Գրավաճառն ուրիշ քերականություն մը ցույց տալով.
— Աս ալ աղեկ է, կըսե, հիմա աշակերտները աս քերականությունը կառնեն կոր։
— Հայրի՜կ, աս ալ առնենք, նայե՛, Ուսումնական խորհուրդը գրեր է, որ այս դասագիրքն առաջինն է յուր տեսակին մեջ։
— Երկու հատը շատ է, տղա՛ս։
Գրավաճառն ուրիշ մը ցույց տալով.
— Աս ընտիր բան է, կ՝ըսե, բայց քիչ մը սուղ է, տաճկերեն, պարսկերեն, և արաբերեն լեզվաց կանոններն ամբողջ կան մեջը։
— Հայրի՛կ, աս ալ առնենք։
— Տղա՛ս, հատ մը բավական է։
— Ուսումնական խորհուրդը ըսեր է, որ այս դասագիրքն կատարյալ է և յուր տեսակին մեջ առաջին։
— Ձգե՛, տղաս, ձգե...
Գրավաճառն հատ մ՝ալ ներկայացնելով.
— Աս ալ պատվական բան է, կըսե՝ տղա մը առանց դասատուի կրնա սորվիլ տաճկերենն այս գիրքեն... ընտիր բան է։
— Հայրի՛կ, առնե՞նք։
— Ուսումնական խորհուրդն առեք կ՝ըսե՞ կոր։
— Այո՛, հայրիկ. կ՝ըսե կոր որ սույն դասագիրքն յուր դյուրուսույց եղանակավ և մանկավարժական նոր դրությամբ պատրաստված և խնամով հորինված ընտիր դասագիրք մ՜է, առաջին յուր տեսակին մեջ։ Առնենք, հայրիկ, առնենք։
— Հատ մ՝ալ ունիմ, որ, կ՝ըսե գրավաճառն, երկու ժամվան մեջ տաճկերեն կարդալ կը սորվեցնե։
— Տուր նայինք, կ՝ըսե տղան։
— Հրամմեցե՛ք։
— Տասը դասի բաժնված է ասիկա, ինչպե՞ս ուրեմն երկու ժամվան մեջ պիտի կրնա կարդալ սորվիլ։
— Գրել անգամ կը սորվի, կը պատասխանե գրավաճառը։
— Ի՞նչպես։
— Ժամը հինգ դաս առնելով։
— Խելքս չպառկիր։
— Եթե տղան աշխատասեր է, ժամվան մը մեջ ալ կրնա տաճկերեն կարդալ ու գրել սորվիլ։
— Կը սորվիմ, հայրիկ, կը սորվիմ։ Ուսումնական խորհուրդը հոս ալ նամակ ունի։
— Ի՞նչ կըսե կոր, տղաս։