Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Այս էջը հաստատված է

պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է, ուզում էր որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր կալավ դիմակը...

— Ա՛խ, հա՛յրիկ, հա՛յրիկ,— բացականչեց Արեգնազանը.— այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ... եթե մի փոքր ուշ վեր կալնեիր դիմակդ, ինձ հայրասպան պիտի շինեիր։

Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.

— Ապրի՛ս, ապրի՛ս, Արեգնազան,
Ծլիս, ծաղկիս, զորանաս,
Հիմա գիտեմ, որ իմ տեղը
Դու անպատճառ կստանաս.

Իզուր չեմ քեզ սովրեցրել
Զենք ու զրահ գործածել.
Ինքդ գիտես, որ ամենքից
Քեզ եմ սիրել առավել։

Թող սա լինի, ասացի ես,
Արու զավակ ինձ համար,
Սրա անվախ, անահ սիրտը
Քաջ տղամարդի է հարմար։

Էլ աղջիկ չես այսուհետև,
Չմոռանաս այդ բնավ.
Դու աշխատիր, որ ստանաս
Սարի անուն, մեծ համբավ։

Արքայական ապարանքը
Մի մեծ բույն է փորձության.
Եթե սխալ մի քայլ անես,
Դու կորած ես հավիտյան։