Հանկարծ Անտոնի աչքն ընկավ Ռուշանին, որ գլուխը ծանրացել էր ձեռքերի վրա, մեկ ննջամ էր, մեկ աչքերը լայն բաց անում, միտքը լարում՝ նրանց ասածներից մի բան հասկանալու:
− Գնա քնի, Ռուշա՛ն,− ասաց Անտոնը:
− Քունս չի տանում,− ու տեղում շտկվեց։ Զանին առիթից օգտվելով սամավարը դրեց սեղանին: Զրույցը հանդարտվեց, մոտեցան սեղանին: Ունանը տեղից վեր կացավ ու նստեց իր անփոփոխ տեղը՝ սեղանի ծայրին:
− Ռուշան, Անտոնը որ քեզ հետը տանի, կգնա՞ս,− հարցրեց Սահակն այն աշխույժ տրամադրությամբ, որպիսին ունենում է աշխատանքից հետո հանգստացողը։
− Կգնա՛մ,− կտրուկ պատասխանեց Ռուշանը և չնկատեց, որ սամովարի հետևից իրեն հառած մոր աչքերը զարմանքից լայնացան։
− Որ քեզ տանի, ի՞նչ ես դառնալու...
− Միլիցա,− լուրջ ասաց տղան։
Սահակն ու Անտոնը ծիծաղեցին, Ունանը ժպտաց նրանց ծիծաղի վրա, իսկ Զանին ձեռքը մեկնեց սամավարի ծորակին ու սառավ։
− Աչքդ վրան պահի, չես տեսնո՞ւմ,− ասաց Ունանը, ձեռքով ծորակը շրջելով։ Բաժակը լցվել էր ու ջուրը թափվում էր սեղանին։ Զանին շփոթվեց ու նրա թորշոմած դեմքը պղնձագույն դարձավ հուզմունքից։
...Ուշ էր, երբ նրանք գնացին։
− Նանի, տեղերս գցիր... է, ապի, դո՞ւ ոնց ես... Մազերդ սպիտակել են, բայց էլի պինդ ես։
− Ինչ դժար գործի ենք որ...– պատասխանեց հայրը և դարձավ կնոջը,− թախտին գցի տեղերը։ Էն պատուհանն էլ փակի, լուսադեմին քամի է լինում։
− Նանի, դու ո՞նց ես... բա չե՞ս բեզարել, էսքան որ աշխատում ես:
− Նանին քեզ մատաղ...
− Բա Վաղոյից չես հարցնո՞ւմ։
− Հա, բան կա՞,− ու բարձը մնաց ձեռքին։
− Ամուսնացել է,− ժպտալով ասաց Անտոնը։
− Արի՜ է, այ ալևոր,− կանչեց Զանին,− հարսը լավ տնի՞ց է։
− Ի՞նչ տուն, նանի։ Անհեր, անմեր մի ռուս աղջիկ է...
− Ռո՞ւս...
Անտոնը ծխախոտի տուփը դրեց կողքին ու շուլալվեց վերմակի տակ:
− Օխա՜յ... էսպես փափուկ տեղ վաղուց է չեմ քնել... Նանի, Սահակն առավոտը կանուխ է գալու, միասին տեղ պիտի գնանք։ Չայը կանուխ կգցես...− ու գլուխը ծածկեց վերմակի ծայրով: