղ լինես, թե չէ ասում են հերսոտն ա․․․

— Խեր լինի, Իբիշ․․․— հարցրեց պապս, տեղից վեր կենալով։

— Հաստատ տեղեկություն չունեմ։ Ինձ էդպես ա հրամայել։

― Ո՞վ։

— Թազա քյոխվան, Մուքելանց Առստամը։

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ։ Լավ նշան չէր Առստամի մասնակցությունը։ Նա հին հաշիվ ուներ պապիս հետ։

— Ի՞նչեր էր ասում բայղուշը[2],― հարցրեց տատս։

— Առստամը կանչել ա, թազա քյոխվան։

— Հը՞,— պապս նորից կրկնեց։

— Պատասխանը եկած չլինի՞,— ասաց տատս։

— Կարող ա։ Վախտն ա. եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեց պրիստավն ա կանչում։ Հը՞,— դարձավ նա մեզ։

Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես ասաց․ և որպեսզի ավելի ստույգ իմանայինք, պապս մեզ ուղարկեց նրա մոտ մի անգամ ևս հարցնելու։ Գզիրը նախ մեզ վրա բարկացավ, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի, ապա մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց ինքը հրամանը ստացել է Մուքելանց Առստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ,— ասաց պապս մեզ լսելուց հետո։— Երևի պատասխանը եկել է, կամ թե ո՞վ գիտի, թագավորի կողմից մի հարցմունք պիտի անի։

Քնելուց առաջ պապս ինձ պատվիրեց առավոտը կանուխ վեր կենալ։ Ես նրան պիտի ուղեկցեի և այնտեղ նրա ձին պիտի պահեի, մինչև պապս ներկայանար պրիստավին։

Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին[3] նստած պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես

  1. վախտով— ժամանակին
  2. բայղուշ (թուրք.)— բու, փոխաբերական՝ չարաղետ, չարագուշակ
  3. թարք (թուրք.)— թամբ, թամք