Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

Ի Ճ Ա Տ Ի Ե

Բնակություն հաստատելու համար պատվական թաղ մէ, եթե մարդս նապաստակ ըլլա... լեռնեն վեր ելնելու դյուրություն ունենալու համար։


Երանի՜ անոնց, որք նապաստակ չեն, բայց երկար շունչ ունին. վասնզի անոնց համար է այս թաղն։ Վա՜յ անոնց, որոնց շունչը կարճ է. վասնզի անոնք արժանի չեն այս թաղին մեջ բարձրանալու, անոնց շունչը կես ճանբան չհասած կսպառի, մանավանդ երբ Գուզկունճուքեն վեր ելնել ուզեն։


Հոս բնակելու համար լայնածավալ սիրտ մալ ունենալու է, որ չճաթի մարդ թաղեցվույն ընթացքը քննելով։


Եկո՛ւր մտնենք նախ և. առաջ թաղիս ծովահայաց զբոսարանն, ուր տասնի չափ ազգայիններ օրվան խնդիրներուն վրա կը խոսին։ Ասոնց ամենն ալ ստույգ աղբյուրներե լուրեր կը հավաքեն և իրարու կը հաղորդեն։ Կը փափագի՜ս այս օրվան լուրերն իմանալ։


— Շատ հետաքրքիր եմ նոր լուրեր իմանալու։


— Եկո՛ւր, իրենցմե քանի մը քայլ հեռու նստինք և նոր լուրեր իմանանք։ Ահա սկսան խոսիլ։


— «Իքը հրաժարական տված է այսօր։


— Այո՛, տված է, բայց Մեկալը չէ ընդունած։


— Մուշտակը կը պնդե եղեր այս կետին վրա։


— Ես չեմ կարծեր, որ համաձայնություն գոյանա, որովհետև Իքը Բան ընելուն պես՝ մյուս կողմեն ալ Բանը Իք պիտի ընե։


— Իքին տեղը ես ալ ըլլամ՝ այնպես կը վարվիմ։