Կենսուրախ է Ասաքը։ Այդ կենսուրախության մեջ չի կորել նրա երբեմնի լրջությունը, Կես հանաքով, կես լուրջ նա գանգատվում է, որ «փորի մակարդակը նորից է բարձրացել», բայց հանաքից հետո խոսքը դարձնում է առօրյայի խնդիրների շուրջը:
Եվ հին «ուրբաթախոսը» հառնում է Լևոնի առաջ...
Ահա սարալանջը․ հրաբուխային ավազ է: Դժվար է բարձրանալ, որովհետև ավազը սահում է, ոտքերը կարծր գետնին չեն հասնում: Բայց նա չի կարողանում ոտքի կանգնել։ Մի ոտքը ծանրացել է, ծունկից ցած տաք է, Լևոնը չի նայում, բայց զգում է, որ արյուն է լցվում կոշիկի մեջ և ավազը խառնվում է արյունին։
Մեկը նրան վեր է բարձրացնում: Գրկել է մեջքը և բարձրացնում է. ամեն րոպե դժվար շնչելով ասում.
− Հրես հա՜, հրես հա՜... Շուռ եկանք սարի հետևը:
Ներքևի այգիներից անկարգ կրակոցներ են: Գնդացիրը կրակներ է մաղում լեռան լանջին, Լևոնը հիշում է, որ լուսաբացին թշնամին անակնկալ ներս խուժեց։ Նահանջեցին։ Բայց ո՞րտեղից հայտնվեց Ասաքը: Նա ուզում է հարցնել, բայց վերքը ցավում է: Ու չի տնքում: Ատամները սեղմել է... Ասաքի գլխին ծղնոտից գործած մի չտեսնված գլխարկ է: Երբեք այդ գլխարկը նա չէր ծածկում: Լևոնը մինչ այդ նման գլխարկ չէր տեսել։ Եվ ատամները սեղմելով նա հարցնում է նրան, թե ո՞րտեղից է այդ գլխարկը, և ինքն էլ զարմանում է այդ անպատեհ հարցից։
— Հրե՛ս, հա՜... Շուռ եկանք սարը։
Տարիներ հետո Լևոնը մի անգամ էլ Ասաքին հարցրեց այդ գլխարկի մասին։ Ասաքը դժգոհ և քթի տակ ասաց, որ «կազմակերպել» էր մալական ֆուրգոնչուց:
— Գլխիս մեջ մեխվել էր, որ անգդակ փախչելն ամոթ է..
Այլևս չէր հիշվում «մալականի» գլխարկը։
Այստեղից սկսվում են նոր տները։ Նրանց ուղիղ շարքերը ձգվում են դեպի բլուրները և այգիները: Լամպերի շարքը ձգվում է հեռու: Ինչքան հեռուն ես նայում, լամպերն ավելի սեղմ են իրար: Վերջին լամպը չի երևում, նշանակում է շատ երկար է լամպերի շարանը։
Լևոնի սիրտը լցվում է ջերմ ուրախությամբ, ինչպես փողոցի լորենին շոշափելուց։ Տների կառուցմանը նա չի մասնակցել, բայց նրա սրտում էլ զարթնում է հաղթողի զվարթ ուրախոթյունը։
− Մենք ենք շինել... Մերն է: