Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/117

Այս էջը հաստատված է

Յաղագս հարթման լերդին եւ յաղագս Պռոմիւթեայ.- Պռոմիւթևսս այս ասի, թէ գողացաւ զհուր յաստուածոցն և շնորհեաց մարդկան, և եթէ ի միս զոհիցն պատրեաց զԱրամազգ, և ի բարկութիւն շարժեաց զնա կրկին: Զսա կամեցեալ պատուհասել՝ եդ արծուի ուտել զլիարդ նորա. և ի գիշերի դարձեալ ողջանայր, և միւս անգամ արծուին սկսանէր ուտել ի վաղիւն, մինչև եկեալ Հերակղեայ՝ նետիւք խոցոտեաց զարծուին։ ԼԳ. էջ 77:

2. «Բարոյախօս:- Բիզանդիայում հորինված են և «Վեցօրեայք» կոչված երկերը, որոնց մեջ պատմվում է վեցօրյա արարչագործությունը՝ բնագիտական բացատրություններով ու տեղեկություններով բույսերի ու կենդանիների մասին։ Ամենահայտնին է Բարսեղ Կեսարացու «Վեցօրեայքը», որի հին թարգմանությունն ունենք։ Դա եղել է բնագիտական ծանոթությունների աղբյուր մեր հին մատենագիրների համար։

Հին ժամանակ հայերեն թարգմանված է այս նպատակով և մի «բնագիտական» գիրք, որ կոչվում է «Բարոյախօս» (ֆիզիոլոգ) և ծագած է համարվում մեր թ. 2—3-րդ դարում՝ Ալեքսանդրիայում[1]: Դրա նյութը ժողովված է հին գրողներից, և հաճախ ֆանտաստիկ տեղեկություններ են գլխավորապես կենդանիների «բարոյքի», այսինքն բարքի, բնավորության մասին, լինին իրական, թե երևակայական։ Ամեն զրույցի վերջում դրված է նաև բարոյակրթական մեկնություն, որով առակի բնավորություն է ստանում զրույցը։ Այս գիրքը, ինչպես երևում է, ծանոթ է եղել հին հայ գրողներին դասական շրջանում։ Դա սիրված է եղել, ուստի և ձեռագիրների մեջ, որ 15—16-րդ դարից են, մտած են կենդանիների մասին նոր զրույցներ։ Կան և այնպիսիները, որ երևան են գալիս կրկին և ավելի անգամ մշակված ձևերով, հաճախ միջին հայերեն լեզվով։ Բերենք այստեղ հետևյալները[2]։ Ուղղագրությունը պահված է ձեռագրինը։

Վասն առիւծու.— Բարուախաւսն ասէ զառիւծէ, որ ասէ՝ թագաւոր է ի վերայ ամենայն անասնոց. իմաստուն, հզաւր և կորովամիտ։ Երեք բնութիւն է առիւծուն։ Այս է, յորժամ յորս ելանէ և ճեմի, յանկարծակի առնու զհոտ որսորդաց և երկուցեալ փախչի, և ապա իմանա զգալն և զհետն ագովն խաղաղէ, զի մի՛ եկեալ զտանիցեն զնա, և երթեալ ամրանա յորջն: Եւ երկու բարք. յորժամ ննջէ, արթուն լինին աչքն՝ ի բաց և ի քուն։ Եւ երրորդ բնութիւն. յորժամ ծնանի մատակ առիւծն զկորիւն մեռեալ, նստի և մնա զաւուրս երիս, և յաւուրն երրորդի գա հայրն և փչէ ի վերայ մեռելին կորիւնացն և գոռա մինչև յարուցանէ զմեռեալ կորիւնսն: Առաջինն յաղագս մեղաւորացն, որ խաղաղեն և հաւասարեն զհետ մեղաց խոստովանութեամբ. յառաջ մատիք, զի մի՛ եկեսցէ որսորդն սատանա և գտանիցէ և սպանանիցէ։ Եւ մինն այլ զի մի՛ եկեալ գտանիցէ քնով դանդաղել և կորուսանել, այլ արթուն կալ հոգո ակամբք և պատրաստ յորսորդէն ի սատանաէ։ Իսկ մեք մեղաւորքս մեռեալ յաղագս նախահաւրն մեղաց և մեր զոր ծնաք ի հողո. ապա յաւուր երրորդի յարեաւ Քրիստոս ի մեռելոց կամաւ հաւր և զմեզ յարուց ընդ իւր. և ապրեցուսցէ արեամբն իւրովն ի սատանաէ և զիս:

  1. Н. Марр, Сборник притч Вардана, часть I, С. Петербург, 1899, էջ 397 և հտն. Ն. Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, Մասն Բ, բնագիր, Ս. Պետերբուրգ, 1894, նույնը, часть III, С. Петербург, 1894, Приложения. Յաւելուած Ե, Բարոյախաւս, էջ 129—175:
  2. Անդ, Բարոյախաւս, էջ 133, 144 և հտն., 145 և հտն.: