Այս էջը հաստատված է
Քանդակագործություն

Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը, ինչպես նախորդ ժամանակաշրջանում, սերտորեն կապված է ճարտ-յան հետ։ Այն հիմնականում հայտնի է ճարտ. հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, թևավոր խաչերով, խաչքարերով։ Վաղմիջնադարյան քանդակագործությանը բնորոշ էր հարթապատկերային և գծագրաֆիկ. ոճը, որը սերում էր նախաքրիստ. մշակույթից։ IV դ-ի սկզբին տեղական քանդակագործ. ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստ. քանդակարվ-ին, առնչվել շրջակա երկրների քանդակային մշակույթին, որն էլ նպաստել է IV-VI դդ-ի մի քանի տեղական ինքնատիպ դպրոցների կազմավորմանը։ Կոթողներին ու հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբեր, Քրիստոսի, Աստվածամոր, Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի ու նրա քրոջ՝ Խոսրովիդուխտի, նաև խորհրդանշ. (Գառնհովտի գարնան զարթոնքն ավետող հուշակոթողը) և այլ պատկերներ։

IV դ-ի սկզբին երևան են եկել Գողգոթայի խաչի նման 2-մ-անոց թևավոր խաչ-կոթողները, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել են խաչքարերը (հատկանշական էին միայն միջնադարյան Հայաստանին, IX-XVIII դդ.)։ Այդ հուշաքարային կոթողները քրիստ. Հայաստանում ձեռք են բերել նոր բովանդակություն, դարձել քանդակագործ. արվ-ի ճյուղ՝ խորապես արմատավորվելով ազգ. մշակույթում։ Խաչքարերին հատուկ են ուղղաձիգ սալի տարած. ծավալաձևը, կենտր. խաչի (սովորաբար շրջանակված կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդյակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում՝ ելուստավոր ավարտը։

Վաղ շրջանի խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, իսկ հետագայում՝ XI-XVIII դդ-ում գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։ Տարբեր նպատակներով (ննջեցյալի հիշատակին, հաղթանակի նշանավորման, տաճարի հիմնարկեքի) դրվող պատվանդանավոր խաչքարերից բացի՝ նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել IX-XVIII դդ-ի ճարտ. հուշարձանների որմերին։

Ուշ շրջանի խաչքարերին հատուկ են ժանրային տեսարանները և կտիտոր. պատկերները, սովորաբար քանդակված են հիմն. առանցքից շեղվող տեղում։ Հայկ. միջնադարյան ժանյակահյուս քարակերտ խաչքարերը զարդարվ-ի հիանալի նմուշներ են՝ կատարված փորագրման նուրբ եղանակով։ Հիշարժան են Գոշավանքի (XIII դ., վարպետ՝ Պողոս), Հաղպատի (XIII դ.), Հաղարծնի (XIII դ.) և Նորավանքի (XIII-XIV դդ., քանդ.՝ Մոմիկ) խաչքարերը։

Միջնադարյան Հայաստանի ճարտ-յան արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային (բուս., կենդ., երկրչափ.) հարդարանքը, կերպարային (այդ թվում՝ կտիտոր.) և թեմատիկ քանդակները։ Հայկ. եկեղեցիները զարդարվել են ձևերով ու մոտիվներով հարուստ սյուժետային կամ զարդապատկերային բարձրաքանդակներով։ Զարգացող ավատատիր. հասարակության կյանքի տարբեր հատկանիշներն ու կրոն. թեման արտացոլվել են սյուժետային բարձրաքանդակում, իսկ բուս. զարդապատկերներում՝ բնության պտղաբերությունն