Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

րուն և տիկիններուն գրպաններեն ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, ամեն րոպե, բազում դրամ կը քաշեն։


Փոքրիկ գլխարկի մը համար երկու ոսկի կուզեն, իսկ զայն շտկելու համար, այսինքն վրան ծաղիկ մը կապելու համար մեկ ոսկի կը պահանջեն։ Բարիզեն եկած գաղապարին համեմատ շապիկներ կի կարեն, զոր առաջին անգամ կոճկելուդ կոճակները կը բրդին, եթե քիչ մը երկար շունչ առնես՝ կաբերը կը քակվին. այսպես հասկցիր բոլոր հագուստներուն համար։ Այս տեղեն շապիկ կամ զգեստ ծախու առնողն ուշադրությամբ և որոշյալ չափով շունչ առնելու է։


Նշանավոր Է յուր լիճն, որ ձմեռ ատեն կը գոյանա Թագսիմեն մինչև Ղալաթիո Սերայը։ Ընկերություն մը այդ լճին վրա նավակներ բանեցնելու արտոնություն խնդրեց, բայց չկրցավ ս՛տանալ։


Եթե արտոնություն տրված ըլլար՝ այդ մարդը մեծ գումարներ կը շահեր, սակայն այս արտոնության հակառակեցան կիներեն ոմանք, որք բարեպատեհ առիթ կը համարեին սույն լիճն իրենց խոշոր սրունքներն արգո հասարակության ցույց տալու համար, վասնզի երբ այդ լճակեն անցնեին՝ մինչև ծունկերը վեր կառնեին իրենց շրջազգեստն։ Գալով այն կիներուն, որք նիհար սրունքներ ունեին՝ ասոնք բավական աշխատեցան, որ շնորհվի այդ արտոնությունն, որպեսզի իրենք ալ ձմեռվան եղանակին մեջ կարողանային դուրս ելնելու ազատությունը վայելել, վասնզի ասոնք կզգուշանային իրենց տկար սրունքներն ուրիշներու ցցունելե, միանգամ ընդ միշտ հաստատելու համար այն ճշմարտությունն, թե կիներն իրենց տգեղ կողմերն ծածկելու համար միշտ մեծ զոհողություններ կընեն։


Այս թաղին ազգայիններուն վրա կատարյալ տեղեկություն տալու համար՝ պարտավոր ենք շատ մասերու բաժնել զանոնք։


Մաս մը կա, որ բնիկ բերացի չէ, այլ կամ Հաս գյուղցի կամ Ենի քաբուցի է, որ ժամանակավ շատ հարուստ ըլլալուն պատճառով այս թաղն եկած է և սնանկացած է, որպես թե