Այս էջը հաստատված է
Քաղաքները

Եղեգնաձոր (XIX դ-ի սկզբից մինչև 1935-ը՝ Քեշիշքենդ, 1935-60-ին՝ Միկոյան, ք.՝ 1995-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 122 կմ հարավ-արլ.՝ Գլաձոր գետի (Արփայի վտակ) ափին։ Եղել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Վայոց ձոր գավառի կենտրոնը, որի անունով գավառը կոչվել է Եղեգիք։ Միջնադարում Օրբելյան իշխանների կալվածքն էր։ Տարածքը 5,20 կմ² է, բն.՝ 8,2 հազար (2012)։ Ղարաբաղյան հակամարտության սկզբին այստեղից հեռացել են ադրբեջանցիները, և բնակվել են Բաքվից և Կիրովաբադից բռնի տեղահանված հայեր։ Տնտեսության մեջ գերակշռում են վերամշակող արդ-ը և շին-ը։ Զարգացած են խաղողի գինու, էլեկտրասարքավորումների, նաև պատրաստի մետաղե արտադրատեսակների ու սննդամթեքի, տրիկոտաժի և կարի արտադրությունները, կան գինու տակառների արտադրամասեր։

Գործում են 3 նախադպրոց․ հաստատություններ, 3 հանրակրթական, արվ-ի և մարզ․ դպրոցներ, երաժշտ. քոլեջ, քաղաքային վարժարան, ՀՊՏՀ-ի մասնաճյուղը, «Գիտելիք» ոչ պետական բուհը, հայրենագիտական թանգարան, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն։

Գլխավոր հատակագիծը կազմվել է 1962-ին, 1977-ին հաստատվել է նոր նախագիծ (ճարտ-ներ՝ Լ. Էյվազովա, Է. Թաշչյան, Լ. Շեկոյան), որով քաղաքի շրջագծի մեջ են ընդգրկվել Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։

Քաղաքի տարածքում են «Ճոչ-տար» դամբարանաշերտը (մ. թ. ա. I հազարամյակ), կիկլոպյան ամրոցի պարիսպների մնացորդներ (մ. թ. ա. III հազարամյակ), Սուր կամուրջը (XIII դ.) և այլն։

Ջերմուկը (ք.՝ 1967-ից) գտնվում է Երևանից 175 կմ հարավ-արլ.՝ Արփայի գետահովտում՝ 2070 մ բարձր․ վրա։ Առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դ.)։ Տարածքը 4,2 կմ² է, բն.՝ 6,2 հազար (2012)։ Շրջակայքում կան հանք․ տաք ջրերի ելքեր (ջերմուկներ, որոնց հետ էլ կապված է քաղաքի անվանումը), բուժիչ ցեխ և ապակու հումք՝ քվարցիտներ։

Կլիման տիպիկ լեռնային է՝ զով ամառներով, ցուրտ, ձյունառատ ձմեռներով։ Տարածքում է Ջերմուկի ջրվեժը, որը մոտ 60 մ բարձր-ից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում է Արփա գետը։

Ջերմուկը ճանաչված է որպես բալնեոլոգ. (ըմպելային, բարձրլեռն. կլիմ.) առողջարան (հիմն.՝ 1935)։ Հանք․ ջրերն ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ-քլորիդային, նատրիում-կալցիում-մագնեզիումային ջրերի շարքից են և քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանք․ ջրերին։ Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանք․ տաք ջրի ներքին ու արտաքին օգտագործումը, քայլաբուժությունը, կլիմ. և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, առողջարանային ռեժիմը։ Ունի նաև օդաարևաբուժարան։

Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիք. համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժ. ապարատի, ծայրամասային նյարդ․ համակարգի, գինեկոլոգ․ հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Ճանաչված են «Ջեմուկի աշխարհ», «Նոր կյանք», «Գլաձոր», Աղաջանյանի անվան և «Արարատ» առողջարանները։

Տնտեսության առաջատար ճյուղը «Ջերմուկ» հանք․ ջրի արտադրությունն է, որն իրականացնում են «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն ու «Ջերմուկ» հանք․ ջրերի շշալցման գործարանը։